ԿարևորՀասարակություն

Քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսի գլխավորած պատվիրակությանը: Կիպրոսի պաշտպանության նախարարը Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ և եռակողմ` Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Նշվել են փոխգործակցության առաջնային ուղղությունները, որոնք ներառում են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության լայն շրջանակ: Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցության միջոցառումների անցկացման` համավարակով պայմանավորված ժամանակավոր դադարեցումից հետո, ընթացիկ տարվա երկրորդ կեսին, հնարավոր կլինի հաստատել համագործակցության հետագա ծրագրերը և անցել դրանց ակտիվ իրականացմանը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում սանձազերծված ռազմական գործողությունների մանրամասներ և դրանց ավարտից հետո ստեղծված իրավիճակը:

Կիպրոսի պաշտպանության նախարարն իր հերթին նշել է, որ երկու երկրներն ունեն համանման անվտանգային մարտահրավերներ և, հաշվի առնելով ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմի ձեռք բերած փորձը, ընդգծել մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը:    

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում շարունակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ քննարկումները:

Ցուցադրել ավելի
Back to top button