ԿարևորՀասարակություն

Շինարարությունը բարձրորակ կադրերի կարիք ունի, բայց դիմորդներն ինժեներ դառնալ չեն ուզում

Հայաստանում բարձրորակ շինարար-ինժեներների կարիք կա։ Բայց Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում, որտեղ պատրաստվում են այս մասնագետները, քիչ են դիմորդները։  Խնդիրը լուծելու մի տարբերակ համալսարանում գտել են՝ ուսումնական այս տարվանից որոշել են զեղչել կրթական ծրագրերի ուսման վարձը, նաև խմբագրել մասնագիտությունները՝ համապատասխանեցնելով ժամանակակից պահանջներին։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարությունն աճել է 4․7 տոկոսով։ Մասնագետները համոզված են, որ այս ոլորտի արագ զարգացումը կարող է տնտեսական ցուցանիշերի բարելավման հիմք դառնալ։ Ոլորտը զարգանում է, բայց բարձրորակ մասնագետների կարիք ունի։ Գործատուները նրանց  փնտրում են  Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում։

Համալսարանի գիտական  քարտուղար Լևոն Լևոնյանը թվարկում է ամենապահանջված մասնագիտությունները․

«Ինժեներական կադրերի կարիք կա, ընդ որում ՝բարձր վարձատրվող։ Շատ  ակտուալ են «ջրամատակարարում»  և «ջրահեռացում» մասնագիտությունները։ Հանրապետությունում այսօր կարիք կան նաև ճանապարհաշինության ոլորտի մասնագետների։ Գործատուները մեզ հաճախ են դիմում այս հարցերով։ Այսօր պահանջված են նաև ջրամբարներ կառուցող մասնագետները։ Արդեն երկու տարի «հիդրոտեխնիկական կառուցվածքներ» մասնագիտությունն առանձին մասնագիտություն է մեզ մոտ»։

Գործատուները մասնագետներ են փնտրում, իսկ դիմորդները պահանջարկ ունեցող ինժեներ-շինարարի մասնագիտությունը չեն ընտրում։ Համալսարանի գիտական քարտուղարը բացատրություն ունի՝ ժամանակակից ու պահանջված ինժեներ-շինարար լինելը հեշտ չէ։ Որպես լուծում որոշել են սեպտեմբերից կրթական գրեթե բոլոր ծրագրերի ուսման վարձը նվազեցնել։ Բուհում նաև կրթական ծրագրերի անվանումներն են փոխել․ ավելի  ժամանակակից են դարձրել․

«Շինանրարական ճարտարագիտության մեջ ներառվել են արդյունաբերական, քաղաքացիական շինարարությունը, կոնստրուկցիաների նախագծումը, տեխնիկական փորձաքննությունը,  կառույցների ճարտարագիտությունը՝ ավտոճանապարհներ, կամուրջներ, թունելներ։ Այդ բոլորը շինարարական ճարտարագիտությունն է»,-ասում է Լևոնյանը։

Հայաստանը ձգտում է միջազգային որակի շինարարություն իրականացնել և նախագծման, և իրականացման ոլորտում՝ արձանագրում է Լևոն Լևոնյանը։ Վստահեցնում է՝ շինարարությունն այժմ իրականացվում է ժամանակակից նորմերով ու նյութերով։ Համաշխարհային տենդենց է՝ այնպես նախագծել, որ կառույցը համապատասխանի միջազգային պահանջներին։ Հիմնական չափորոշիչները մի քանիսն են։

«Ամրություն, կոշտություն, կայունություն։ Հիմնական պահանջը դա է։ Նախագծողն այս նորմերով է աշխատում»։

Իսկ անվտանգության ի՞նչ նորմերով են աշխատում շինարարական կազմակերպությունները։ Առողջապահական  և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Ռաֆայել Հովհաննիսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝ շինհրապարակներում աշխատանքի անվտանգ կազմակերպումը պարտադիր պահանջ է՝ սահմանված Աշխատանքային օրենսգրքով։

«Աշխատանքային օրենսգրքի 255 հոդվածի համաձայն՝ աշխատողների անվտանգության և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի և կազմակերպությունում աշխատողների անվտանգության ու առողջության վիճակի գնահատման հիման վրա գործատուն կահավորում է կոլեկտիվ պաշտպանության միջոցները, աշխատողներին անվճար տրամադրում է անհատական պաշտպանության միջոցներ: Սա պահանջ է, որին գործատուները պետք է հետևեն»։

Աշխատանքային վտանգավոր ու վնասակար պայմաններում արգելվում է ներգրավել մինչև 18 տարեկաններին՝ հիշեցնում  է Հովհաննիսյանը և  հավելում՝ օրենսգրքով  կարգավորում են նաև աշխատողների առողջությանը վերաբերող նորմերը․ նրանք պետք է նախնական բուժզննության ենթարկվեն աշխատանքի ընդունվելիս, տարին մեկ անգամ էլ պետք է պարտադիր բուժզննություն անցնեն։

Ցուցադրել ավելի
Back to top button