ԿարևորՀասարակություն

106 տարի` 106 ծառի խորհրդով

106-ամյա պատմական անցյալի գիտակցմամբ ապրիլի 24-ին Երևանի բուսաբանական այգու «Անկախության արահետը» կրկին մարդաշատ էր: Կրկին առիթը ծառատունկն էր` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին։ Խորհրդանշական առաքելության նախաձեռնողները վստահ են, որ յուրաքանչյուր հայ մարդ, անկախ տարիքից, իր հոգու միջով անցկացնում է մի պատմություն, որը նախ և առաջ փոխանցվում է գենետիկորեն:

«Անկախության արահետ» նախաձեռնող խմբի անդամ Սամվել Բաղդասարյանի խոսքով այս վայրը` Արարատի հովանու ներքո, յուրահատուկ էներգետիկա ունի և նահատակների ոգեկոչման շարունակական ընթացքն այստեղ դառնում է առաքելություն: «Բայց շարունակականությունը կլինի ինքնանպատակ, եթե չպահպանենք առաքինի որակն ու արժեհամակարգը, որը բնորոշ է հայ մարդուն, հայ ոգուն: Այսօր դա խիստ արդիական է ոչ միայն Սփյուռքի համար, այլև` առավելապես մեր: Մենք պարտավոր ենք պահել հայկական «կոդը», որը ժամանակին, կյանքը չխնայելով, մարդիք փոխանցել են մեզ` հանուն այդ շարունակականության»,- իր խոսքում ընդգծել է Սամվել Բաղդասարյանը:

Նախորդ դարի 1935-1936 թվականներին, երբ հիմնվում էր Երևանի բուսաբանական այգին, ակտիվ մասնակցություն են ունեցել մանկատան սաները: Տնկվող 106 ծառերից առաջին՝ խորհրդանշականը նույնպես տնկել են մանկատան սաները:

Նախաձեռնությանը սատարում է Երևանի բուսաբանության ինստիտուտը, հանձինս տնօրեն` Անահիտ Ղուկասյանի: Ծառատունկի նախապատրաստական աշխատանքների և տնկիների ձեռք բերմանը օժանդակել է Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչ` Համլետ Չոբանյանի ընտանիքը։ Ծառատունկի բարդ ու արհեստավարժ գործընթացը ուղեկցվել են հնեաբուսաբանության բաժնի ավագ գիտ.աշխատող Գագիկ Մովսիսյանի մասնագիտական խորհուրդներով:

«Անկախության արահետ»-ը կհամալրվի կաղնու, թեղիների, հացենու և թղկենու նորաբնակ 106 տնկիներով, որոնցից յուրաքանչյուրն անհիշելի ժամանակներից ունեն իրենց դիցաբանական մեկնությունը: Դրանց բոլորին համախմբում է` ամրության, կայունության, պտղաբերության ու անմահության խորհուրդը: Թող որ այս ազնվական ու կենսահաստատ տարրերքները սփռվեն Հայոց աշխարհի վրա և 106 թիվն ընկալվի իբրև ազգային Վերածննդի ետ հաշվարկի մեկնարկ:

«Անկախության արահետը», իր ծնունդը արձանգրել է 2020 թվականի սեպտեմբերի 21-ին Երևանի բուսաբանական այգում:  Սեպտեմբերի 26-ին արահետում անցկացվել էր, Կոմիտաս Վարդապետի ծննդյան 151 ամյակին նվիրված ծառատունկ-հիշատակումը: Ապրիլի 26-ի 10:30 կշարունակվեն և ավարտին կհասցվեն ծառատունկի աշխատանքները:

Ցուցադրել ավելի
Back to top button