ԿարևորՎերլուծական

Բաքուն Իսրայելին վճարում է պատերազմում օգնելու գինը․ այն դիրքավորվում է Իրանի հյուսիսում

44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Բաքուն բոլոր հարթակներն ու խոսափողները, բարեկամ-ծանոթ հարաբերություններն օգտագործում է Արցախից գրավված տարածքներում ներդրումներ ապահովելու համար։ Պատերազմից ավելի քան 6 ամիս անց դեռ ոչ մի երկիր տնտեսական գործունեության իրականացման ծրագիր չի ներկայացրել։

Ոչ պաշտոնական լուրերի համաձայն՝ ներդրումների կամ բիզնես ծրագրերի իրականացմամբ հետաքրքրված են Իտալիան, Չինաստանը, Բելառուսը, Իսրայելը և Թուրքիան։ Ո՞րն է այս երկրների հետաքրքրության շրջանակը, արդյո՞ք բիզնեսի ներքո տարածաշրջանում նոր իրողություններ են տեղի ունենում։

Պատերազմից ավելի քան 6 ամիս անց Արցախից գրավված տարածքներում թուրքական ընկերությունները ակտիվ ճանապարաշինարարական աշխատանքներ են իրականացնում։

Ըստ տարածաշրջանային փորձագետ Տարոն Հովհաննիսյանի՝ պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա, թե որ երկրներն են համաձայնել ներդրումներ կամ բիզնես ծրագրեր իրականցնել, բայց տարբեր տեղեկությունների համաձայն՝ չինական «Հուավեյ» ընկերությունն է ցանկություն հայտնել, Ալեքսանդր Լուկաշենկոն Բաքու կատարած այցի ժամանակ «լուռ» խոսել է գյուղատնտեսական գործունեություն ծավալելու մասին, արձագանքել են նաև Իտալիան և Իսրայելը։

«Ճանապարհների կառուցումը վաղուց իրականացնում են թուրքական ընկերությունները, օրինակ՝ Վարանդայից  Շուշի ճանապարհն են կառուցում։ Այլ հատվածներում ևս ներգրավված են և շատանալու են։ Ներդրումների մասով, բիզնես տրամաբանությունից ելնելով, հաշվի առնելով Արցախի օկուպացված տարածքների տնտեսական շահավետությունը բավականին շատ թուրքական ընկերություններ բիզնես ծրագրերի իրականցման մաս կկազմեն»,-ասում է Տարոն Հովհաննիսյան։ 

Տարածաշրջանային մյուս փորձագետ Կարեն Հովհաննիսյանը հավելում է, որ Ալիևներն ու Փաշևները փորձում են այդ տարածքները բիզնեսի առարկա դարձնել։  Նրանք այդ տարածքներում գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտում բավականին մեծ ներդրումային ծրագրեր ունեն, և ցանկություն չունեն, որ այդ տարածքում որևէ ադրբեջանցի գործարար կամ բնակչություն հայտնվի, որպեսզի այն բնակելի տարածք չդառնա: Օրինակ՝ Կովսականի՝ Զանգելանի տարածքում հսկայական հանքեր կան, և մտադիր են այդ հանքերը շահագործել առանց ավելորդ աչքերի ներկայության, որպեսզի բնապահպանական խնդիրներ չառաջացնեն:

«Մեկ-երկու ամիս առաջ մեկ ադրբեջանցի գործարար ցանկություն էր հայտնել Շուշիում տարածք գնել և տուն կառուցել, ինչին Ալիևի կլանը խիստ էր արձագանքել, թե իշխանութունները ցանկություն չունեն, որ որևէ մեկը այդ տարածքներում որևէ բան գնի և գործունեություն ծավալի»:

Այն, որ ադրբեջանական վերնախավի երեւացող և չերևացող կլանները միմյանց միջև են բաժանում Արցախի օկուպացված տարածքները՝ ըստ նշանակության, գրում են նաև սոցտիրույթում։ Ազդեցությամբ պայմանավորված՝ փորձում են բնական ռեսուրսներով, հանքերով հարուստ տարածքները իրար մեջ բաժանել․ «Ֆեոդալական պայքար՝ հայկական հողերի նկատմամբ»՝ գնահատում է Տարոն Հովհաննսիյանը։

Օլիգարխների  ազդեցության տարածմանը զուգահեռ՝ 44-օրյա պատերազմի ուղղակի եւ անուղղակի իր մասնակցության գինն է ուզում Իսրայելը։ Ըստ արաբագետ Արմեն Պետրոսյանի՝ հետպատերազմյան շրջանում իսրայելա–ադրբեջանական գործակցությունը նոր թափ է ստանում։

