ԿարևորՔաղաքական

Մինսկի խմբի համանախագահությանը նոր թափ հաղորդելու կարիք կա․ Ֆրանսիայի Սենատի նախագահ

«Մի նման ասացվածք կա` բարեկամները աստղերի են նման և միայն գիշերը կարելի է նրանց հաշվել». Հայաստանի խորհրդարանում հայերի ու ֆրանսիացիների  բարեկամությունն այսպես է բնութագրում   Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, որի գլխավորած պատվիրակությունը Հայատանում է ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի հրավերով:

«Կարելի է ասել, որ անթափանց գիշեր էր իջել Հայաստանի վրա անցյալ նոյեմբերին, որ մենք որոշեցինք բոլորս միասին, մի կողմ թողնելով մեր քաղաքական տարաձայնությունները, համախմբվելու և ընդունելու բանաձև, որով կոչ է արվում ճանաչել ԼՂ անկախությունը»,-ասաց Լարշենը:

Լարշենը հույս հայտնեց, որ ԱՄՆ նախագահն ի վերջո որոշում կկայացնի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, հիշեցրեց, որ ԱՄՆ Սենատը և ներկայացուցիչների պալատն առաջինն էին, որ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, ինչը  ցույց է տալիս, թե ինչ կարևոր դեր ունեն խորհրդարանները։ ԱԺ նախագահ  Արարատ Միրզոյանն  էլ նկատեց,որ  Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն մեզ, այլև  ողջ մարդկության համար։

«Միայն այդ ճանապարհով է, ցավոք, հնարավոր կանխել աշխարհի որևէ այլ անկյունում նմանատիպ սարսափելի իրադարձությունների կրկնությունը»,-ասաց ԱԺ նախագահը :

Ֆրանսիայի Սենատի պատվիրակության այցելությունը համընկավ Արցախի ու հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի բացահայտ աջակցությամբ սանձազերծված պատերազմի ավարտին,  ինչը ԱԺ-ը  նախագահը խորհրդանշանական  համարեց այն առումով, որ Ֆրանսիան բացահայտ ցուցաբերեց հայանպաստ իր դիրքորոշումը։ Ժերար Լարշեն ԱԺ նախագահին այս համատեքստում հիշեցրեց  Ֆրանսիայի Սենատի ընդունած  բանաձևը, որով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Ժերար Լարշեն համոզված է, որ այդ ճանաչումը գործիք կհանդիսանա խաղաղ բանակցությունների միջոցով տևական և կայուն խաղաղության հասնելու համար:

«Մենք մտածում ենք բոլոր զոհվածների, վիրավորների, գերիների մասին, որովհետև դրանք անձնական ողբերգություններ չեն, հավաքական են: Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլորին` համաձայն նաև իր կողմից ստորագրած համաձայնագրի և միջազգային բոլոր պայմանագրերի: Այս շաբաթ ԵԽԽՎ-ն քննարկեց ռազմագերիների հարցը, և մեր գործընկերներից մեկը Սենատի անունից հանդես եկավ ու ներկայացրեց ռազմագերիների անհապաղ ազատ արձակման պահանջները»։

Ժերար Լարշեն շեշտեց՝ 2022 թ․ առաջին կիսամյակում ԵՄ նախագահությունը ստանձնելու է Ֆրանսիան, հետևաբար նոր թափ  է հաղորդվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։  

Ցուցադրել ավելի
Back to top button