ԿարևորՀասարակություն

Տարածաշրջանում բացառիկ կենտրոն․ պրոթեզավորման նորագույն ծառայություն՝ հայրենիքին ծառայածներին

Հենակները ձեռքին, բայց դրանք մի կողմ դնելու տրամադրվածությամբ, դանդաղ, բայց հստակ քայլերով անցնում են հարազատների ու արդեն հարազատ դարձած բուժանձնակազմի կողքով։ Նրանցից մեկն էլ մայոր Խաչատրյանն է․ արդեն մի քանի ամիս բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։ Ոտքի փոխարեն պրոթեզ է, ևս մեկ ամիս և լիարժեք կքայլի։ Մեկ անգամ քայլել կարողացողը, երկրորդ անգամ էլ կկարողանա՝ ասում է։

«Դե էն առաջինը չենք հիշում բնական է, երկրորդն էլ ոչինչ, կդիմանանք, խնդիր չկա։ Լավ է, կամաց–կամաց կսկսենք սովորել քայլել։ Առաջին քայլերն է, բայց լավ է, փառք Աստծու»,- ասում է Խաչատրյանը։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում  Պրոթեզավորման կենտրոն է  բացվել։ Փորձելու են  զինվորների վերականգնումը  ամբողջական ու լիարժեք ապահովել ։ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում պրոթեզավորվել է 28 զինվոր, շուրջ 400 զինվոր ամեն ամիս վերականգնողական բուժում է ստանում՝ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը․

«Զինվորների վերականգնողական բուժումը կդառնա լիարժեք, քանի որ պրոթեզավորումը վերականգնողական բուժման փուլերից մեկն է և ավելի մեծ թվով ծառայություններ կմատուցվեն Զինվորի տանը, նաև մոտ ապագայում կունենանք վիրահատարան և այն ամբոջական կլինի»,– նշում է Մինասյանը։

Հայկուհի Մինասյանի խոսքով՝ կենտրոնը համալրված է ժամանակակից սարքավորումներով։ Զինվորներն այլևս պրոթեզավորման համար արտերկիր մեկնելու անհրաժեշտություն չեն ունենա կամ առնվազն ընտրություն կատարելու հնարավորություն կունենան՝ բուժում ստանալ հայրենիքու՞մ, թե՞ արտերկրում։

«Այժմ դրա կարիքը չի լինի, իհարկե մարդիկ ազատ են որոշելու, թե որտեղ պրոթեզավորվեն, սակայն որակի առումով կենտրոնը որևէ բանով չի զիջում արտասահմանյան որևէ կենտրոնի։ Ապահովված է հնարավոր ամեն ինչով», – ասում է կենտրոնի տնօրենը։

Պրոթեզավորման կենտրոնի բացման մեջ մեծ ներդրում ունի  «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Կառույցի  գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում մանրամասնում է՝  Հոլանդիայից Հայաստան են բերել տարածաշրջանում նմանը չունեցող պրոթեզավորման լաբարատորիա․

«Ամենավերջին ճիչը, այսինքն՝ հենց պրոթեզավորման լաբարատորիան, որը Հայաստանում չկար և միգուցե տարածաշրջանում էլ նման լաբարատորիա չկա։ Այժմ կկարողանանք ամենաբարձր մակարդակով սպասարկել զինվորներին»,– նշում է Հայկակ Արշամյանը։

Հայկակ Արշամյանի խոսքով՝ դեռ պատերազմի օրերից փորձում են  հասկանալ, թե ինչպես կարող են աջակցել զինվորների վերականգնմանը։ Որոշեցին՝ որքան էլ գումարը մեծ լինի,  պետք է աջակցեն պրոթեզավորման կարիք ունեցող զինվորներին․

«Հիմա արդեն բանակցում ենք իսլանդական ընկերության հետ, որը ձեռքերի պրոթեզների ամենաառաջատար արտադրողներից մեկն է։ Խոսքը մեկ–մեկուկես միլիոն դոլարի գնման մասին է, անպայման այդ ձեռքի պրոտեզներն էլ կգնենք, որ նաև ձեռքի խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներն իրենց կարիքները կարողանան բավարարել», – ասում է Արշամյանը։

Կառավարությունը Զիվորի տան շենքը 15 տարով անհատույց վարձատրության է տրվել զինվորներին։ Ժամանակի ընթացքում իր գործառույթները չփոխած, ավելին՝ դրանք հաջողությամբ իրացրած կառույցը շարունակելու է ծառայել հայրենիքին ծառայած զինվորների վերականգնմանը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button