ԿարևորՔաղաքական

Փաշինյանի ռեկորդը և «պատերազմական» բացահայտումները․ վարչապետի «չընտրության» առաջին փուլը

Երկարատև բանակցություններից հետո շուրջ 1,5  ամիս առաջ  հանրապետության  նախագահի, վարչապետի և խորհրդարանական ուժերի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել հունիսի 20–ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ։ Որոշումը կայացվել էր 44-օրյա պատերազմին հաջորդած ներքաղաքական զարգացումների համատեքստում։

Բայց  խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների համար, ըստ գործող Սահմանադրության,  միայն  մեկ ճանապարհ կա՝ Ազգային ժողովը լուծարվում է, եթե 2 անգամ անընդմեջ չի կարողանում վարչապետ ընտրել։ Այսօր  տեղի է ունեցել գործընթացի առաջին փուլը կամ վարչապետի գիտակցված «չընտրության» առաջին փորձը։

1 կողմ, 75 ձեռնպահ, 3 դեմ ձայներով խորհրդարանն այսօր Նիկոլ Փաշինյանին չի ընտրել վարչապետ։ Ուշագրավ է, որ նույն պաշտոնում առաջադրվելու և  ընտրվել–չընտրվելու հարցում Փաշինյանը ռեկորդներ է սահմանում խորհրդարանական կառավարմամբ Հայաստանում։

Նիկոլ Փաշինյանի չգերազանցված ռեկորդն առնչվում է բացառապես վարչապետի պաշտոնին։ Այսօր նրա 6-րդ առաջադրումն էր այդ պաշտոնում, հաջորդ շաբաթ կլինի 7–րդը։ Առաջադրումներից 4-ի դեպքում նա չի ընտրվել, չի ընտրվելու նաև հաջորդ շաբաթ։

2 անգամ անընդմեջ վարչապետ չընտրելու պայմանը միակ իրավական ճանապարհն է խորհրդարանի լուծարմանը հասնելու և դրանից հետո խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար։ Այսպիսին են  գործող Սահմանադրության  կանոնները։ Խորհրդարանական ընդդիմությունն այսօր չխախտեց ձեռք բերված պայմանավորվածությունը։ Այլընտրանքային թեկնածուներ և անակնկալ զարգացումներ չգրանցվեցին։ Բայց խորհրդարանական մեծամասնությունը պատրաստ է նաև դրանց՝ զգուշացրեց Փաշինյանը։

«Այս ընթացքում շատ քննարկումներ, շահարկումներ են լինում, որ ինչ-որ մի պահի, ինչ-որ ուժեր փորձելու են երկրորդ փուլում այլ սցենար զարգացնել։ Եթե պայմանավորվածությունները խախտելու այդպիսի փորձեր լինեն, մենք ունենք պատրաստի լուծում։ Այդ դեպքում «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որոշել էր չմասնակցել, այսպես ասենք, «տեխնիկական» խնդիր լուծող հատուկ նիստին։ «Լուսավոր Հայաստան»-ի անդամները մասնակցում էին՝ առանց հարցերի և ելույթների։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միակ ասելիքն առնչվում էր հունիսի 20–ի արտահերթ ընտրությունների ընթացքին։ Հայտարարության տեքստ են մշակում և առաջարկելու են ստորագրել ընտրապայքարի մեջ մտնող բոլոր քաղաքական ուժերին։

 «Ուզում ենք կոչ անել միանալ այդ տեքստին և արձանագրել, որ քարոզարշավի ժամանակ ատելության խոսք քաղաքական միավորները չեն օգտագործելու,  բռնության որևէ դեպքի չեն բերելու։ Եվ ընդհանրապես, ցանկացած ձևակերպում, որը քարոզարշավի ժամանակ կարող է բռնության հանգեցնել, պետք է փորձենք  բացառել, որ կարողանանք առանց ցնցումների անցկացնել ընտրությունները և ձևավորել հաջորդ խորհրդարանը, որը պետք է Հայաստանը հանի այս վիճակից»։

Եթե խորհրդարանական ուժերը պահում են ձեռք բերված պայմանավորվածությունը, ապա նույնը չի կարելի ասել արտախորհրդարանական ուժերի մասին․այդ դաշտում մտահոգիչ և վտանգավոր միտումներ է նկատել անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

 «Բոլոր քաղաքական ուժերը փորձում են գործընթացը դեստրուկտիվ հարաբերություններով տանել լարման, ինչի  հետևանքով  մենք կունենանք հետագայում վիճարկելի ընտրություններ»։

Այսպիսի իրավիճակների համար Նիկոլ Փաշինյանն ունի ևս մեկ զգուշացում․

 «Իրենց թվում է, թե «власть меняется»: Իրենք սխալվում են, որովհետև ՀՀ–ում իշխանությունը չի կարող փոխվել, որովհետև իշխանությունը 2018 թվականից պատկանում է ժողովրդին։ Այսինքն ի՞նչ, ժողովուրդը իշխանություն չի՞ ունենալու Հայաստանում։ Բացառված է, մոռացեք դրա մասին, հանկարծ մտքներովդ էլ չանցնի»։

Վարչապետի թեկնածուի ծրագրային ելույթ և քննարկում այսօր չեղավ՝ հաշվի առնելով զուտ ընթացակարգային խնդիրների լուծումը։ Նիկոլ Փաշինյանը նախընտրեց խոսել համավարակի կանխման և պատվաստումների մասին, բայց անկախ պատգամավորներն իրենց հարցերով քննարկումը  տեղափոխեցին 44-օրյա պատերազմի դաշտ։ Հատկապես որ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին հարցազրույցում մեղադրանքի սլաքներն  ուղղել էր Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության ուղղությամբ։ Փաշինյանն օգտվեց ընձեռված հնարավորությունից․ 

 «Կանցնեն տարիներ,  կբացվի բանակցային գործընթացի փաստաթղթերի բովանդակությունը, և մենք կպարզենք, որ բանակցային բովանդակությունը փոխվել է, ծռվել է 2015 թվականի աշնանն ու  2016 թվականի ձմռանը։ Եթե Սերժ Սարգսյանը որոշել է, որ ինքը պետք է բացահայտումներ անի, թող բարի լինի պատմել մարդկանց 2015 թվականի աշնան և 2016 թվականի ձմռան իրադարձությունների մասին, որից հետո եկել է 2016 թվականի գարունը և եղել է ապրիլի 2։  Դա ապացուցող փաստաթղթեր կան»։

Փաշինյանը վկայակոչեց նաև  2018 թվականի ապրիլի 17-ին ԱԺ–ի ամբիոնից վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի խոսքերը՝ լավատեսություն չներշնչող բանակցությունների մասին։ Խոստացավ նոր բացահայտումներ՝ ի պատասխան նախկինների բացահայտումների։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածու կառաջադրվի նաև հաջորդ շաբաթվա ընթացքում, և ենթադրվում է, որ կրկին չի ընտրվի։ Դրանից հետո Հայաստանը պաշտոնապես կմտնի նախընտրական փուլ։

Ցուցադրել ավելի
Back to top button