ԿարևորՔաղաքական

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի և նրա գլխավորած ներկայացուցչական պատվիրակության հետ:

Նախարար Այվազյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել Ֆրանսիայի Սենատի նախագահին՝ հայ ժողովրդի համար խորհրդանշական այս օրերին Հայաստան այցելելու և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այս օրերին նման բարձրաստիճան ներկայացվածությամբ այցը վերահաստատում է Հայաստանի և Ֆրանսիայի հանձնառությունը երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը:

Կողմերը գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական բազմաբովանդակ  հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով բարձր մակարդակում փոխայցելությունների կարևորությունը և արդյունավետ երկխոսության շարունակականության կարևորությունը: 

Անդրադառնալով միջխորհրդարանական մակարդակում երկու երկրների միջև ձևավորված սերտ համագործակցությանը՝ կողմերն առանձնահատուկ կարևորել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի նշանակալի ավանդը: Այս համատեքստում նախարար Այվազյանը ողջունել է պատվիրակության կազմում գտնվող Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին ու փոխնախագահ Էրվե Մարսելին:

Տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն անդրադարձել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին։ Այս առնչությամբ նախարար Այվազյանը կարևորել է Ֆրանսիայի Սենատի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձևի ընդունումը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր զրուցակցի ուշադրությունը հրավիրել է նաև Արցախում պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման կարևորագույն խնդրին և այդ գործում միջազգային համապատասխան կառույցների ներգրավվածության կարևորությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button