ԿարևորՔաղաքական

Անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը՝ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով. Նիկոլ Փաշինյանը՝ Սերգեյ Լավրովին

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Դժվար պահին Ռուսաստանի Դաշնությունը մեզ օգնության ձեռք մեկնեց և օգնեց լուծել այն խնդիրները, որոնք առաջացել էին համավարակի և Ղարաբաղի դեմ ագրեսիայի հետևանքով: Ռուսաստանի Դաշնության ջանքերի շնորհիվ հաջողվեց կանգնեցնել պատերազմական գործողությունները և հասնել մեր տարածաշրջանում իրավիճակի լարվածության էական նվազեցման: Այսօր Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ամուր երաշխիք է հանդիսանում:

Հայաստանն այսուհետ ևս կշարունակի ձեռնարկել բոլոր միջոցները՝ ուղղված այն պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով:

Սակայն Ադրբեջանի գործողությունները բոլորովին էլ չեն նպաստում եռակողմ երկխոսության առաջընթացին: Բաքվի գործողությունները, որը մանիպուլացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, իրականացնում է հակահայկական վակխանալիա, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է հայտնում և հիմա էլ սկսել է ոչնչացնել հայ ժողովրդի մշակութային ու կրոնական ժառանգությունը, հակառակը, ուղղված են տարածաշրջանում իրավիճակի լարմանը և պայմանավորվածությունների տապալմանը:

Համանախագահների՝ ապրիլի 13-ի հայտարարության մեջ արտահայտված դիրքորոշումը համահունչ է այսօր առկա հիմնական խնդիրների առնչությամբ մեր դիրքորոշմանը: Այս առումով ցանկանում եմ ընդգծել մեր դիրքորոշումն առ այն, որ անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով, համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա»,– ասել է Փաշինյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button