ԿարևորՀասարակություն

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Լիոնում

Ապրիլի 24-ին Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված Հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին նվիրված հուշարձանի առջև տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն։

Ոգեկոչման միջոցառմանը մասնակցել են Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն, Լիոն Մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարը, ՕՌԱ շրջանի պրեֆեկտ Պասկալ Մալհոսը, ՕՌԱ շրջանի նախագահի ներկայացուցիչ Պիեր Բերան, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի /CCAF-Centre/ կենտրոնական շրջանի համանախագահներ Ժանին Պալուլյանը և Րաֆֆի Տանզիլին, Լիոնի նախկին քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչ Լևոն Դավթյանը:

Նույն օրը, ի հիշատակ Ցեղասպանության զոհերի, Լիոնի Սուրբ Հակոբ Մայր եկեղեցում մատուցվել է պատարագ՝ Հայ Կաթողիկե և Ավետարանչական եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկա է եղել նաև Լիոնի արքեպիսկոպոսը:

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի ՕՌԱ շրջանի Վալանս, Բուր-լե-Վալանս, Գրենոբլ, Սենթ Էթիեն, Վիեն, Սեն Շամոն, Դեսին, Վիլյորբան, Վո-ան-Վլեն, Մեյզիո, Բրոն, Ռոման, Մոնբրիզոն և շրջանի մի շարք այլ քաղաքաներում նույնպես իրականացվել են ոգեկոչման միջոցառումներ՝ համապատատասխան պետական և քաղաքային իշխանությունների և տեղի հայ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button