ԿարևորՀասարակություն

Երբ ԵՄ աջակցությամբ սիրելի զբաղմունքը վերածվել է բիզնեսի

Տարիներ շարունակ զբոսաշրջությամբ զբաղվող Արման Առաքելյանը Եվրոպական միության աջակցության շնորհիվ կարողացել է իր սիրելի զբաղմունքը վերածել բիզնեսի։ Ընկերների՝ «Լոռե» փրկարարական ջոկատի անդամների հետ համատեղ հիմնել է «Լոռե» ակտիվ հանգստի կենտրոնը։

«ԵՄ-ն 90%-ով աջակցել է «Լոռե»-ն հիմնելու գործում։ ԵՄ աջակցությամբ կենտրոնի հյուրատունը կահավորվել է, ձեռք են բերվել ջեռուցման համակարգ և GPS սարքավորումներ, իսկ պուրակում ստեղծվել է մագլցման պատ՝ որպես զբոսաշրջային նոր գրավչություն համայնքում»,- նշում է Արմանը։

«Լոռե» ակտիվ հանգստի կենտրոնը զբոսաշրջային ծառայություններ է առաջարկում Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում․ չքնաղ բնություն, կազդուրիչ օդ, հրաշալի վայր արկածային զբոսաշրջությամբ զբաղվելու համար։ Ոլորտում իր գիտելիքն ու հմտությունները զարգացնելու համար Արման Առաքելյանը մասնակցել է ԵՄ աջակցությամբ «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագրին։ Վերջինս իրականացրել է Ներդրումների աջակցման կենտրոնը (նախկին ՓՄՁ ԶԱԿ):

«Ծրագրի շրջանակում մասնակցել եմ նաև բիզնես դասընթացների, որոնք շատ օգտակար էին։ Շատ բան իմացա կառավարման, շուկայավարման, արտադրության պլանավորման և բիզնեսի ղեկավարման վերաբերյալ։ ԵՄ-ն մեզ օգնել է նաև արտաքին գովազդային պաստառներ, ցուցանակներ պատրաստելու և մեր կենտրոնը ավելի ճանաչելի դարձնելու գործում»,- նշում է Արմանը։

Ցուցադրել ավելի
Back to top button