Բացի ռազմարդյունաբերական հարցերից՝ իսրայելական ընկերություններն ակտիվորեն ներգրավվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած շրջաններում ծրագրվող շինարարական աշխատանքներին։ Օրինակ՝ Կովսականի (Զանգելան) շրջանի Աղալը բնակավայրը որպես «խելացի գյուղ» վերակառուցելու աշխատանքներին ուղղակիորեն մասնակցում են նաև իսրայելական ընկերություններ, սրան հակառակ՝ մերժվում է իրանական ընկերությունների մասնակցությունը։ Ըստ Իրանի ինժեներական և տեխնիկական ծառայությունների արտահանման միության ղեկավար Բեհման Սալեհիի՝ չնայած ադրբեջանական կողմի բազմակի խոստումներին, «ցայժմ իրանական որևէ ընկերություն Ղարաբաղի վերակառուցմանը չի ներգրավվել»։

Ինչ կարժենա այդ գինը Բաքվի համար, արդյո՞ք մուսուլմանական աշխարհին դեմ չի գնում Բաքուն։

Մինչ Իսրայելը տնտեսական ներգրավվածության անվան ներքո ամրանում է Իրանի հյուսիսային սահմանին, այս փաստը սկսում է անհանգստացնել պաշտոնական Թեհրանին։ Ադրբեջանը մշտապես է իսրայելական ուժերի կողմից դիտվել որպես պլացդարմ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններ կիրառելու պարագայում։ Մեկ այլ կարևոր հանգամանքի մասին է խոսում նաև արաբագետ Արմեն Պետրոսյանը։ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում՝ ԻԻՀ հետ սահմանին, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության նոր բացված զորամասում տեղակայվել են նաև իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ, ինչից կարելի է ենթադրել նաև շրջանում իսրայելական ռազմական ներկայության մասին։

«Այս հանգամանքը հատկապես ուշագրավ է Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ ակնկալվող Վաշինգտոն-Թեհրան համաձայնության ֆոնին Իրանի միջուկային օբյեկտների դեմ Իսրայելի կողմից պարբերաբար հայտարարվող ինքնուրույն գործողությունների համատեքստում»,-ասում է։

Թուրքական և իսրայելական ներկայացվածությունը Իրանի հյուսիսում խնդիր է Թեհրանի համար։ Նման դիտարկում  է անում նաև տարածաշրջանային փորձագետ Տարոն Հովհաննսիյանը։ Վերլուծաբանը, վերլուծելով Արցախի օկուպացված տարածքներում Բաքվի տնտեսական քաղաքականությունը, զուգահեռ նաև անդրադառնում է բնակեցմանը․ «Ալիևը ներդրել է բոլոր ուժերը նաև նախկին ԼՂԻՄ շրջաներում բնակեցում կազմակերպելու համար»։

Այն բնակավայրերում, օրինակ՝ Հադրութում, հարակից գյուղերում որտեղ երբևէ գեթ մեկ ադրեբեջանցի չի բնակվել այսօր խրախուսական միջոցառումների միջոցով բնակեցման քայլեր են իրականացվում։ «Հայկական հետքը ջնջելու և մեր տարածքների նկատմամբ հայկական վերահսկողությունը վերադարձնելը անհնարին դարձնելու համար»,-ասում է ադրբեջանագետը։

«Ինչո՞ւ են բնակեցնում։ Քանի որ փորձում են ամրագրել այդ տարածքների վերջնական իրենց կողմից զավթումը, որ կարող են անել միայն բնակեցման միջոցով։ Հետագայում կարող է շատ ավելի բարդացնել այդ տարածքները նորից հայերով բնակեցնելը կամ էլ Արցախին վերադարձնելը։  Կովսականի  փոխարեն բնակեցնում են Հադրութում կամ էլ Շուշիում, որովհետև կան պատրաստի և գործող ենթակառուցվածքներ, ականազերծման խնդիր էլ որպես այդպիսին չկա, և կարող են ծառայել ադրբեջանցիներին»։

Նախկին ԼՂԻՄ տարածքներից դուրս բնակավայրերի նախկին բնակիչների համար էլ Բաքուն փորձում է կիրառել «պարտադրանքի» մեխանիզմ։ «Եթե չվերադառնանք Արցախի օկուպացված շրջաններ բնակվելու, ապա կզրկվեք պետական աջակցության ծարգրերից»,-հայտարարում են Բաքվի իշխանությունները, իսկ բնակիչները վախենում են․ հայկական կողմը մի օր ռևանշի գնալու է, իսկ իրենք կրկին ունեզրկվեն։ Այս համատեքստում քաղաքագետները զգուշացնում է Բաքվի քաղաքականության վտանգավոր այլ ռիսկերի մասին․ Իսրայելի մոտենալն Իրանին սպառնում է տարածաշրջանային նոր կայուն լարվածությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button