ԿարևորՀասարակություն

Հիշատակի միջոցառումներ Շիրակում

Շիրակի մարզում հարգանքի ու հիշատակության արարողությունները մեկնարկել են ապրիլի 23-ի երեկոյան։

Ջահերով ավանդական երթը՝ «Ճանաչում, դատապարտում, հատուցում» պահանջով, գյումրեցի երիտասարդներն սկսել են Անի թաղամասի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակից․այրել են  Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները՝ որպես բողոք  Թուրքիայի ցեղասպան քաղաքականության և աշխարհի անտարբեր լռության դեմ ։

Ապրիլի 24-ի առավոտյան նահատակների հոգեհանգստի պատարագի զանգերն են ղողանջել, հետո հարգանքի խոնարհումն էր Բագրատունյաց պուրակի «Վերածնունդ» հուշակոթողի մոտ։     

Ծաղիկներ խոնարհելով հուշակոթողի մոտ՝ գյումրեցիները  շարժվել են դեպի Շիրակի և Լոռու մարզերի սահմանաբաժան, դեպի Ջարդի ձոր, որը նաև Հերհերի կամ Հեզհեզի ձոր են անվանում։

Պատմական  որոշ վկայությունների համաձայն՝ 1918-1921 թվականներին, երբ թվում էր, թե Մեծ եղեռնն արդեն  հետևում է,  Ջարդի ձորում նահատակվել է Ալեքսանդրապոլ գավառի և Ղարաքիլիսայի 50 գյուղերի ավելի քան 12 հազար բնակիչ:  Այցելուներից շատերի նախնիներն էլ են այստեղ նահատակվել ։  Տարեցները պատմում են, թե այստեղ, մթնշաղն ընկնելուն պես խուլ ձայներ են լսում, օգնության կանչեր ու վիրավորների տնքոցներ։ Մինչև վերջին տարիներն այս կողմերից մարդկային ոսկորներ են գտել, որոնք հավանաբար անթաղ մնացած զոհերի ոսկորներն են։

Օրվա հաջորդ միջոցառումը Ջրառատ գյուղում էր։

Հետմահու «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշան հանձնվեց հերոս սպա Աշոտ Էդվարդի Պետրոսյանի ընտանիքին։  Հերոսի մայրը՝ Նարինե Պետրոսյանը, դժբախտությունը հպարտությամբ քողարկելով՝ մինուճար որդուն է հիշում։

«Ես հպարտ եմ, կյանքում ես միշտ հպարտ եմ եղել Աշոտով, Աշոտն ու իր ընկերները չեն պարտվել, նրանք հաղթել են», -ասում է Նարինեն։   

Մինչև հերոսի մահով ընկնելը 44-օրյա պատերազմում Աշոտը թշնամու 7 զրահատեխնիկա է խոցել։

Ցուցադրել ավելի
Back to top button