ԿարևորՀասարակություն

Հայաստանի դեսպանները մասնակցել են «Ցեղասպանության կանխարգելում. պայքար կրոնական հետապնդումների դեմ» քննարկմանը

Ս․թ․ ապրիլի 22-ին Իտալիայում և Սուրբ Աթոռում ՀՀ դեսպաններ Ծովինար Համբարձումյանը և Կարեն Նազարյանը հանրային, ակադեմիական ու քաղաքական հայտնի գործիչների ու լրագրողների հետ մեկտեղ մասնակցել են «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով առցանց քննարկմանը։

Իր բացման խոսքում դեսպան Համբարձումյանը մասնավորապես նշել է, որ սա կարևորագույն պահ է, որպեսզի միջազգային հանրությունը գիտակցի ոչ միայն անցյալի ցեղասպանությունները հիշելու, այլև վաղ նախազգուշացմանն արձագանքելու՝ կանխելու, ժամանակին գործելու, աշխարհում քրիստոնյաներին և մյուս փոքրամասնություններին պաշտպանելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու իր պատասխանատվությունը:

Մասնակիցներն անդրադարձ են կատարել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, ապագայում մարդկության հանդեպ նմանօրինակ հանցագործությունների կանխարգելման լույսի ներքո, խոսեցին ժխտողականության դեմ միասնական ու անողոք պայքար մղելու, ցեղասպանության թեման դասավանդելու անհրաժեշտության, ինչպես նաև Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված ոճրագործությունների մասին։

Հարց ու պատասխանին հետևած իր ամփոփիչ խոսքում դեսպան Նազարյանը նշել է, որ պանել-քննարկման խորագրում ցեղասպանության կանխարգելումը կրոնական հալածանքների հարցի հետ կապակցելը պայմանավորված է նրանով, որ Հայոց ցեղասպանության օտարալեզու պատմագրությունում ու այդ հանցագործությանը նախորդած շրջանի վավերագրություններում բավականաչափ ուսումնասիրված չէ հայերի և մյուս փոքրամասնությունների նկատմամբ երիտթուրքերի քաղաքականությունը, ներառյալ զանգվածային տեղահանումները, բռնի ձուլումը և ընդհանրապես տարբեր էթնիկ խմբերի՝ արաբների, քրդերի, հույների և ասորիների ցեղասպան բնաջնջումը, որոնք ևս ծանրագույն կորուստներ են կրել այդ հետապնդումների ու հալածանքների արդյունքում:

Հայոց ցեղասպանության ոգեկոչման 106-րդ տարելիցին նվիրված առցանց միջոցառումը, որը կազմակերպել էին Իտալիայում և Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունները #StandTogether ներառական և էկումենիկ թվային հարթակի հետ մեկտեղ, հեռարձակվել է Հռոմում տեղակայված միջազգային անկախ հեռուստալուրերի Rome Reports գործակալության հարյուր հազարավոր հետևորդներ ունեցող սոցիալական մեդիայի միջոցով։

Back to top button