ԿարևորՀասարակություն

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ` Վրաստանում

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Վրաստանի հայաշատ վայրերում` Ջավախքում, Բաթումիում ու Թբիլիսիում։  

Մինչև պարետային ժամի մեկնարկը երեկ ջահերով երթ է անցկացվել Ախալքալաքում և Ախալցիխեում, իսկ Թբիլիսիում հայ համայնքի ներկայացուցիչները խորհրդանշական 106 օդապարիկներ են երկինք բարձրացրել:

Վիրահայոց թեմի եկեղեցիներում հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ է մատուցվել:

Հայ համայնքի անդամները բողոքի խաղաղ ակցիայով Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև պահանջել են ընդունել Հայոց ցեղասպանության փաստը։ 

«Հայոց Ցեղասպանությունը տեղի է ունեցել վրաց ժողովրդի աչքի առաջ». վկայում է նախորդ դարի վրացական մամուլը, որ լայնորեն անդրադարձել է խնդրին՝ լուսաբանելով Վրաստան հասնող հայ որբերի պատմությունները։

Աջարիա՝ Բաթումիի նավահանգիստ էին գալիս շոգենավերը, բերելով հարյուրավոր հայերի։ Բաթումին դարձել էր Եղեռնից փրկվածների ամենամոտ ապաստանը։ Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանն ասում է․

«Հայերը տեղափոխվում էին Բաթումի, մնում ժամանակավոր տներում՝ հույսով, որ պիտի վերադառնան հայրենիք»։

Վրաստանում հայ համայնքի մի մասը Ցեղասպանության ժառանգ է։ Թբիլիսիում է ապրում Օսմանյան կայսրության խորհրդարանի հայազգի պատգամավոր Վարդգես Սերենգուլյանի թոռնուհին՝ Իզաբելա Սերենգուլյանը։ Վարդգես Սերենգուլյանի կինը ամուսնու վերջին  նամակն աքսորի ճանապարհից ստանալով, այնուհետև համոզվելով, որ նրան սպանել են, գաղթում է Թիֆլիս։ Սերենգուլյանի թոռնուհին՝ Ռադիոլուրին պատմում է տատից լսած տեղեկությունները․

«Տատս ասում էր, որ իրենք այդ օրերին մեծ հույսեր ունեին, որ Թալեաթը կօգնի ամուսնուն. նա շատ մտերիմ էր պապիս ու Զոհրապի հետ․ Թալեաթը Պոլիսում իրենց տանը մի քանի անգամ հյուրընկալվել է, տատս քանի անգամ նրա համար սուրճ է պատրաստել»:

Թալեաթը, սակայն, Վարգես Սերենգուլյանի ու Գրիգոր Զորհապի ձերբակալման հրամանը արդեն  տվել էր՝ նրանց ծանր տանջանքների ուղարկել Քոնյա, Ադանա, Հալեպ և Ուրֆա ճանապարհներով, որտեղից տունդարձ չէր լինելու։

Բաթումիում, Թբիլիսիում ու հայաբնակ Ջավախեթիիում, որտեղ պահանջատիրական ակցիաներ ու ջահերով երթեր են անցկացվել, ներկաները կոչ են արել նաև Վրաստանի իշխանություններին ճանաչել և դատապարտել Հայոց Մեծ Եղեռնը։ Ախալցիխեում գործող «Սամցխե-Ջավախք մեդիա կենտրոնի» ղեկավար էդուարդ Այվազյանը հույս ունի, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից Ցեղասպանության հնարավոր ճանաչումը պիտի որ փոխի նաև պաշտոնական Թբիլիսի դիրքորոշումը․  

«Կարծում եմ կգա այն օրը, երբ Վրաստանը եւս կմիանա քաղաքակիրթ երկրներին՝ ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը։ Մենք սակայն, պետք է նաեւ հասկանանք, որ Վրաստանը մեծ կախվածության ունի Թուրքիայից ու Ադրբեջանից, ինչը դժվարացնում է ճանաչման գործընթացը։ Չնայած Վրաստանում քաղաքական գործիչների մեծ մասը գիտակցում է, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին»։

Վրաստանում Հայոց ցեղասպանության հարցը ճանաչելու մասին քննարկում պետական մակարդակով երբևէ տեղի չի ունեցել։ Վրաստանի խորհրդարանում ժամանակ առ ժամանակ որոշ պատգամավորների կողմից հնչող կոչը՝ մեկ րոպե լռությամբ հարգել եղեռնի զոհերի հիշատակը, մշտապես հանդիպել է ադրբեջանցի պատգամավորների կոշտ հակազդմանը։

Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն «Ռադիոլուրի» հետ զրույցում փորձում է ընդհանրացնել Վրաստանի դիրքորոշումը․

«Վրաստանը հաստատում է, որ տեղի է ունեցել մեծ ողբերգություն. և իհարկե այս կարևոր պահին հայ ժողովրդի հետ մեր համերաշխությունն անհրաժեշտություն է, սակայն Վրաստանը չի կարող հարցականի տակ դնել նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները»:

Քաղաքագետի  խոսքով, Վրաստանն այսօր կիսում է հայ ժողովրդի ցավը, այնպես, ինչպես դա արեց ավելի քան 100 տարի առաջ` ընդունելով կոտորածներից փրկվածներին։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button