ԿարևորՀասարակությունՔաղաքական

Քարոզարշավը չմեկնարկած՝ արդեն մեկնարկել է

Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, բայց դրա  մեկնարկը դե ֆակտո տրվել է հունիսի 20–ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հրապարակային հայտարարությունից հետո` կարծում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։  Նրա դիտարկմամբ՝ մարզային այցերը նախընտրական քարոզչության հիմնական մասն են։ Բայց իրավիճակն այս առումով միանշանակ չէ․ կուսակցությունների մարզային այցերը, մի կողմից,  նախընտրական են, մյուս կողմից՝ թե գործող վարչապետը, թե քաղական ուժերն ու թեկնածնուներն իրավունք ունեն մարզային այցեր կատարել։ Իրավական տեսանկյունից խախտում չկա՝ ասում է Բադալյանը։

«Հնարավոր չէ տարանջատել՝ այդ այցերը զուտ աշխատանքայի՞ն են, թե՞ ոչ։ Ի վերջո, վարչապետը կարող է ցանկացած ժամանակաշրջանում գնալ որևիցե համայնք, հանդիպել ընտրողների հետ, և դա արգելված չէ օրենքով։ Սակայն այս ընթացքում այդ այցերը չենք կարող տարանջատել նաև նախընտրական կամպանիայից։ Այնպես որ, կարող ենք ասել, այո, նախընտրական քարոզչությանը բնորոշ այցեր են և միաժամանակ կարող ենք ասել՝ ոչ, դրանք ընդամենը վարչապետի աշխատանքային այցեր են»,- նշում է Բադալյանը։

Սովորական, առանց զարմանքի․ հենց այսպիսին պետք է լինի հասարակության արձագանքը մարզային այցերին՝ ասում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Նրա խոսքով՝ դրանք կարող են և պետք է լինեն նաև ոչ նախընտրական ժամանակաշրջանում, սակայն Հայաստանում ձևավորվել է այնպիսի գիտակցություն, որ քաղաքական ուժերի ցանկացած ակտիվություն կապվում է նախընտրական գործընթացների հետ, մինչդեռ կուսակցությունները պարտավոր են անընդհատ լինել մարզերում։

«Դրանք ունեն երկակի բնույթ։ Մարզային այցերը նորմալ քաղաքական ուժի համար նորմալ, բնականոն գործունեության ընթացք են, բայց նախընտրական շրջանում այդ գործընթացը կիրառվում է նաև նախընտրական շրջանին բնորոշ դրսևորումներում, և չեք կարող ընդհանրապես չկապել նախընտրականի հետ, որովհետև աշխուժությունը նկատելի է։ Բայց ասել, որ օրենք են խախտում, չենք կարող, որովհետև օրենքով նախատեսված միջոցները որևէ քաղաքական ուժ չի կիրառում»,- ասում է Ղևոնդյանը։

Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ քաղաքական ուժերն արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու նշաններ սկսել են ցույց տվել դեռևս նոյեմբեր–դեկտեմբերից։ Շարժ կա, ասում է, բայց բացահայտ քարոզչություն քաղաքական ուժերից որևէ մեկը չի իրականացնում։

«Քաղաքական ուժերը, որոնք «սողացող» փիարի գործողություններ էին իրականացնում, հիմա ընդարձակել են իրենց գործողությունների դաշտը և փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել։ Սա նորմալ է, այդպես էլ պետք է լիներ։ Կարելի է ասել, որ քաղաքական ուժերը դեռևս դիրքավորման փուլում են, և դիրքավորմանը զուգահեռ փորձում են հնարավորինս մեծ քաղաքական դիվիդենտներ շահել»,- նշում է Ղևոնդյանը։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը տարօրինակ է համարում  կուսակցությունների ոչ թե ակտիվությունը, այլ որոշների պասիվությունը։ Արտահերթ ընտրությունների դեպքում քարոզարշավի տևողությունը փոքր է՝ ընդամենը 15 օր՝ հիշեցնում է քաղտեխնոլորգը։

«Այս պահին միայն «Բարգավաճ Հայաստանի» նախագահի այցերն են, որ դիտարկում ենք և ասում՝ փիար նշանակություն ունեցող այցեր են։Դա ոչ լավ է, ոչ էլ վատ, ուղղակի փաստ է։ Ուրիշները դա էլ չեն անում, ինչը շատ տարօրինակ է, որովհետև շատ քիչ ժամանակ է մնացել ընտրություններին, մոտ 50 օր։Այս ընթացքում կուսակցությունները և նրանց ղեկավարները պետք է տեխնոլոգիական տեսակետից ավելի հարուստ լինեին, բայց այդպես չէ»,- ասում է Բադալյանը։

Տեխնոլոգիաները կարևոր են, բայց առավել  կարևոր են թեկնածուների բովանդակային առաջարկները՝ ասում է Արմեն Բադալյանը։ Ըստ նրա՝ տեխնոլոգիաները կարող են օգնել, բայց առանց բովանդակության՝  չեն կարող հաղթանակ ապահովել։

Ցուցադրել ավելի
Back to top button