ԿարևորՔաղաքական

Արցախում հումանիտար հասանելիությունը չպետք է քաղաքականացվի, արդիական է մնում գերիների խնդիրը

Հայաստանի և Ռուսաստանի միջև զարգանում է ակտիվ քաղաքական երկխոսությունը, Հայաստանն ու Ռուսաստանը երկար ժամանակով ստուգված ռազմավարական գործընկերներ են․ հայտարարել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

2022թ-ին լրանում է ՀՀ-ՌԴ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը,  և Լավրովը շեշտել է, որ այս առիթով նախանշված երկկողմ միջոցառումները հերթական անգամ կընդգծեն երկու երկրների ռազմավարական, գործընկերային հարաբերությունները։ Երկու երկրների արտգործնախարարներն անդրադարձել են նաև ԼՂ-ի խնդրին, Ադրբեջանում պահվող գերիների, ինչպես նաև սահմանային անվտանգության և կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերին։ 

Մենք հավատարիմ ենք մեր դաշնակցի` Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման հանձնառությանը։ Այդ մասին խոսվել է նաև նախագահ Պուտինի հետ հանդիպումներում և պարբերաբար, իրականացվող մեր պաշտպանական գերատեսչությունների շփումներում։ Այստեղ ոչ մի կասկած չի կարող լինել` ՌԴ արտաքին գործերի նախարարն է հայտարարում Երևանում։ Իր հերթին Հայաստանը վերահաստատում է՝ ԼՂ հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց՝ ասում է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝  աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ Ասուլիսը հաջորդում է երկկողմ հանգամանալից քննարկմանը։

«Մենք բարձր ենք գնահատում պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ ՌԴ-ի ջանքերը, որոնցում խիստ արդիական է մնում ռազմագերիների վերադարձի հարցը։ Այդ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել հայ ռազմագերիների մի մասի հայրենադարձումը»։

Միևնույն ժամանակ՝ ռազմական գործողությունների դադարեցումից գրեթե կես տարի անց, Ադրբեջանը խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խաթարում է հակամարտության դրույթների իրականացումը և հրաժարվում վերադարձնել բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական կարգավիճակ ունեցող անձանց՝ հերթական անգամ շեշտում է Այվազյանը։

«Հայկական կողմը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միասնական դիրքորոշումը, որը ներկայացվեց ապրիլի 13-ի հայտարարությամբ՝ առ այն, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմ անը՝ կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա»։    

ԼՂ-ում, Հայաստանում, Ադրբեջանում լուծվում են շփման գծում սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը՝ ասաց ՌԴ արտգործնախարարը՝ արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության մասին լրագրողի հարցին և հորդորելով չքաղաքականացնել այն գործընթացները, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանք հաստատելուն։

«Պետք չէ հիմա գործընթացը քաղաքականացնել։ Այն բավականին բարդ է, քանի որ լուծվում են հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանային ապաշրջափակմանը, լուծվում են շփման գծում սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցեր: Դրանք գործնականում հասկանալի բաներ են, որոնք անհրաժեշտ է լուծել, որպեսզի տարածաշրջանը շնչի ազատորեն և սկսի ապրել խաղաղ կյանքով»։

Արձանագրել ենք ձեռք բերված առաջընթացն ու իրավիճակի կայունացումը, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ի հետագա աշխատանքները պետք ուղղված լինեն նախևառաջ վստահության մթնոլորտի ձևավորմանը՝ շեշտեց  Լավրովը։ Հումանիտար հասանելիության հարցը, ցավոք, շարունակաբար քաղաքականացվում է Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով ՄԱԿ-ի մեր գործընկերներին չի հաջողվում իրականացնել իրենց առաքելությունն Արցախում: Այս մասով Լավրովն արձագանքում է․

«Եռանախագահությունը պետք է գործնականում զբաղվի այն հարցերի լուծմամբ, որոնք ուղղակիորեն առնչվում են խաղաղ գործընթացներին»։  

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը չի թուլացնում իր ջանքերը նաև Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի, ականազերծման, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման, ինչպես նաև ԼՂ տարածքում միջազգային մասնագիտացված կառույցների վերագործարկման ուղղությամբ։ 

Տնտեսական կապերի ապաշրջափակման գործում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի՝ հունվարի 11-ին մոսկովյան հանդիպման և աշխատանքի հաջողությունը որոշիչ նշանակություն կունենա տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի կարգավորման համար։

 «Այս մեխանիզմը ենթադրում է համաձայնություններ, որոնք կարող են լինել բացառապես կամավոր, փոխշահավետ հիմքով, և որոնք ոչ մի դեպքում չեն պահանջում ոչինչ, բացի դիվանագիտական համաձայնություններից ևորոշումներից, որոնք թույլ կտան տնտեսական կապերն ամբողջությամբ ապաշրջափակել»։

Այդ աշխատանքների հաջողությունը բացառիկ վճռորոշ  նշանակություն կունենա տարածաշրջանում հետկոնֆլիկտային ժամանակահատվածում համագործակցության անհրաժեշտ պայմանների ստեղծման համար՝ համոզմունք հայտնեց ՌԴ արտգործնախարարը։  

Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին. հաջորդ տարի լրանում է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Նախատեսված են երկկողմ միջոցառումներ։ Դրանք հերթական անգամ կընդգծեն մեր երկրների ռազմավարական, գործընկերային հարաբերությունները՝ ձևակերպեց Ռուսաստանի գլխավոր դիվանագետը։ Ռուսաստանը մնում է Հայաստանի տնտեսական գործընկերն ու առաջատար ներդրողը՝ չնայած անցյալ տարվա ընթացքում ապրանքաշրջանառության որոշակի անկմանը։

Կողմերը հուսով են վերականգնել մեր տնտեսական կապերի աճի միտումը տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի արդյունքում, որը նախանշված է անցկացնել այս տարի՝ եզրափակեց Սերգեյ Լավրովը։ 

Արտգործնախարարները նաև միջկառավարական հուշագիր են ստորագրել՝ կենսաբանական անվտանգության ապահովման մասին։ Այս ասպարեզում Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր համագործակցությունը ՀԱՊԿ-ի և ԱՊՀ սահմաններում։

Ցուցադրել ավելի
Back to top button