Սփյուռքի ձայնը

Ցեղասպանության ճանաչում. արդյո՞ք դեռ կենսունակ է հայկական Սփյուռքը․ «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքի հիմնական գործողությունները տասնամյակներ շարունակ ուղղված են Ցեղասպանության ճանաչմանը, թուրքական ժխտողականության դեմ պայքարին։

Ցեղասպանության ճանաչումը ի՞նչ ազդեցություն կունենա սփյուռքի վրա, պարզաբանում են ԱՄՆ-ում բնակվող գրող-թարգմանիչ Մարո Մադոյանն ու Ֆրասիայում բնակվող Լիոնի «Կովկաս» ինստիտուտի ղեկավար Հիլդա Չոբոյանը:

Ազգային ու պետական հարցերի ուղղությամբ ինչպե՞ս պետք է գործեն Հայաստանը և Սփյուռքը. Մարո Մադոյանը նշում է.

«Ինչ որ էական բան խախտվել է հատկապես Հայաստանում: Սփյուռքում, կարծես թե, ամեն բան նույնն է: Եթե Հայաստանում ամեն ինչ լավ է ընթացել, Սփյուռքը շտկել է մեջքն ու ավելի հպարտ եղել: Հակառակ դեպքում, ինչպես, օրինակ այսօր, Սփյուռքը կոտրված է : Կարծում եմ, որ նման իրավիճակը երկար չի տևի»,- ասում է գրող- թարգմանչուհին։

Ըստ նրա` անհրաժեշտ է տարբերել բարեկամներին թշնամիներից: Բարեկամություն անել Թուրքիայի հետ և բացել սահմաններն՝ առանց ցեղասպանության ճանաչման, անիրական է, կարծում է Մարո Մադոյանը եւ շեշտում, որ այդ դեպքում թշնամին ևս մեր հանդեպ հարգանք չի ունենա:

Ֆրանսաբնակ Լիոնի «Կովկաս» ինստիտուտի ղեկավար Հիլդա Չոբոյանը նշում է, որ հայ համայնքը հեռացել է պահանջատիրության նախապայմաններից:

«Վերջին տարիներին խոսում էինք հատուցման մասին՝ դրանից բխող գործողությունների մասին: Այսօր հատուցման մասին ոչ ոք չի խոսում: 100-ամյակի հայտարարությունը, որը կազմվեց ՀՀ կառավարության և Սփյուռքի կազմակերպությունների ջանքերով, և որում ներկայացված էին գործողությունների հերթականությունը, այսօր սառեցված է»,- ասում է «Կովկաս» ինստիտուտի ղեկավարը:

Նա մտահոգություն է հայտնում, որ Հայոց ցեղասպանության հարցը վերջին տարիներին դարձել է հիշողության նյութ: Համոզված է, որ երբ ցեղասպանությունը դառնա զուտ հիշողություն, այն որպես պահանջատիրություն կկորցնի իր արժեքը:

Վերջին տարիներին թուրքական կազմակերպությունները Ֆրանսիայում ակտիվացել են։ «90-ականների վերջերին, երբ առաջին անգամ Ֆրանսիայի Ազգային ժողովը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, այդ օրվանից սկսած թուրքական իշխանություններն սկսեցին աշխատանքներ տանել Ֆրանսիայում: Այդ շրջանում էր, որ հայ և օտար դասախոսների ջանքերով պատմության առարկան սկսեց ներկայացնել նաև հայերի ցեղասպանությունը:

Թուրքական լոբբիստական կազմակերպությունների ջանքերով, սակայն, այսօր ֆրանսիական դպրոցներում սովորող թուրք աշակերտները սկսեցին մերժել առարկան: Մեր Սփյուռքը մեծ աշխատանք ունի անելու: Պետք չէ, որ մենք քնենք մեր դափնիների վրա»,- ասում է Հիլդա Չոբոյանը:

Նա համաձայնում է, որ քաղաքական շրջանակների հետ հայ համայնքը մտերմություն ունի, սակայն կորցրել է կամ սպառել է իր կենսունակությունը։

Back to top button