ԿարևորՀասարակություն

Հայտնի են «Ավրորայի» հերոսները

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայատարարեց 2021 թ. «Ավրորայի» հինգ հերոսների անունները, որոնց ընտրել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը՝ նրանց ցուցաբերած խիզախության, նվիրվածության եւ ունեցած ազդեցության համար: Հատուկ միջոցառումը տեղի ունեցավ Մատենադարանում, որի ընթացքում ներկաները հարգեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահինադիր եւ մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, գիտնական եւ մեծ մարդասեր Վարդան Գրեգորյանի հիշատակը, որն օրեր առաջ հեռացավ կյանքից: Ավանդույթի համաձայն, 2021 թ. «Ավրորայի» հերոսների անուններն արձանագրվել են «Մատյան մարդասիրաց»՝ 21-րդ դարի եզակի ձեռագիր-մատյանում, որը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության յուրահատուկ տարեգիրքն է:

«Ավրորայի» հերոսներից մեկը կդառնա 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ հնարավորություն կստանա շարունակելու նվիրատվության շղթան՝ մեկ միլիոն դոլար մրցանակը բաշխելով այն կազմակերպությունների միջեւ, որոնք օգնում են կարիքավորներին։ 2021 թ. «Ավրորայի» հերոսներն են.

• Գրեգուար Ահոնգբոնոն (Կոտ դ’Իվուար). «Սբ Կամիլ» ընկերակցության հիմնադիր, որն օգնում է Արեւմտյան Աֆրիկայում հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց եւ փորձում է վերջ տալ նրանց շղթայակապ պահելու` տեղական անմարդկային սովորությանը:

Գրեգուար Ահոնգբոնոնն առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք խթանում են միջազգային համերաշխությունը եւ աջակցում են մտավոր հաշմանդամություն ու հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց։ Դրանք են «Միջազգային զարգացման կրթության՝ Լանոդիերի տարածաշրջանային կոմիտեն» (ԿՐԵԴԻԼ), «Լ’Արշ Կանադա» հիմնադրամը եւ «Սբ Կամիլ» ընկերակցությունը:

• Ջուլիեն Լուսենգե (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն). մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն՝ հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» (SOFEPADI) կազմակերպության եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր, որը տարիներ ի վեր օգնում է պատերազմի ընթացքում սեռական բռնության ենթարկվածներին։

Տիկին Լուսենգեն առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք աջակցում են կանանց կազմակերպություններին, զորացնում են գենդերային հիմքով բռնության զոհերին եւ օգնում ներքին տեղահանված անձանց՝ վերաինտեգրվելու իրենց համայնքներ։ Դրանք են Կոնգոյացի կանանց հիմնադրամը, Կոնգոյի համերաշխության լիգան եւ «Մայրերի ընկերություն՝ հանուն զարգացման եւ խաղաղության» կազմակերպությունը:

• Ռուբի Ալբա Կաստանյո (Կոլումբիա). իրավապաշտպան եւ ASOCATDAME-ի (Գյուղացիների, գյուղական աշխատողների եւ շրջակա միջավայրի պաշտպանների Մետայի ասոցիացիա) հիմնադիր, որն աշխատում է պաշտպանել հազարավոր կոլումբիացի գյուղացիների իրավունքները, որոնք ենթարկվում են հետապնդումների, հարկադիր տեղահանումների եւ անհետացման։

Տիկին Կաստանյոն առաջադրել է հետեւյալ երեք կազմակերպությունները, որոնք պաշտպանում են Կոլումբիայի գյուղացիական եւ աղքատ համայնքների իրավունքները. Գյուղացիների, գյուղական աշխատողների եւ շրջակա միջավայրի պաշտպանների Մետայի ասոցիացիա (ASOCATDAME), «Նորման Պերես Բեյո» կլարետյան կորպորացիա (CCNPB) եւ Գյուղատնտեսական միությունների ազգային դաշնություն (FENSUAGRO):

• Աշվաք Մոհարամ (Եմեն). բժիշկ, որը կենսապահպան աջակցություն է ցուցաբերում Եմենի Հոդեյդա նահանգի սովյալ բնակչությանը, որը հայտնվել է հակամարտության ու շրջափակման հետեւանքով գոյացած ճգնաժամի մեջ:
Բժիշկ Մոհարամն առաջադրել է երկու կազմակերպություն, որոնք պաշտպանում են երեխաների ապագան եւ անվճար առողջապահական ծառայություններ մատուցում Եմենում ընթացիկ հակամարտությունից տուժածներին. դրանք են «Փրկեք Եմենի երեխաներին» եւ «Բժիշկներ առանց սահմանների» (Եմեն) կազմակերպությունները:

• Փոլ Ֆարմեր (ԱՄՆ). բժիշկ-մարդաբան, Հարվարդի բժշկական դպրոցի դասախոս, «Առողջապահական գործընկերներ» (PIH) միջազգային շահույթ չհետապնդող կազմակերպության համահիմնադիր եւ գլխավոր ռազմավար, որը ժամանակակից բժշկագիտության օգուտները հասցնում է նրանց, ովքեր ամենից շատ ունեն դրա կարիքը:

Փոլ Ֆարմերը առաջադրել է երկու կազմակերպություն, որոնք առողջապահական ծառայություններ են մատուցում աշխարհի ամենաաղքատ համայնքներին եւ ստեղծում են սոցիալական բժշկություն ուսուցանողների ու պրակտիկ գործունեությամբ զբաղվող մասնագետների համաշխարհային շարժում։ Դրանք են «Առողջապահական գործընկերներ» եւ «Հավասար առողջություն» կազմակերպությունները։

«Ինձ համար մեծ պատիվ է ունենալ հնարավորություն՝ ճանաչման արժանացնելու ամբողջ աշխարհից ընտրված այս ականավոր կանանց ու տղամարդկանց: 2021 թ. «Ավրորայի» հերոսներն անհատներ են, որոնք իսկապես հավատում են մարդու հիմնարար իրավունքներին եւ իրենց կյանքը նվիրել են անբարենպաստ վայրերում գտնվող մարդկանց օգնելու գործին: Նրանք ճանաչման են արժանանում նաեւ այն հսկայական ազդեցության համար, որ նույնիսկ մեկ անհատը կարող է գործել՝ օգնելով հազարավոր մարդկանց եւ միաժամանակ, որ ամենակարեւորն է՝ ոգեշնչելով միլիոնավոր մարդկանց», – ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին:

«2021 թ. «Ավրորայի» հերոսների ձեռքբերումները ցույց են տալիս գործելու նրանց կամքը՝ արձագանքելով իրենց շուրջ գտնվող մարդկանց կարիքներին: «Ավրորան» խորապես հավատում է բարելավելու եւ կյանքեր փրկելու` մարդկության ուժին եւ հանդես է եկել «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարով, որը բնորոշում է մարդկային ոգին՝ մարդասիրական գործունեություն ծավալելու ունակությամբ։ Հերոսները, որոնց մենք այսօր մեծարում ենք, այն օրինակելի դեմքերն են, որոնց կարիքն աշխարհն այժմ ունի ավելի, քան երբեւէ»,- նշեց «Խաղաղության տուն» խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիր ու «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն։

Միջոցառման ընթացքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը պաշտոնապես հայտարարեց նաեւ 2022 թվականի «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլի բացումը եւ կոչ արեց բոլորին առաջադրելու մերօրյա ոգեշնչող հերոսների: Նույն օրն ավելի վաղ «Ավրորայի» ներկայացուցիչները ոգեկոչել էին Հայոց ցեղասպանությունը՝ մասնակցելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ծաղիկներ խոնարհելու արարողությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button