ԿարևորՀասարակություն

Գեղեցկության վարպետները՝ տարեցների տանը. պատրաստվում են մայիսի 1-ի տոնական հանդեսին

Արմեն Դավթյան
Սյունիք

Կապանի տարեցների տանը՝ «Արծվաբույն»-ում, 16 մարդ է ապրում՝ 8 տղամարդ, 8 կին։ Աշխատակիցները փորձում են նրանց առօրյան դարձնել հետաքրքիր,  թեպետ ոչ  միշտ է դա հաջողվում. կարոտը՝ տան ու հարազատների հանդեպ, չի թողնում։ Տարեցների միանման օրերն ու դանդաղ առօրյան փոխվում է, երբ հյուրեր են գալիս, բայց վերջին մեկ տարում  համավարակը նաև հյուրերի այցերն է սահմանափակել։

«Արծվաբույն»-ի բնակիչներից 67-ամյա Ռուզաննա Կարապետյանը երգում է։ Տարեցների տան 16 տատիկ-պապիկները պատրաստվում են մայիսի 1-ին։ Տոնը սիրելի է, բայց 44-օրյա  պատերազմից հետո մեծ տոնակատարություն չեն անի։ Պարզապես կհիշեն  անցկացրած տոները ու մեկ գավաթ գինով կշնորհավորեն իրար։ Մինչ տիկին Ռուզաննան երգում է, ընկեր-ընկերուհիները քվեարկությամբ որոշում են մայիսմեկյան երգերի հերթականությունը։

Գլխավոր փորձը ընդհատվում է. հյուրեր ունեն։ Կապանի գեղեցկության սրահներից մեկի  աշխատակիցները աշխատանքային գործիքներով եկել են տարեցների տուն։ Նրանք որոշել մայիսի 1-ից առաջ գեղեցկացնել տարեցների տան բնակիչներին։

88-ամյա Անյա տատիկը Արցախի Ճարտար գյուղից է։ Ասում է՝ կյանքում մազ չի ներկել, պուդրա–մանիկյուր չի արել, բայց երգել-պարել շատ է սիրել, բաց չի թողել ոչ մի տոնական միջոցառում.

«Իմ անուն-ազգանուն-հայրանունը՝ Միրզաջանյան Անյա Արտաշովնա։ Առաջ շատ լավ էր։ Քանի ջահել էինք, ընկերներով քեցալ ենք վենը կացալ, շկոլումը, պար ենք եկալ, ամեն ինչ ըրալ ենք։ Հիմա քավթառել եմ, ոտս ես կոտրել եմ»:

Անյա տատիկին ընդհատում է 84-ամյա Սերյոժա Ներսիսյանը։ Ներկարար է աշխատել։ Հիշում է՝ մայիսի 1-ին աշխատավարձից բացի՝ պարգևատրում էին ստանում։ Տոնական շքերթն է հիշում.

«Դրոշներով, պաստառներով, ամեն կոլեկտիվ իր համար՝ անցնում էինք, ծափ էր տալիս ժողովուրդը մեզ»։

Տիկին Ռուզաննան ասում է՝ քմահաճ աղջիկ է եղել, բայց վարսահարդարների այսօրվա աշխատանքն իր սրտով է։ Անցած մայիսի մեկերից հիշում է տոնական հագուստը, տրամադրությունը ու զբոսանքները մոր հետ. 

«Ես միշտ մայիսի 1-ին թազա շորեր էի հագնում։ Մամաս ձեռքիս տալիս էր էդ շորերին համապատասխան զոնտիկ, ու անպայման զոնտիկը ձեռքիս նկարվում էի։ Ամեն մայիսի1-ին մամաս տանում էր նկարելու»։

Հետո գալիս են հիշողությունները աշխատանքային կյանքից. Կապանի քաղաքում է աշխատել, եղել է վաճառող, խանութի վարիչ։ Ակտիվ աշխատանքի համար ընտրվել է քաղխորհրդի պատգամավոր։ Պատմում է.

«Տասնքանի տարի աշխատել եմ, ընտրվել եմ պատգամավոր: Կարմիր մանդատը ձեռքիս՝ ժողովներին-բանին մասնակից  էի: Ցանկացած տոնի, որպես պատգամավոր, մասնակցում էի»։

«Արծվաբույն» տարեցների տան տնօրենը Լյուդմիլա Պողոսյանն է։ Պատմում է, որ համավարակից առաջ հյուրեր շատ են ունեցել՝  եկել են ուսանողներ, աշակերտներ։ Հիմա եկողների թիվը նկատելիորեն կրճատվել է։ Տարեցները հյուրընկալ են, երիտասարդների հետ սիրով են շփվում, իսկ երիտասարդներին «Արծվաբույն»-ի տնօրենը հրդորում է.

 «Ուշադի՛ր եղեք մեր նշանաբանին ՝ ծեր մարդուն պատվիր, որ ծերանաս, քեզ էլ պատվեն։ Կյանքը բումերանգ է։ Այն, ինչ հիմա տալիս եք, կգա ժամանակ, որ մեր թոռները, ծոռները հետ կտան։ Պիտի միշտ գեղեցիկ գործեր կատարենք, որ այդ գեղեցիկը հետ գա մեզ»։

Հրաժեշտ ենք տալիս «Արծվաբույն» կենտրոնի 16 բնակիչներին։ Տիկին Ռուզաննան մեզ մի ուրախ ու թեթև երգով է ճանապարհում։ Ասում է՝ թեթև երգ է, որ Արծվանիկից Կապան թեթև ու անփորձանք հասնեք:

Ցուցադրել ավելի
Back to top button