ԿարևորՔաղաքական

Արտահերթ ընտրությունները՝ 56 օր հետո․ ընդդիմադիր խմբակցությունները թեկնածուներ չեն առաջադրի

Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին`ժամը 12-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Այս մասին հայտարարում է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու  համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հրաժարական է ներկայացրել, որով , ըստ  էության, տրվել է նախընտրական շրջանի մեկնարկը։  

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ինքը լինելու է կուսակցության  վարչապետի թեկնածուն։  Ընտրություններին մասնակցելու իրենց մտադրությունն այսօր հաստատել են նաև խորհրդարանական մյուս ուժերը, նաև վստահեցրել ՝ այս ընթացքում սեփական թեկնածուներ առաջադրել չեն պատրաստվում։

Խնդիրը ստեղծել եք,  հիմա էլ փորձում եք լուծում գտնել՝ մեկնաբանելով հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարելու վերաբերյալ իրարամերժ գնահատականները՝ այսօր  հայտարարեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Ըստ պատգամավորի՝ Սահմանադրությունը չի  արգելում Փաշինյանին հրաժարականից հետո պաշտոնավարել վարչապետի պաշտոնում։ Վարդանյանի գնահատմամբ՝ չկա նաև քաղաքական վեճ․ «Խնդիրը լրագրողական հետաքրքրասիրության շրջանակում է»,-ասում է պատգամավորը։ Լրագրողները փաստերով են հիշեցնում․ Նիկոլ Փաշինյանը 2018–ին կարծում էր, որ  հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը չէր կարող  ժամանակավոր պաշտոնակատար լինել։ Վարդանյանը կարծում է, որ իրավիճակները տարբեր են։

«Վարչապետի այս հրաժարականը ոչ թե սոսկ սովորական հրաժարական է, այլ հրաժարական, որն անհրաժեշտ է ԱԺ-ն իրավունքի ուժով արձակելու համար: Իշխանության վակուումից խուսափելու համար գործադիրը, իհարկե, պետք է շարունակի իր գործունեությունը»:

Վարչապետի հրաժարականով, ըստ էության, տրվել է նախընտրական շրջանի մեկնարկը։ Որպեսզի հունիսի 20–ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, Ազգային Ժողովը պետք է երկու անգամ  վարչապետ չընտրի։ Սահմանադրությամբ  սա է այն միակ մեխանիզմը, որը կարող է խորհրդարանի արձակման  հանգեցնել։

Որպես ժամանակավոր պաշտոնակատար վարչապետի պաշտոնում  մնալու Նիկոլ Փաշինյանի որոշումը ԼՀԿ-ում խնդրահարույց են համարում, բայց նաև արձանագրում են՝  հրաժարականն անհրաժեշտ է արտահերթ ընտրություններ անցկացնելու  համար։

ԼՀԿ-ն հակված է միայնակ մասնակցել ընտրություններին՝ ասում է խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։

« «Լուսավոր Հայաստանի» ցուցակը դեռ պատրաստ չէ։ Մենք դեռ չենք որոշել, թե ով է մասնակցելու ընտրություններին, ինչ հերթականությամբ։ Ես կուսակցական չեմ, բայց կուսակցությունը հավանաբար համագումար պիտի անցկացնի, որոշում կայացնի և այլն։ «Լուսավոր Հայաստանում» այս պահին գերիշխում է ընտրություններին միայնակ մասնակցելու տեսակետը»։

ԲՀԿ–ն նույնպես վերահաստատում  է՝  մասնակցելու է  արտահերթ ընտրություններին, մասնակցելու  է միայնակ՝ առանց որևէ դաշինքի, և ըստ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի՝ հաղթելու է։

«Քաղաքացիական պայմանագիրը»  դեռ չի հստակեցրել՝  ընտրություններին կմասնակցի միայնա՞կ, թե՞ դաշինքով։ Արման Եղոյանի խոսքով՝ որոշումը կհրապարակվի ավելի ուշ, իսկ թե երբ կկազմվեն ընտրական ցուցակները, դժվարացավ պատասխանել:

Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններն  այսօր վստահեցրել են՝  հավատարիմ կմնան նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին և սեփական թեկնածուներ չեն առաջադրի, թեև այդ ուղղությամբ անուղղակի ճնշումներ զգում են։

Նման ճնշման մասին կիրակնօրյա ֆեյսբուքյան ուղիղ  եթերի ժամանակ խոսել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ասելով, որ թեև ճնշումներ զգում են, բայց չեն պատրաստվում  խախտել  նախապես ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունը։ Նույն դիրքորոշումն ունի նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Արման Աբովյանը հայտարարում է, որ խորհրդարանական երկրորդ ուժը ևս  թեկնածու չի առաջադրի։  

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն  այսօր  ստորագրել է նաև  ապրիլի 1-ին խորհրդարանի  արտահերթ նիստում ընդունված  Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։  Հանրապետության նախագահն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չէր ստորագրել այն և չէր վիճարկել դրա սահմանադրականությունը։ Ժամկետի լրանալուց հետո օրենքի ստորագրման լիազորությունը, Սահմանադրության համաձայն, փոխանցվել էր ԱԺ նախագահին:

Դրանից ավելի վաղ էլ  հրապարակվել էր Վենետիկի Հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը։ Երկու կառույցները  որևէ խնդիր չէին արձանագրել, նշելով, որ  փոփոխությունները, ըստ էության,   պարզեցնում են ընտրական համակարգը, ուստի խնդրահարույց չեն։

Back to top button