ԿարևորՔաղաքական

Ցեղասպանության ժխտման հարցում Թուրքիայի այսօրվա իշխանությունները նախկինից ավելի վատն են. թուրք քաղաքագետ

Ermenihaber.am-ը ապրիլի 24-ին ընդառաջ հատուկ հարցազրույց է անցկացրել թուրք հայտնի քաղաքագետ, լրագրող և հրապարակախոս Ջենգիզ  Աքթարի հետ:

Նա ճանաչում և դատապարտում է հայերի հանդեպ իրականացված ոճրագործությունը։ Տարիներ առաջ հրապարակավ արտահայտվել էր. «Իմ խիղճը չի ընդունում Մեծ եղեռնի հանդեպ ուրացումն ու անտարբերությունը, որին ենթարկվեցին օսմանյան հայերը 1915-ին։ Ես մերժում եմ այս անարդարությունը, կիսում եմ իմ հայ քույրերի և եղբայրների զգացմունքները և ցավերը ու ներողություն խնդրում նրանցից»։

Հարցազրույցում Աքթարն անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարած քաղաքականությանը:

— Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանն ապրիլքսանչորսի նախօրեին ի՞նչ կարող է սպասել Թուրքիայից: Տարածաշրջանային  վերջին զարգացումներով պայմանավորված՝ որևէ փոփոխություն հնարավո՞ր է լինի Անկարայի հայտարարություններում:

— Անկարայի ռեժիմը լիովին ապուշ կտրած վիճակում է ներքին և արտաքին բացասական զարգացումների հետևանքով: Հնարավոր չէ ասել, որ Թուրքիան երկարաժամկետ քաղաքականություն է վարում ցանկացած հարցում, միայն փրկում է օրը: Սակայն ինչ վերաբերում է Հայաստանին, որևէ փոփոխություն չեմ ակնկալում (Թուրքիայի-խմբ.) հարյուրամյա քաղաքականության մեջ:              

— Ձեր կարծիքով, Թուրքիայում արդյոք կա՞ն քաղաքական ուժեր, որոնք երբ գան իշխանության Հայոց ցեղասպանությունը ժխտելու փոխարեն կընտրեն այն ճանաչելու ուղին:

— Բացի HDP-ից (Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն-խմբ.)՝ ոչ:  HDP-ն էլ հնարավոր չէ, որ իշխանության գա:

— Հնարավո՞ր է հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիան կամ էլ նոր նախապայմաններ առաջ բերի:

— Սահմանը բացելու համար որևէ խոչընդոտ չի մնացել, քանի որ արդեն վերացել է այն միակողմանի փակելու պատճառը: Սակայն Անկարայում առկա քաղաքական բալանսը նույնիսկ անհնար է դարձնում դրա (սահմանի բացման-խմբ.) առաջարկը: Նույն ձևով ղարաբաղյան պատերազմին Թուրքիայի փաստացի մասնակցությունը, «կարգավորման» հարցում Հայաստանի նկատմամբ քաղաքականությունն էլ է անելանելի դարձնում:

— Ձեր կարծիքով, մինչև երբ կարող է շարունակվել Անկարայի ժխտողական քաղաքականությունը:

— Ժխտողականության հարցում այսօրվա ռեժիմը (Թուրքիայի ներկայիս իշխանությունը-խմբ.) նախկինից ավելի վատն է: Ցեղասպանության ճանաչումը ԵՄ գործընթացի շրջանակում գուցե հնարավոր էր, սակայն այդ առիթը բաց է թողնվել: Թուրքիայում ցեղասպանությունը չի ճանաչվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը բավարար չափով տակնուվրա չի եղել, ինչի արդյունքում «քար տեղից կշարժվի» և հանրային համաձայնություն կձևավորի:  Թուրքիայի աղետալի իրավիճակը  գուցե՞ գլխիվայր շրջվելու սկիզբն է:

Ցուցադրել ավելի
Back to top button