ԿարևորՀասարակություն

Նախագիծ, որը կարող էր փոխել զորահավաքի պատկերը

Նախկինում բանակից խուսափելու և չծառայելու պատճառով հարուցված քրեական հետապնդումը կասեցնելն արժենում էր մոտավորապես 3 միլիոն 600 հազար դրամ: Յուրաքանչյուր խուսափած զորակոչի, այսպես ասենք, «արժեքը» 200 հազար դրամ էր։ Կարգը գործում էր 2004 թվականից՝ ամեն տարի օրենքի ժամկետի երկարաձգմամբ։ 2020-ին օրենքի գործողության ժամկետը չերկարաձգվեց։

Իսկ արդեն 2021-ին՝ պատերազմից հետո, կառավարությունը հայտարարեց, որ որոշել է արմատապես լուծել բանակում ծառայությունից խուսափածների խնդիրը և համաներում հայտարարել։ Կառավարության նիստում վարչապետը հայտարարել էր՝ գործադիրը քաղաք ական որոշում է կայացրել։
Նախագիծն այսօր քննարկվել է Ազգային ժողովում։

Զինծառայությունից խուսափածների համաներումը Հայաստանում կարող էր հայտարարվել ավելի շուտ՝ Արցախյան երկրորդ պատերազմից առաջ։ Հաշվարկներ չկան, թե ինչ ազդեցություն այն կարող էր ունենալ պատերազմական օրերին, բայց փաստ է, որ այսօր 5433 անձ հետախուզման մեջ է, ևս 140–ի քրեական գործերն էլ քննության փուլում են։

Նախատեսվող համաներումը տարածվելու է հենց այս շրջանակի վրա։
«Արտերկրում գտնվող բազմաթիվ հայ երիտասարդներ պատերազմի ընթացքում չկարողացան վերադառնալ հայրենիք և իրենց աջակցությունը ցուցաբերել պետությանը»։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքն է։ Նախագծի անհրաժեշտությունը կառավարությունը հասկացավ պատերազմի օրերին և դրանից հետո, իսկ մինչև պատերազմը նման նախագիծ խորհրդարանում քննարկվել ու մերժվել է նույն Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովի կողմից։ Սա արդեն հիշեցնում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Անի Սամսոնյանը։



Անի Սամսոնյան. «Սա վաղուց սպասված նախագիծ էր, «Լուսավոր Հայաստան»–ն այն ներկայացրել էր ավելի վաղ և շեշտադրել էր, թե ինչու է կարևոր համաներում հայտարարել մեր հայրենակիցների նկատմամբ։ Ես կարծում եմ՝ բազմաթիվ մեր հայրենակիցներ հնարավորություն կունենային ավելի վաղ վերադառնալ Հայաստան, նաև այս տարիների ընթացքում իրենց կուտակած պարտքի զգացումը գուցե վերադարձնեին հայրենիքին և իրենց պետությանը»։

Անդրանիկ Քոչարյան . «Ուզում եմ հաստատել, որ «Լուսավոր Հայաստան»–ը մինչև պատերազմն այսպիսի նախաձեռնություն ունեցել է, և հանձնաժողովը մերժել է։ Այն ժամանակ արդարացված էր այդ մերժումը»։
Զինծառայությունից խուսափելու համար հարուցված քրեական գործերը նախկինում կասեցվում էին որոշակի գումարի դիմաց։ Օրենքով սահմանված կարգավորմամբ, որը գործում էր 2004 թվականից, բաց թողնված յուրաքանչյուր զորակոչի համար վճարվում էր 200 հազար դրամ: Եթե անձը մինչև 27 տարին լրանալը խուսափել էր բոլոր զորակոչերից՝ 9 տարի, տարեկան 2 անգամ, ապա ողջ գումարը կազմում էր 3 միլիոն 600 հազար դրամ:

