ԿարևորՀասարակություն

Անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ջանքերը՝ կանխելու հերթական մշակութային ցեղասպանությունը. Արա Այվազյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մասնակցել «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանը, որի ժամանակ հանդես է եկել ելույթով:

Արա Այվազյանն իր ելույթում նշել է, որ այսօր, ոգեկոչելով Հայոց ցեղասպանության նահատակներին, պետք է հիշենք, որ Ցեղասպանության զոհ է գնացել նաև մեր նախնիների ստեղծած մշակութային ժառանգության հսկայական մասը։ Ցեղասպանություն հանցագործությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջումն է, այլև նրա ինքնության անբաժանելի մաս կազմող ազգային հոգևոր մշակույթի ոչնչացումը՝ մշակութային ցեղասպանությունը:

«Մշակութային ցեղասպանությունը հետապնդում է հիմնականում երկու նպատակ․ առաջին՝ այն վերապրողների հոգու սպանության, նրանց հոգեբանական բռնության ենթարկելու փորձ է, երկրորդ՝ այն հետապնդում է բնաջնջված բնիկ բնակչության գոյության պատմական հետքերի վերացումը։ Այլ կերպ ասած՝ մշակութային ցեղասպանությունը կոչված է պայքարելու հիշողության, պատմական արդարության և մարդկային արժանապատվության դեմ։

1915 թ․ Օսմանյան կայսրությունում սկսված հայ բնակչության կանխամտածված և ծրագրված զանգվածային կոտորածներն ու տեղահանությունը սկիզբ դրեցին նաև մշակութային ցեղասպանությանը, որը, տարբեր ուժգնությամբ, տևեց տասնամյակներ։ 1919 թ․ Փարիզի վեհաժողովում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված պաշտոնական տեղեկագրի համաձայն՝ ավերվել  էր 1860 եկեղեցի և 229 վանք։ Սա խիստ նախնական և ոչ ամբողջական տվյալներն էին, և հաջորդ տարիներին այս թիվը միմիայն աճել է, քանի որ մշակութային ավերածությունները ոչ միայն շարունակվեցին, այլև տարածվեցին 1920 թ. Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետությունից գրավված տարածքներում, այդ թվում «հազար ու մի եկեղեցիների քաղաք» Անիում։ Ոչնչացված մշակութային ժառանգությունը ներառում է նաև տասնյակ հազարավոր  միջնադարյան ձեռագիր մատյաններ, խաչքարեր, աշխարհիկ և կրոնական այլ սեփականություն:

Մեր օրերում հայաթափված տարածքներում Թուրքիայի գործելակերպը շարունակեց Ադրբեջանը։ Մշակութային ցեղասպանության սահմռկեցուցիչ օրինակ է Նախիջևանի հայկական հուշարձանների զանգվածային ոչնչացումը, որը թերևս չունի որևէ զուգահեռ մարդկության պատմության մեջ։ Նախիջևանը, որն իր անվան մեջ կրում է Աստվածաշնչային ավանդության դրոշմը, 1997-2006 թթ․ ենթարկվեց պետական մակարդակով կազմակերպված լայնածավալ մշակութային կոտորածի, որի արդյունքում իսպառ ավերվեցին 28 հազար մշակութային օբյեկտներ, որոնցից 89-ը՝ միջնադարյան եկեղեցիներ, և շուրջ 6  հազարը՝ միջնադարյան խաչքարեր։ Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները նախ փորձեցին փոխել հայկական հուշարձանների ծագումնաբանությունը, ապա, իրենք էլ չհավատալով սեփական շահարկումներին, որոշեցին ամբողջովին ոչնչացնել Նախիջևանի հայկական ինքնության անխոս վկաներին։

2020 թ.՝ Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց, մենք կրկին առերեսվեցինք նույն տրամաբանությամբ և մեթոդներով ծրագրված և իրականացվող արհավիրքին: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում և դրա հետևանքով հայ ժողովրդի մի հատվածը հայտնվեց բնաջնջման, հայրենազրկման, իսկ նրա մշակութային ժառանգությունը՝ ամբողջական ոչնչացման վտանգի առջև:

Ուստի այսօր մեզ համար խիստ հրատապ է դարձել Արցախում Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հազարավոր մշակութային, այդ թվում՝ կրոնական հուշարձանները փրկելու խնդիրը, մանավանդ որ արդեն կան ադրբեջանական զինուժի կողմից թիրախավորված մշակութային կոթողներ, ինչպես օրինակ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին և Կանաչ ժամը։ Վտանգված մշակութային ժառանգությունն ընդգրկում է մոտ 1500 մշակութային օբյեկտներ, այդ թվում 161 եկեղեցիներ, մոտ 600 խաչքարեր, հնագիտական վայրեր, աշխարհիկ ճարտարապետության՝ պալատների, կամուրջների յուրահատուկ նմուշներ, շուրջ 19 հազար թանգարանային առարկա:

Ցուցադրել ավելի
Back to top button