ԿարևորՀասարակություն

Անվտանգ կյանք՝ Արցախում, կամ բնակարան՝ Հայաստանում․ քաշաթաղցիները դարձյալ կառավարության շենքի դիմաց էին

Պաշտոնական տվյալներով՝ այսօր  Հայաստանում ապրում է Արցախից տեղահանված շուրջ 6300 ընտանիք։  Առաջանահերթ լուծում է պահանջում նրանց բնակարանով ապահովելու խնդիրը: Արցախի աշխատանքի, սոցիալական ու միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի տեղեկացմամբ՝ երեք տարի է պետք նորից Արցախ վերադարձողների բնակարանային խնդիրը լուծելու համար: Տեղահանված բնակավայրերի բնակիչները, սակայն, բնակարան ու անվտանգության երաշխիք են պահանջում այսօր։ Քաշաթաղցիներն այսօր առավոտից կառավարության շենքի մոտ էին։ Նրանց խոստացել են, որ մինչև մայիսի վերջ բնակարանային հարցը կարգավորող նախագիծը պատրաստ կլինի։ 

Երաշխավորել անվտանգ կյանք Արցախում և  ապահովել բնակարաններով.այս պահանջով էին Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանվածները հավաքվել կառավարության դիմաց: Սա նրանք առաջին բողոքի ակցիան չէ։

Քաշաթաղի Դրախտաձոր գյուղ՝ զրուցակիցս՝ Ջամուլյան Արմենուհին, բնակության էր մեկնել 15 տարի առաջ: Պատերազմից հետո դատարկաձեռն վերադարձել է Երևան: Դրախտաձորի դպրոցում դասվար է աշխատել։ Գիտեր՝ ազատագրված տարածքներում մանկավարժի կարիք ունեն։ Քաշաթաղցիները այսօր Հայաստանի տարբեր մարզերում են՝ Արմավիր, Արարատ, Երևան: Հակոբ Պողոսյանն ասում է.

«Մեր համայնքն ուներ 24 տնտեսություն, այսօր Հայաստանում 23 ընտանիք կա մեզանից: Սկսել ենք գույքագրում անել, հաշվառում ենք այն ամենը, ինչը թողել ենք այնտեղ։ Աշխատանքը կավարտենք ու կներկայացնենք Արցախի կառավարությանը»։

Եթե Արցախում անվտանգ լինի, քաշաթաղցիների մեծ մասը կվերադառնա տուն,-վստահեցնում է Արտավազդ Խանդոյանը: Նա էլ ժամանակին Գյումրիից է գնացել Արցախ, ապրում էր Քաշաթաղի Կումայրի գյուղում:

«Ես իմ հինգ սենյականոց բնակարանը վաճառել եմ, գնացել  ու վերաբնակեցվել եմ Քաշաթաղում։ Այսօր մեզ համար առաջնահերթ է բնակարանի խնդիրը։ Մեր տարիների աշխատանքը  դրեցինք, գյուղ սարքեցինք։ Ամեն ինչը թողեցինք այնտեղ ու անկազմակերպ վերադարձանք»։

Ակցիայի մասնակիցներից մի քանիսը մոտ  մեկ ժամ անցկացրին կառավարության շենքում: Հրավիրել էին հանդիպման: Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանը «Ռադիոլուր»–ին փոխանցեց՝ հանդիպել են փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի ու Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ։ Վստահեցրել են՝ մինչև մայիսի վերջ բնակարանային ապահովման նախագիծը պատրաստ կլինի.

«Մեզ հավաստիացրեցին, որ մինչև մայիսի վերջ նախագիծը պատրաստ կլինի։ Ամենայն հավանականությամբ, բնակարանների վկայագրեր կտրամադրեն, որպեսզի բնակիչները, ըստ իրենց ցանկության, բնակարաններ ձեռք բերեն։ Այս պահին մեզ բավարարում է այս պատասխանը»։

Ակցիայի ոչ բոլոր մասնակիցներն էին գոհ այս որոշումից։ Անահիտ Աղաբեկյանը Քաշաթաղի շրջանի Քարեգա համայնքից է։ Պատասխանից դժգոհ է՝ նախկին փորձն աչքի առաջ ունենալով.

«Որովհետև գիտենք, որ մեզ նորից խաբելու են։ Մենք առաջին անգամ չենք այստեղ, էլի ենք եկել, ասել են, ո ր կաջակցեն, բայց ոչ մի բան էլ չեն արել»:

44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և փաստացի Հայաստանում կամ Արցախում գտնվող արցախիներից յուրաքանչյուրին կառավարությունը միանվագ 300 հազար դրամ է տրամադրում: Պարտադիր պայման է, որ քաղաքացին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի համայնքի հաշվառում ունենա։ Նաև, որ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, առնվազն վերջին 3 ամիսը, փաստացի բնակված լինի այդ համայնքում:

Պաշտոնական տվյալներով՝ այժմ   Հայաստանում շուրջ 6300 արցախցի ընտանիք է բնակվում՝  25 հազար քաղաքացի։  Հայաստանի Հանրապետությունում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի խոսքով՝  գերխնդիրը  արցախցիներին ժամանակավոր կացարաններով ապահովելն է:  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության՝ «Գործընկերություն հանուն Արցախի» քննարկմանը ներկա Արցախի աշխատանքի,սոցիալական ու միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի խոսքով՝այժմ Արցախում  լայն թափով բնակարանաշինություն է ընթանում.

«Այս պահին լայն թափով շինարարական աշխատանքներ են ընթանում։ Տարբեր նախագծեր կան այժմ։ Մենք սկսեցինք տեղահանվածներից դիմումների հավաքագրումը՝ պարզելու համար, թե ով որ շրջանում կցանկանա բնակվել։ Այդ տվյալները որպես ուղենիշ ենք ընդունում»։

Մինչ այժմ  1500 դիմում է ստացվել։  Արցախում խոստանում են՝ երեք տարում լուծելու են բոլոր տեղահանվածների բնակարանային խնդիրը:

Back to top button