ԿարևորՄշակույթ

Թղթե դուդուկից՝ միջազգային մրցույթի եզրափակիչ․ մրցել են նաև աղջիկները

«Դուդուկ մեն» միջազգային մրցույթն ունեցել է մասնակիցներ նաև արտերկրից: Մրցույթի հեղինակ-կազմակերպիչը Կոնսերվատորիայի դասախոս Էմանուել Հովհաննիսյանն է:  «Ռադիոլուր»-ին պատմում է, որ մրցույթի գաղափարը վաղուց ուներ, բայց գործնական քայլերի անցել է, երբ թշնամին տարածել է Ղազանչեցոց սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կադրեր, եկեղեցու ներսում՝ դուդուկահար.

«Ես նկատում էի զարգացումը, աշխուժությունը մասնակիցների, թե ինչպես են փորձում փուլերը հաղթահարել, և մրցույթը դուդուկահարների տոնի վերածվեց։ Մենք նաև մասնակիցներ ունեինք արտերկրից, մոտ 20: Նրանցից 7-ն էին հայեր, մյուսները բելգիացի, ֆրանսիացի ու ռուս էին, բոլորն էլ՝ հայ վարպետների աշակերտներ»,-ասում է Էմանուել Հովհաննիսյանը։

Ժյուրիի անդամների շարքում է ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Սեյրանյանը։ Ասում է՝ ընտրություն կատարել դժվար է, երիտասարդները բոլորն էլ լավ են նվագում։ Տարիքային 3 խմբում է մրցույթն անցկացվել՝ մինչև 14, 15-18 և 19-23: Սիրված երաժիշտը «լավ դուդուկահար»-ի իր բանաձևն ունի.

«Լավ դուդուկահարը նա է, որը հոգին և տեխնիկան միավորում է, սկսում էմտածել դուդուկի նման»,-ասում է Կամո Սեյարնյանը։

Հայաստանում ազգային նվագարաններով հետաքրքրվող երիտասարդների թիվը մեծ է։ Ժյուրիի անդամ, ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանն ասում է, որ համավարակի ու հետպատերազմյան այս օրերին մրցույթն անհրաժեշտություն էր ու ևս մեկ հնարավորություն՝ ներկայացնելու մեր ազգային երաժշտությունը և  այն պրոպագանդող երիտասարդներին.

«Դուդուկով հետաքրքրվողների թիվը բավականին մեծ է կոնսերվատորիայում, և նրանց շարքերում ոչ միայն հայեր են այլ նաև օտարազգի տղաներ, աղջիկներ, որոնք սիրով են սովորում»,-ասում է Դաբաղյանը։

Կար ժամանակ, երբ դուդուկը համարվում էր բացառապես տղամարդուն վայել երաժշտական գործիք, մինչդեռ փորձասրահում քիչ չէին նաև դուդուկ նվագող աղջիկները: Մինչև եզրափակիչ համերգը՝ ժյուրիի անդամների քննարկման թեման հենց դուդուկահարուհիներն են: Դուդուկ նվագելը ֆիզիկական պատրաստավածություն, ճիշտ շնչառություն, իսկ անցյալում նաև համարձակություն էր պահանջում, — ասում է Էմանուել Հովհաննիսյանը.

«Առաջ դուդուկով գումար աշխատում էին միայն հարսանիք ու թաղում նվագելով, կենցաղային երաժշտական գործիք էր համարվում, ու չէին պատկերացնում, որ աղջիկը դուդուկով կարող է գնալ ու թաղում կամ հարսանիք նվագել, իսկ հիմա հնարավորությունները շատ են, համերգներ են կազմակերպվում, և դա լրացուցիչ հնարավորություն է»,-ասում է Հովհաննիսյանը։

Համերգի ավարտին մասնակիցներ գոհ էին իրենց ելույթից: Գոհ էր ժուրին թե ոչ՝ հայտնի կդառնա մայիսի 9-ին, երբ հայտարարվեն հաղթողների անունները:

Ցուցադրել ավելի
Back to top button