Երկրորդ ճակատ

Գա՛զ տուր, Գարիկ, գա՛զ տուր. ամենաշատ հնչած արտահայտությունն իմ մեքենայում․ «Երկրորդ ճակատ»

Պատերազմի ընթացքում շտապօգնության վարորդ Գարեգին Սարգսյանը ամբողջ ընթացքում եղել է Արցախում, որն ամբողջությամբ առաջնագիծ է անվանում: Գարեգինի մեքենայում ամենից շատ հնչած արտահայտությունն էր՝ Գարի՛կ, գա՛զ տուր:

Գիշերն առանց լույսի, զարտուղի ճանապարհներով մեքենա վարելը չարյաց փոքրագույնն էր նրա համար, քանի որ առավել կարևոր էր այն զինվորի կյանքը, որն այդ պահին իր մեքենայի արագությունից էր կախված:

Մի դեպք է հիշում, երբ իրեն հանձնարարել էին մի զինվորի դի տանել, որն իբրև թե ադրբեջանցի էր: Գարեգինն անդադար կռիվ էր տվել ինքն իր հետ՝ իսկ եթե հա՞յ է, հետո պարզել էր, որ իսկապես հայ է, նեղսրտել էր, որ դժկամությամբ էր տարել: Եռաբլուրում այդ զինվորի գերեզմանին այցից հետո էր միայն փոքր-ինչ հանգստացել:

Ծանր պատմություններից չի սիրում խոսել, բայց կա մեկը, որ չի ջնջվում մտքից, երբ մահացած զինվորի հեռախոսն անդադար զանգում էր ու առաջին անգամ իր կյանքում նա այնքան թույլ էր ու անզոր, որ չգիտեր ինչ պատասխանել տղայի մորը:

Գարեգինն իրեն խոսք էր տվել՝ ոչ մի զինվոր, ոչ մի պարագայում իր մեքենայի մեջ չի մահանալու, բոլորին տեղ է հասցնելու: Գարեգինը խոստումը պահել է ու իր շտապօգնության մեքենա մտած բոլոր վիրավոր զինվորներին փրկել է:

Ցուցադրել ավելի
Back to top button