ԿարևորՀասարակություն

Տեսչական մարմին՝ դատարանի փոխարեն․ հուլիսի 1-ից ԱԱՏՄ-ն ավելի ամուր կպաշտպանի աշխատողին

Այս տարվա հուլիսի 1-ից Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ կունենա պետական վերահսկողական նոր, ընդլայնված լիազորություններ:

Փոփոխությունները թույլ կտան տեսչական մարմնին՝ զբաղվել աշխատանքային իրավունքի խախտումների ողջ «փնջով»

Մինչ օրս տեսչականի գործառույթները բավականին սահմանափակ են։ Ի՞նչ են խոստանում այս փոփոխությունները․ «Ռադիոլուրի» հետ զրույցում ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը պարզաբանում է՝ հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն տեսչականին վերապահված լիազորությունները՝ վերահսկողություն իրականացնելու բոլոր այն դեպքերում, երբ արդեն առկա է աշխատանքային իրավունքի խախտում, և աշխատողը դիմում է Տեսչական մարմնին։

Այս դեպքում Տեսչական մարմինը վարչարարություն է իրականացնում․ եթե արարքը տուգանքի ենթակա է,  գործատուն տուգանվում է, իսկ որ ավելի ուժեղ և ազդեցիկ գործիք է՝ գործատուին տրվում է կարգադրագիր (հանձնարարագիր)՝ վերացնելու խախտումը, օրինակ՝ վճարել չվճարված վերջնահաշվարկը, հավելավճարը, աշխատավարձը կամ ապահովել աշխատանքային անվտանգության նորմերը։

Քանի դեռ տեսչականի կարգավորիչ գործառույթները սուղ էին, աշխատանքային իրավունքը վերականգնելու հիմնական ճանապարհը դատարանն էր։

Տեսչականի նոր լիազորություններով լրացվում է այն բացը, երբ վարձու աշխատողն իր խախտված իրավունքի հարցով ստիպված էր անցնել երկար, ծանր դատական գործընթացներով։

«Այո, տարիներ ի վեր, աշխատանքի տեսչության լուծարումից հետո, այսօր գործող Տեսչական մարմնին առողջապահական ոլորտում վերահսկողությունից բացի՝ աշխատանքային իրավունքի մասով թողնված էին սուղ լիազորություններ՝ միայն աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման, երեխաների և հղիների աշխատանքային իրավունքի նկատմամբ։ Գործող կառավարությունը և օրենսդիրը ստանձնեցին այդ պատասխանատվությունը, և 2019թ-ի դեկտեմբերին օրենսդրական փոփոխությամբ Տեսչական մարմնին տրվեց աշխատանքային իրավունքի նկատմամբ համալիր վերահսկողության լիազորություն, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից»,-ասում է Ավագյանը եւ հիշեցնում, որ համավարակով պայմանավորված անօրինական ազատումների ու խախտումների համատեքստում դեռ 2020թ․ արտակարգ դրության ժամանակ Տեսչականին նոր լիազորություններ վերապահվեցին։ «Ծանրաբեռնվածությամբ հանդերձ՝ մենք հասցրինք հաստիքներն ավելացնել 60-ով, փոխել տեսուչների լիազորությունները և մեր կանոնադրությունը, և արդեն 2020 թ-ի հուլիսից սկսեցինք ընդունել աշխատանքային իրավունքին առնչվող բողոքներ»,-շեշտում է Հակոբ Ավագյանը։

2021թ-ի հուլիսի 1-ից ԱԱՏՄ-ն, բացի դիմում-բողոքներից, կկարողանա հնարավոր խախտումների դեպքում նաև սեփական նախաձեռնությամբ վարույթներ հարուցել

«Այս ընթացքում պետք է հասցնենք աշխատանքային իրավունքի ռիսկերի գնահատման մեթոդաբանություն փոփոխել։ Ըստ այդմ՝ առավել ռիսկային գնահատված տնտեսավարողները կհայտնվեն Տեսչականի հաջորդ տարվա տարեկան ստուգումների պլանում։ Հույս ունեմ, որ մինչ այդ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի հետ կհասցնենք մշակել և կառավարության հաստատմանը ներկայացնել նաև այս խմբի ստուգումների ստուգաթերթերը։ Զուգահեռ՝ սկսել ենք զբաղվել կադրերի համալրմամբ և ԱՄԿ-ի հետ համատեղ՝ նաև վերապատրաստմամբ։

Բայց այստեղ ուզում եմ նաև շեշտել, որ աշխատողի իրավունքի պաշտպանության հարցում շատ մեծ է հենց աշխատողի դերը, իսկ որ ավելի կարևոր է՝ արդյունավետ գործող արհեստակցական միություններինը»,-նկատում է ԱԱՏՄ ղեկավարը։

