ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին. Ֆրանսիայի Սենատի նախագահ

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն շեշտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը:

Այս մասին նա ասաց ՀՀ ազգային ժողովում Արարատ Միրզոյանի հետ համատեղ հայտարարությանը՝ իրենց հանդիպումից հետո:

«Մեր համագործակցությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա. վստահություն Հայաստանի ճակատագրի, վստահություն հայ երիտասարդության հանդեպ, որը ծանր հարված ստացավ նախորդ աշնանը:
Մենք մտածում ենք բոլոր զոհվածների, վիրավորների, գերիների, նրանց ընտանիքների մասին, քանի որ դա ոչ թե անձնական, այլ հավաքական ողբերգություն է»,- ընդգծեց Լարշեն: 

Անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին՝ Լարշեն նշեց. «Հստակ լինենք՝ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին՝ համաձայն ստորագրած համաձայնագրի և բոլոր միջազգային պայմանագրերի: Այս շաբաթ ԵԽԽՎ նիստում քննարկվել է այդ հարցը, և մեր գործընկերներից մեկն իր ելույթում ներկայացրել է այդ պահանջը»:

Նրա խոսքով՝ Ֆրանսիան հասկանում է Հայաստանի ցանկությունը՝ ամրապնդելու Մինսկի խմբի նախագահությունը, և, ըստ նրա, երեք երկրների պատասխանատվության հարցն է՝ այս ուղերձները հասանելի դարձնելու ԵՄ անդամ պետությունների խորհրդարաններին:  

Ֆրանսիայի Սենատի նախագահը կիսվեց «Վտանգված ժառանգություն. Արցախ» խորագրով ցուցահանդեսից իր տպավորություններով: «Սահմռկեցուցիչ է տեսնել, որ պատերազմից հետո այսպիսի քայլեր են ձեռնարկվում հայերի հիշողությունը և հետքը վերացնելու ուղղությամբ»,- ասաց նա:

Ցուցադրել ավելի
Back to top button