ԿարևորՀասարակություն

Ցեղասպանության սրբադասված զոհերի Սրբոց Նահատակաց հիշատակության արարողություն Պրահայում

Ապրիլի 22-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում  Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ  Հայր Բարսեղ վարդապետ Փիլավչյանն մատուցել է Սրբոց Նահատակաց հիշատակության արարողություն։ 2015 թվականից, երբ ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերը Հայ Առաքելական եկեղեցու կողմից սրբադասվեցին, այլեւս հոգեհանգստյան կարգի փոխարեն կատարվում է  հիշատակության արարողություն։ 

Իր քարոզում Հայր Բարսեղը ներկա հայությանը կոչ է արել սիրով ու միաբանությամբ  գործել, աղոթել սրբադասված հայ նահատակների համար, եւ հզորանալ, որպեզի որեւէ պետությունից ոչ թե խնդրողի դերում  լինենք, այլ  հզորացած գործընկերոջ։ 

Հոգեւոր հայրը անդրադարձել է նաեւ Հայաստանում եւ սփյուռքում  հայության այսօրվա հոգեվիճակին, եւ հորդորել չվհատվել, այլ միասնական ջանքերով դուրս գալ ճգնաժամից։ 

Հիշատակի խոսք է ասել նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, ով  անդրադարձել է Ապրիլի 24-ի խորհրդին եւ նշել, որ Չեխիայի կառավարական սահմանափակումների պատճառով այլեւս մասշտաբային միջոցառումներ չեն կարող իրականացնել, սակայն ծխական խորհրդի հետ միասին, բացի ժամերգությունից, նախատեսվում է նաեւ ապրիլի 24-ին  ժամը 14-18-ը ծաղիկների խոնարհում եւ մոմավառություն հայկական խաչքարի մոտ։ 

Նախատեսվում է նաեւ, որ դեսպան Հովակիմյանը դեսպանության կայքէջում եւ սոցիալական ցանցերում կհրապարակի չեխահայ համայնքին ուղղված  Ապրիլքսանչորսյան ուղերձ։ 

Վերջում Հայր Բարսեղը ողջունել է նաեւ արարողությանը ներկա «Տուր ինձ հույս»  բարեգործական կազմակերպության նախագահ Սոնա Վարդանյանին  եւ երեք հայ զինվորներին՝ Արամին, Նորայրին եւ Սարգիսին, ովքեր արդեն անցել են պրոթեզավորում եւ ինքնուրույն քայլերով եկել են եկեղեցի։ Չորրորդ զինվորը՝ Արարատն արդեն  վիրահատվել է  Վիեննայում եւ շուտով կվերադառնա Պրահա պրոթեզավորման։ Վերջինիս պրոթեզավորմանը  ֆինանսապես աջակցելու համար  Պրահայի հայ կանայք Սոնա Վարդանյանի գլխավորությամբ շաբաթ օրը ժամը 8-14-ը Պրահայի Հոլեշովիցեի տոնավաճառում կվաճառեն հայկական թխվածքներ եւ այլ ուտեստեղեն, եւ հավաքված ողջ գումարը կտրամադրվի Արարատի բուժմանը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button