Ուշագրավ վիճակագրություն գործատուն շտապում է ինքը վերացնել իր խախտումը, քանի դեռ Տեսչական մարմինը վարչարարություն չի կիրառել

«Ինչպես նշեցի՝ վարույթներ սկսել ենք հարուցել 2020-ի հուլիսից, երբ համավարակով պարտադրված՝ շտապ անցանք նոր լիազորությունների և արագ ինքնակազմակերպվեցինք։ Մինչև նախորդ տարեվերջ արդեն հարուցել ենք վարույթներ 95 դիմում-բողոքի հիմքով։

Հետաքրքիր վիճակագրություն ունենք․ այդ դիմում-բողոքների կեսից ավելին կարճվել է բողոքաբերի դիմումի հիմքով, այսինքն՝ հենց գործատուն տեսչական մարմնից ստացել է վարչական վարույթ հարուցելու հրամանն ու ծանուցումը, շտապել է ինքը վերացնել իր խախտոումը՝ առանց մեր հետագա միջամտության։ Ու քաղաքացին արդեն դրանից հետո հետ է վերցրել իր դիմումը։ Սա կարծում եմ, խոսում է Տեսչական մարմնի նկատմամբ վստահության մասին։ Աշխատանքային իրավունքի իր խնդրով մեզ անգամ պետական մարմնի աշխատակից է դիմել, ինչը ևս խոսում է ԱԱՏՄ արդյունավետ գործելու մասին»,-նշում է ԱԱՏՄ ղեկավարը։

Աշխատողներն աշխատանքային իրավունքների ինչպիսի՞ խախտումներով են ավելի շատ դիմում

Ըստ ստացված դիմում-բողոքների բնույթի՝ առաջին տեղում են վերջնահաշվարկների չվճարման կամ մասնակի վճարման բողոքները։ Հավելավճարների,աշխատավարձերի չվճարման, աշխատանքի չգրանցման կամ անօրինական ազատումների դեպքերով բողոքներ ևս եղել են։

ԱԱՏՄ-ն գործարկել է անանուն բողոքների ընդունման համակարգ՝ employeeprotect.am-ը։ Այն արդեն սկսե՞լ է իր նպատակին ծառայել։

Դա ԱԱՏՄ ռեֆորմի մի մասն է։ Հարթակը ստեղծվեց ՄԱԶԾ-ի աջակցությամբ՝  ունենալու  աշխատողների դիմում-բողոքների ընդունման ավելի մատչելի գործիք։ Այն նախատեսված է նաև անանուն բողոքների համար՝ թույլ տալով գաղտնի պահել դիմողի տվյալները, ընդհուպ մինչև նրա IP հասցեն։ Հիմա օրենքը դեռ թույլ չի տալիս քննել անանուն բողոքները։ Այս հարթակը շուտով կծառայի միայն հասցեական բողոքների համար։ Հիմա այն կարծիքի է ուղարկվել փոխվարչապետի գլխավորությամբ գործող թվայնացման խորհրդին, հուսամ՝ օրերս այն պաշտոնապես կգործարկվի։ Զուգահեռ՝ համակարգը պետք է նաեւ մոբայլ տարբերակով աշխատի։

ԱԱՏՄ-ն՝ մարզի բնակիչներին ավելի մոտիկ․ տեսչականը մարզային բաժիններ է բացել

Աշխատանքային սեփական իրավունքներն իմանալը վարձու աշխատողների շրջանում շատ կարևոր է, ուստի տեսչականը լայնածավալ իրազեկման արշավ է տանում։ «Մարզերում մենք ներկայացվածության լուրջ խնդիր ունեինք։ Մեր տեսչական մարմինը գործող 6 տեսչական մարմիններից ամենաշատ շահառուներին է սպասարկում։ Նախորդ կառավարությունը փակել էր մեր մարզային գրասենյակները և թողել ընդամենը չորսը, ինչն էականորեն նվազեցրել էր մեր օպերատիվությունն ու արդյունավետությունը։ Մենք նախորդ տարի, առանց լրացուցիչ ծախսերի, ձևավորեցինք նոր մարզային բաժիններ՝ ավելի մոտ լինելու քաղաքացուն։ Տեսչական մարմնի աշխատանքի իրավունքի վերահսկողության վարչության աշխատակիցներն իրենց նվիրվածությամբ և պատրաստակամությամբ, օրենքով իրենց վերապահված լիազորություններով, կանգնած են աշխատողի կողքին աշխատանքային իրավունքի խախտումների դեպքում»,-ամփոփում է տեսչական մարմնի ղեկավարը։

Back to top button