ԿարևորՀասարակություն

Մի վաֆլու պատմություն․ դարակից մինչև դրամարկղ ինչո՞ւ է փոխվում նույն ապրանքի գինը

Մարիամ Ղազարենցը վերջերս ստիպված եղավ ոտքով տուն գնալ։ Ամաչել էր խանութում ասել, որ իրենից ավել գումար են վերցնում։

««Մի վնասիր» սկզբունքը պահելով` չեմ ասի, թե որ սուպերմարկետում, բայց եղել է նման դեպք: Հաշվարկված առևտուր էի անում, նշված գներին համապատասխան գումարեցի–հանեցի, հասա դրամարկղի մոտ, ու 320 դրամանոց ապրանքը դրամարկղում 460 հաշվեցին։ Ամաչեցի, դրամարկղի աշխատակցին ասացի, որ ամեն դեպքում հաշվի ապրանքը, վճարեմ»։

Գնապիտակների վրա նշված և արդեն դրամարկղում գանձվող գների անհամապատասխանությանը Մարիամը սկսել է ուշադրություն դարձնել այս դեպքից հետո։ Նկատել է, որ սա պարբերաբար կրկնվում է և որոշել՝ այսուհետ նաև բարձրաձայնելու է այս մասին։

«Հաստատ դրամարկղի աշխատակիցներին կասեմ, որ գների առումով ուշադիր լինեն։ Ինչո՞ւ է բաժնում գրված 320 դրամ, բայց ես մինչև հասցնում եմ դրամարկղ, դառնում է 460 դրամ․․․առաքման գումա՞ր եմ տալիս, ի՞նչն է խնդիրը։ Ասենք՝ ես եմ, թոշակառու կին եմ, ունեմ որոշակի գումար, որ էդ ամիս էդքանի ծախս պետք է անեմ»։

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Հայաստանի սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության փորձագետ-իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանն այս երևույթը սպառողին մոլորեցնելու փորձ է համարում։ Քաղաքացիներից ստացվող ահազանգերը հիմք ընդունելով՝ նշում է, որ վերջին շրջանում մարդիկ սկսել են ավելի ուշադիր ու հետևողական լինել․

«Բավականին հաճախ եմ բախվում բողոքների։ Քաղաքացին ահազանգում է, որ դարակաշարում ապրանքն այլ գին ունի, բայց մոտենում են գանձապահին, էկրանին այլ գին է երևում։ Սա կամ թյուրիմացություն է, կամ սպառողին մոլորեցնելու փորձ, կամ շահի հետապնդում է, ինչի իրավունքը չկա»։

Չիլինգարյանը սպառողներին առաջարկում է նկատի ունենալ որոշ տնտեսվարողների կողմից նման մոտեցումները եւ դրամարկղին մոտենալիս վճարվելիք գումարի շատ ավելի հստակ հաշվարկ ունենալ, իսկ գանձվող գումարի անհամապատասխանություն նկատելու դեպքում դիմել կա՛մ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, կամ շուկայի վերահսկողության տեսչական մարմնին։ Մինչդեռ վերջինի մամուլի խոսնակ Դավիթ Պետրոսյանը «Ռադիոլուր»–ին տեղեկացրեց՝ իրենք նման խնդիրների դեպքում վերահսկողական եւ կարգավորիչ լծակներ չունեն․

«Գնապիտակներում նշված գների և դրամարկղի մոտ հաշվվող գների անհամապատասխանության նկատմամբ վերահսկողություն շուկայի վերահսկողության տեսչական մարմինը չի իրականացնում։ Մենք օրենքով սահմանված լիազորություններ ու գործառույթներ չունենք, որ կարողանանք վերահսկել»։

ՏՄՊՊՀ-ն ևս վերահսկողություն իրականացնելու գործառույթ չունի, սակայն հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը նշում է՝ եթե քաղաքացիները դիմում-բողոք ներկայացնեն՝ կփորձեն ճշտել խնդրի էությունը․

«Նման դեպքերում խնդիրը տեխնիկական բնույթի է լինում, սակայն եթե քաղաքացիները հանդիպում են անհանգստացնող դեպքերի, կարող են դիմել ՏՄՊՊՀ»

Այս ռեպորտաժի պատրաստման ընթացքում նման խնդրի բախվեցի նաև ես։ «Ռադիոտան» ճանապարհին առաջին իսկ սուպերմարկետից պատահականության սկզբունքով ընտրեցի վաֆլու տուփ։ Դարակի վրա մեծ ու աչքի ընկնող գնապիտակ կար զեղչի մասին․ նախկին գին՝ 630 դրամ, նոր գին՝ 460 դրամ։ Սակայն դրամարկղում ինձնից պահանջված արժեքը բոլորովին այլ էր․

Գանձապահի և վաճառողուհու հետ ունեցանք հետևյալ խոսակցությունը․

–Կներեք սա էնտեղ գրված էր 460։
–530 ա։
–460։
–Արա՜քս․․․ Ասում ա ինչ–որ 460 ա, 530 ա անցնում։
–Բայց խի՞։
(Վաճառողը)
–Չգիտեմ։
–Սա է։
– Վաֆլի․․․ էսօր ամսի քանի՞սն ա։
–27–ը, էստեղ նշված ա 30–ը մինչև։
(Սպառող)
–Սերուցքի բույրով, հլը տար էսի անցկացրու, սլիվըչնին տար, տար փորձի տես էդ ա՞։
(Վաճառողը գանձապահին)

Գնապիտակի մի անկյունում փոքր տառաչափով նշված է, թե մինչև երբ է գործում զեղչը։ Համոզվելով, որ այդ ժամկետը դեռ չի ավարտվել՝ սրահի մենեջերը բացատրում է, թե զեղչվել է ապրանքի միայն մեկ՝ սերուցքային տեսակը։

Այստեղ, ըստ էության, ամեն ինչ ճիշտ էր, բայց սպառողից հատուկ ուշադրություն ու ջանքեր է պահանջվում՝ նկատելու, որ նույն գնապիտակի տակ շարված, իրարից գրեթե չտարբերվող ապրանքներից իր վերցրածը զեղչվածը չէ։ Տվյալ պարագայում պետք էր այնքան մանրամասն ուսումնասիրել, որ հասկանալի դառնար՝ վաֆլու տուփի վրա շոկոլադի՞, թե կաթի նշան է։ Ընդ որում՝ անգամ վաճառողուհինն էր երկար փորձում հասկանալ՝ նույնանման տուփերով որ վաֆլին ինչ արժե։

Դարակաշարի վրա և գանձապահի էկրանին երևացող գների  անհամապատասխանությունը տնտեսվարողները տարբեր կերպ են պատճառաբանում՝ կամ քաղաքացին ուշադիր չի եղել, կամ սրահում աշխատողը ժամանակին չի փոխել ապրանքի գինը։ Միտումնավո՞ր են տնտեսվարողները նման քայլի գնում, թե՞ պատճառները տեխնիկական են՝ հարց է, սակայն նաեւ ուշագրավ, որ գները որպես կանոն դրամարկղում բարձրանում են։ Ցանկացած պարագայում սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվողները հորդորում են  ուշադիր ու հետևողական լինել՝ չխաբվելու և ուրիշների խաբվելու ռիսկերը կրճատելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button