ԿարևորՏնտեսական

Գներն արագ բարձրանում են, դանդաղ՝ իջնում․ ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հայաստանում գները շարունակում են տատանվել. պատասխանատուները վստահեցնում են, որ պատճառները համաշխարհային շուկայում են: Կենտրոնական բանկում վստահեցնում են՝ մեկ տարվա ընթացքում գնաճը կվերադառնա թիրախին։ Հենց այս նպատակով էլ ԿԲ խորհուրդը որոշել է 0.5 տոկոսով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը ու դարձնել 6.0%: Խորհրդի հերթական նիստը կայանալու է խորհրդարանական ընտրություններից հինգ օր առաջ: Գլխավոր դրամատանը վստահեցրել են՝ օրը քաղաքական զարգացումների հետ կապ չունի. իրենք տնտեսական զարգացումներին են հետևում:

Հայաստանում քաղաքացիներին տրվող վարկերի տոկոսները  կբարձրանան. Կենտրոնական բանկի նախագահի կանխատեսումն է։ Նախադրյալներն արդեն կան. ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6.0%: Մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ գլխավոր դրամատունը  վերաֆիանսավորման տոկոսադրույքը անփոփոխ թողնելու որոշում ուներ:։ Տոկոսադրույքը բարձրացնելու հիմքերը շատ են։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը թվարկում է.

«2021թվականի մարտին արձանագրվել է 1 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա 0.5 տոկոսի դիմաց։ 12–ամսյա գնաճը 5.8 տոկոս է կազմել։ 12–ամսյա գնաճը նույնպես արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6 տոկոս»։

Որ տոկոսադրույքի բարձրացումը վարկերի թանկացման էր բերելու՝ արձանագրում է նաև ԳՀՄՆ Գագիկ Մակարյանը։ Նա տարբեր պատճառներ է նշում. թիրախում գնաճն է՝ պայմանավորված արտաքին ու ներքին գործոններով՝ համավարակով, պատերազմով, տնտեսական քաղաքականությամբ.

«Երբ ԿԲ–ն բարձրացնում է տոկոսադրույքը, դա նշանակում է, որ վարկերը արհեստականորեն թանկացնում են։ Սա էլ իր հերթին վարկերի տրամադրման սահմանափակումներ է ենթադրում»։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ ԿԲ–ն  իր խնդիրն է լուծում՝ զսպում է գնաճը. արձանագրումը Ամբերդ կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանինն է։ Նրա դիտարկմամբ, մինչև տարեվերջ՝ գնաճը կվերադառնա իր թիրախին.

«21–րդ դարում, գյուղատնտեսական արտադրության այս պայմաններում, ինովացիաների զարգացման պայմաններում պարենամթերքը չի կարող երկար ժամանակ բարձր գին ունենալ»։

Գնաճ կա, սակայն՝ կարճաժամկետ։ ԿԲ–ում նույնպես  վստահեցնում են՝ մեկ տարվա ընթացքում    գնաճը  կվերադառնա իր թիրախին՝ 4+-1–ին: Մինչ այդ ամեն օր բարձրանում են առաջին անհրաժեշտության ապրանքերի գները ՝ մոտ  60 տոկոսով թանկացել է բուսական յուղը, 40 տոկոսով՝ շաքարավազը։ Գլխավոր դրամատան նախագահն  արձանագրում է՝ Հայաստանը փոքր  երկիր է, ուստի միջազգային շուկաներում արձանագրված գնաճը ներմուծվում է դրսից։ Մարտին Գալստյանն էլ է ասում՝ գները արագ բարձրանում են, դանդաղ՝ իջնում։

 «Կենտրոնական բանկի գնահատումների համաձայն, հասարակության մոտ  ավելացել են գնաճի ապագա ընթացքի հետ կապված անորոշությունները, որոշակիորեն նաև գնաճային սպասումները։ Արդյունքում խորհրդի գնահատմամբ  ներքին տնտեսությունից ևս որոշակի գնաճային ազդեցություններ են դրսևորվում»։

Կենտրոնական բանկի վերջին կանխատեսման համեմատ տնտեսությունն ավելի դրական զարգացման միտումներ է ցուցաբերում,- ասում է Մարտին Գալստյանը: Մի բան ակնհայտ է՝ նախորդ կանխատեսումների համեմատ՝ տնտեսության զարգացման միտումներն ավելի նկատելի են:  ԿԲ-ն վերանայել և նվազեցրել է 2021-ի համար տնտեսական աճի՝ ավելի վաղ կանխատեսած ցուցանիշը՝ նախկին 2 տոկոսի փոխարեն կանխատեսելով 1.4 տոկոս: Նոր կանխատեսումներից Կենտրոնական բանկը ձեռնպահ է մնում։

Back to top button