Այս կարգը գործեց մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31–ը։ Դրանից հետո օրենքի գործողության ժամկետը չերկարաձգվեց, իսկ 2020–ին մերժվեց «Լուսավոր Հայաստան»–ի համանման լուծում առաջարկող նախագիծը։ Համաներման որոշումը կառավարությունը ներկայացվում է որպես մարդասիրական քայլ՝ հետպատերազմական շրջանում պետության և վերակառուցվող զինված ուժերի վերականգնմանը նպաստող։ Համաներումը կվերաբերի 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած և դրա համար Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց:

Կա բացառություն, որն առնչվում է պատերազմից խուսափածներին՝ զգուշացնում է արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը․ «Սույն համաներումը չի կիրառվելու զորահավաքային զորակոչի, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27–ին հայտարարված հավաքային զորակոչից, ինչպես նաև վարժական հավաքից խուսափած անձանց նկատմամբ»։

Զինծառայությունից խուսափողներին համաներելու որոշման մեջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը անհանգստացնող ազդակ է տեսնում։

«Մենք ի՞նչ ուղերձ ենք հղում մեր հասարակությանը, մեր օրինապահ քաղաքացիներին։ Եթե նույնիսկ մեկ քաղաքացի էլ, մեկ հայ էլ վերադառնա այս օրինագծի պատճառով, դա ես կարևորում եմ, իսկ ի՞նչ լուծում ունեք այն հարցի հետ կապված, որ այսօրվա 13–15 տարեկան տղաները կարող են հեռանալ Հայաստանից ծառայությունից խուսափելու համար, և մի քանի տարի հետո՝ 10–15 տարի հետո կգա ուրիշ իշխանություն, այն ժամանակ նորից կընդունի այսպիսի մի օրենք և իրենք կօգտվեն այդ օրենքի կիրակումից»։

Պաշտպանական ոլորտի ներկայացուցիչները՝ գործադիրից փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը, օրենսդիրից՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, այս հարցերի պատասխաններն ունեն․

Արմեն Հովհաննիսյան. «Համաներման կիրառման հիմքում հետպատերազմյան հետևանքների հնարավորինս մեղմելն է»։

Անդրանիկ Քոչարյան . «Հիմա սրանով մենք կավարտենք այս փուլը և դրանից հետո կանցնենք այն խնդրի լուծմանը, որով իրական խոչընդոտներ կստեղծենք արու զավակներին Հայաստանից հանելու ծնողների ցանկություններին»։

Անդրանիկ Քոչարյանը բացահայտեց ծրագրերից մեկը, համաձայն որի՝ նախատեսվող խստացումներով հաշվի են առնվում նաև այն դեպքերը, երբ մարդիկ չեն կարող վերադառնալ Հայաստան։

«Այդ խստացումների մեջ կան նաև առաջարկներ, որտեղ հաշվի է առնվում, որ կան մարդիկ, որոնք չեն կարող գալ Հայաստան։ Այդ դեպքում նաև իրենց ֆինանսական հնարավորությունները պետք է ներդնեն մեր հայտարարված պրոֆեսիոնալ բանակի կառույցների ձևավորման խնդրի շրջանակներում»։

Սա ընդամենը հետագա ծրագրերին վերաբերող մոտեցում է՝ առանց մանրամասների։ Ինչ վերաբերում է հայտարարվելիք համաներմանը, ապա այն կկիրառվի, եթե անձը կամովին ներկայանա քրեական հետապնդման մարմիններ կամ դատարան՝ կախված նրանից, թե գործը որ ատյանում է։ Դրանից հետո ընթացակարգային լուծումներով նա կազատվի քրեական հետապնդումից։

Առանձին կարգավորումներ նախատեսված չեն արտերկրից ժամանողների և զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվողների համար։ Ժամանելուն պես նրանց օդանավակայնում հնարավոր է ձերբակալեն, բայց արդարադատության փոխնախարարի վստահեցմամբ՝ նույն կարգավորումները վերաբերելու են նաև նրանց։

Ցուցադրել ավելի
Back to top button