ԿարևորՀասարակություն

Ցեղասպանությունը վերապրած 30 ընտանիքների պատմությունները՝ ցեղասպանության թանգարանում

Ցեղասպանության պարագլուխներից Ջեմալ փաշային սպանած Արտաշես Գևորգյանի թոռնուհին է՝ Վերգինե Գևորգյանը։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում ենք, ցույց է տալիս պապի անձնական իրերը՝ ակնոցը, թաշկինակը, նկարները, պատմում գերդաստանի ջարդի ճանապարհը։ Տիկին Վերգինեի կողքին այլ մարդիկ են, որոնք  ներկայացնելու են իրենց գերդաստանի պատմությունը։ Նրանք Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքների ժառանգներն են։

«Արտաշեսը խոհուն, խելացի, թիկնեղ, առաքինի մարդ էր, և նա կատարեց իր խոստումը.1922 թվականի հունիսի 21-ին սպանեց Ջեմալ փաշային»,-ասում է Վերգինե Գևորգյանը։ 

Ինստիտուտի թանգարանային ցուցադրությունների բաժնի վարիչ Սեդա Պարսամյանը «Ռադիոլուր»-ին ասում է, որ Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին գտել են աշխարհի տարբեր ծայրերում՝ ԱՄՆ-ում, Արգենտինայում և հենց թանգարանում․ ցուցադրվող որոշ պատմություններ ուղղակիորեն առնչվում են  թանգարանի որոշ աշխատակիցների․

«Աշխատանքը շատ մեծ էր և պատասխանատու, բայց մեզ հաջողվեց գտնել աշխարհի տարբեր ծայրերում Ցեղասպանությունը վերապրած մարդկանց ժառանգներին։ Հավաքագրել ենք պատմություններ, որոնք որևէ տեղ չեն հնչել, Ցեղասպանությունը վերապրած մարդկանց պատկանող իրեր, լուսանկարներ, ձեռագրեր ենք ներկայացնում, որոնք նախկինում  երբևէ չեն ցուցադրվել, բայց փաստում են մեկ դար առաջ տեղի ունեցած հայոց Ցեղասպանությունը, և այս տեսանկյունից ցուցադրությունը բացառիկ է»,-ասում է Սեդա Պարսամյանը։

Պատմություններից մեկն էլ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»–ի տնօրեն Հարություն Մարությանի գերդաստանինն է։

 «Գևորգ Թուրշյանը ոսկերիչ էր, լուսանկարում ձախից 4-րդն է, իսկ ահա այս լուսանկարում նրանք ողջունում են 1908 թվականի թուրքական հեղափոխությունը, որին հաջորդելու էր հայոց ցեղասպանությունը, բայց Վանն այն եզակի քաղաքներից էր, որ դիմադրություն ցույց տվեց»,-ասում է Հարություն Մարությանը։

«Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագրով ցուցադրությունը օրեր առաջ է բացվել  «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»–ում։ Ներկայացված է Ցեղասպանությունը վերապրած շուրջ երեսուն ընտանիքի պատմություն։ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ի տնօրեն Հարություն Մարության․

«Ներեք իմ համարձակությունը, բայց սա առաջին թանգարանային ցուցադրությունն է, որտեղ այսքան մեծ մասշտաբով ներկայացված են ցեղասպանությունը վերապրածների պատմությունները։ Այսօրվա երեխաները, երիտասարդները պետք է ծանոթանան 100 տարի առաջ իրենց հայրենակիցների ճակատագրերին, և այս ցուցադրությունը հիանալի հնարավորություն է նրանց համար»։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև այս տարվա սեպտեմբեր։

Ցուցադրել ավելի
Back to top button