Սփյուռքի ձայնը

Սփյուռքահայերն իրենց հետ նոր մշակույթ ու քաղաքակրթություն են բերում․ «Սփյուռքի ձայնը»

Ծնունդով Իրանից Նորվիգ Մագարյանը 10 տարի առաջ եկավ Հայաստան՝ մշտական բնակության: Նշում է, որ հայաստանցիների և սփյուռքահայերի տարբերություններն ու առանձնահատկությունները շատ էին տարիներ առաջ:

Նա համոզված է, որ Հայաստանում մշակութային նոր մթնոլորտի ձևավորման գործում սփյուռքահայերի դերը շատ մեծ է եղել: «Տարիներ առաջ, երբ մտնում էինք խանութ կամ սպասարկման որևէ ոլորտ, բախվում էինք անհանդուրժող ու կոպիտ վերաբերմունքի հետ: Շատ անգամ ենք փորձել շփման եզրեր գտնել հայաստանցիների հետ՝ բացատրելով, որ կոպտությամբ և բղավոցով հարցերը չեն լուծվում: Հայաստան տեղափոխված հայերի հետ պետք է ավելի հանգիստ ու բարյացակամ լինել»։- նշում է Նորվիգ Մագարյանը:

Այսօր նաև սփյուռքահայերի բերած քաղաքակրթության ու շփման մշակույթի շնորհիվ շատ բան է փոխվել մեր հասարակության մեջ, համոզված է Նորվիգ Մագարյանը:

Հայաստան տեղափոխության ժամանակ խնդիրներ շատ են եղել, ասում է իրանահայ հայրենադարձը: «Խարդախների շատ ենք հանդիպել: Կարծում էինք, որ հայը հային չի խաբում, սակայն մեր ճանապարհին խարդախների ու խաբեբաների շատ հանդիպեցինք»,- ժպիտով ու միաժամանակ նաև ցավով նշում է Նորվիգ Մագարյանը: Այս հարցում էլ առաջխաղացում կա, ասում է նա՝ խարդախությունը նվազել է, կամ իրենք են ավելի լավ ճանաչում շրջապատը։

Նորվիգ Մագարյանը Իրանում բիզնես է ունեցել, աշխատել է նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում, Հայաստան տեղափոխվելուց հետո փորձել է իր բիզնեսը վերսկսել Հայաստանում:

«Մի անգամ փորձեցինք՝ չստացվեց, երկրորդ անգամ էլ փորձեցինք՝ ունեցանք նույն արդյունքը: Որոշեցինք որևէ գործ չսկսել և միայն վայելել մեր հայրենիքը»,- ժպիտով նշում է նա:

Նորվիգ Մագարյանի ընտանիքը մեծ է, սակայն այսօր միայն փոքր դուստրն է Հայաստանում: Որդին և մյուս դուստրը այլ երկրներում են: Ասում է՝ պատճառը աշխատանքի բացակայությունն էր: «Երեխաներս շատ են սիրում Հայաստանը, սակայն աշխատանք չունենալու պատճառով տեղափոխվեցին այլ երկրներ»:

Հայերս հետաքրքիր ազգ ենք, համոզված է նա: «Մենք կարող ենք խնդիրների դեպքում՝ փողոցներ փակել, բողոքել և այլն: Մեր միակ խնդիրը՝ տնտեսության վատ վիճակն է: Պետք է նաև սփյուռքահայերը օգնեն Հայաստանին՝ ոտքի կանգնելու և հատկապես տնտեսությունը զարգացնելու համար: Մենք մեղավոր չենք, որ շրջապատված ենք վատ հարևաններով, մեր բոլոր անհաջողությունները այստեղից են սկսվում»,- համոզված է Նորվիգ Մագարյանը:

Back to top button