ԿարևորՀասարակություն

Զինհաշմանդամներն աշխատանքում առավելություններ կունենան․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում

Աշխատողը աշխատանքից կհեռացվի ոչ թե մեկ, այլ երեք օր անհարգելի բացակայելու դեպքում, փոխարենը աշխատանքից ազատվելու համար բավարար կլինի մեկ խիստ նկատողությունը․ գործող  կարգավորումներով 3 խիստ նկատողությունն է ազատման հիմք։  Աշխատանքային օրենսգրքում այս և մի շարք այլ  փոփոխությունները մշակել և հանրային քննարկման է  ներկայացրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Փոփոխությունները կարելի է բաժանել 3 մասի՝ փոփոխություններ, որոնք բխում են հենց կիրառությունից, փոփոխություններ, որոնք բխում են միջազգային պարտավորություններին համապատասխանելու պահանջից,  և փոփոխություններ, որոնք բխում են պատերազմական իրավիճակից»,– մանրամասնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

Նախագծի ընդունման դեպքում հաստիքները կրճատելիս գործատուն պարտավորված կլինի  նախապատվությունը տալ զինհաշմանդամներին կամ ընտանիքում առաջին կարգի հաշմանդամություն ունեցող աշխատակիցներին։ Նախարարությունում շեշտում են՝ այս կարգավորումը նոր է, նախկինում երբեք չի գործել։

«Գործող կարգավորումների համաձայն՝ եթե աշխատողը 120 օր անընդմեջ չի ներկայացել աշխատանքի՝ գտնվելով անաշխատունակության մեջ, գործատուն կարող է իր նախաձեռնությամբ լուծել պայմանագիրը։ Մենք առաջարկում ենք 120 օրը դարձնել 120 աշխատանքային օր, որովհետև, օրինակ, հաշմանդամության կարգ ձեռք բերելը հաճախ 6 ամիս  է տևում, իսկ 120 աշխատանքային օրը մոտ է այդ 6 ամիս ժամկետին»,– ասում է Ժորա Սարգսյանը։

Առաջարկվող փոփոխություններով աշխատանքային պայմանագրում հստակ կնշվեն աշխատանքային օրվա սկիզբը ավարտը, աշխատաժամանակը, կսահմանվի նաև «աշխատանքի վայր» հասկացությունը։

«Օրինակ՝ ինչպես է կարգավորվում աշխատանքի վայր հասկացությունը , եթե օրինակ աշխատանքը դաշտային է կամ աշխատողը առաքիչ է։ Նրանք հստակ աշխատանքի վայր չունեն, և մենք առաջարկում ենք,  որ հստակ սահմանվի, թե ինչ է աշխատանքի վայրը»։

Գործող կարգավորումներով հերթափոխով աշխատանքի տևողությունը 24 ժամ է, առաջարկվում է դարձնել 12 ժամ։ Իսկ հանգստյան օրերին աշխատելու համար գործատուն պարտավոր կլինի աշխատողին տրամադրել հանգստի  լրացուցիչ ժամանակ, որն առնվազն 50 տոկոսով ավելին կլինի հանգստյան օրը աշխատած  ժամանակից։

«Գործող կարգավորումների համաձայն՝ ՀՀ–ում կա նվազագույն աշխատավարձի սահմանված մեկ չափ։ Նախագծով առաջարկում ենք, որ հնարավոր լինի որոշակի ոլորտների համար սահմանել նվազագույն աշխատավարձի այլ չափ, որը կարող է տարբերվել ՀՀ–ում գործող միջին ամսական աշխատավարձից»,– ասում է նախարարության ներկայացուցիչը։

Փոփոխություններ են նախատեսվում նաև ամենամյա արձակուրդի տրամադրման կարգում։ Աշխատողը իր դիմումի համաձայն ամենամյա արձակուրդը կարող է տեղափոխել 18 ամիս։ Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն ասում է՝ հաճախ է պատահում, երբ գործատուն այդպես էլ չի տրամադրում արձակուրդը կամ աշխատողներն իրենք  չեն օգտվում արձակուրդի իրավունքից։

«Եթե 2.5 տարին լրացել է, և դրանից հետո աշխատողը դիմում չի ներկայացրել ամենամյա արձակուրդ գնալու համար, գործատուն կարող է առանց աշխատողի դիմումի իրացնել ամենամյա արձակուրդի իրավունքը, այսինքն՝ առանց դիմումի տրամադրել այդ արձակուրդը, իսկ եթե այդ գործընթացն էլ տեղի չի ունենում գործատուի համար տույժեր են սահմանվում՝ միջին օրական աշխատավարձի 0.15 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի,  քան աշխատավարձի չափն է»,– մանրամասնում է Ժորա Սարգսյանը։

Գործող կարգավորումների համաձայն՝ աշխատանքային հարաբերությունների մեջ կարող են լինել նաև մինչև 14 տարեկան երեխաները, փոփոխություններով 14 տարեկանից հետո միայն երեխաները կկարողանան համարվել աշխատողներ։ Փոփոխություններ են նախատեսվում նաև երեխա ունեցող և կրծքով կերակրող մայրերի աշխատանքային իրավունքներում ու պարտականություններում։

«Գործող կարգավորումները թույլ են տալիս կրծքով կերակրող կնոջը յուրաքանչյուր կես ժամը մեկ ունենալ կես ժամ ընդմիջում՝ երեխային կերակրելու համար, խնդիրը հենց այդ կես ժամի հետ է կապված։ Մենք առաջարկում ենք, որ եթե աշխատողը ցանկանում է, կարող է այդ 3 անգամ կես ժամերը միավորել և դարձնել մեկանգամյա 1.5 ժամով ընդմիջում»,– պարզաբանում է Սարգսյանը։

Սոցապ նախարարության նախաձեռնած փոփոխությունները հնարավորություն կտան նաև աշխատողներին սեփական իրավունքները պաշտպանելու համար գործադուլ անել, եթե այդ քայլին համաձայն է աշխատողների ոչ թե գործող 70, այլ միայն 50 տոկոսը։

Ցուցադրել ավելի
Back to top button