Տնտեսական

Տեսական գիտելիքներ՝ փոքրիկ շինականին. Մյասնիկյանի դպրոցում ագրոգրագիտություն են սովորելու

Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում ագրոդպրոց է գործում, իսկ Մյասնիկյան համայնքում այս ուղղությամբ դեռ առաջին քայլերն են անում: Դպրոցի բակում այգի են հիմնել, որի մշակության մեջ ներգրավելու են երեխաներին:

Ագրարային գիտելիքները նախնական ձեռք կբերեն գործնական աշխատանքի միջոցով: Ագրոգրագիտությունը կսովորեն տեսական և գործնական աշխատանքների ան ժամերը լինելու են տեսական և գործնական՝ աշակերտների ակտիվ մասնակցությամբ: Ի՞նչ է արվում  ծրագիրը իրականություն դարձնելու ուղղությամբ:

Հողից բերք ստանալու դժվարություններն ու նրբությունները գյուղացին յուրացնում է  գործնականում՝ սեփական փորձով, բայց Արմավիրի մարզի Մյասնիկյան  գյուղում որոշել են նաև տեսական գիտելիքներ տալ: Սկսել են սեփական տարածքը բարեկարգելուց. դպրոցի երբեմնի կանաչապատ տարածքում պտղատու այգի են հիմնել: Տնօրեն Լիլիթ Պետրոսյան.

«2018թ. ապրիլից մենք փորձեցինք վերականգնել մեր դպրոցի նախկին տեսքը, կանաչապատել, նորից բերքատու ծառեր տնկել և աշակերտներին, գյուղացուն կապել գյուղատնտեսական աշխատանքներին: Դեռ 90-ական թվականներից, երբ հողը տվեցին գյուղացուն, շատ քչերը կարողացան հողը ճիշտ, գրագետ ձևով մշակել: Մՙեր այս փոքրիկ այգիները հիմնելու նպատակը մեկն է՝սովորենք և սովորեցնենք աշակերտներին, թե չէ ասում ենք՝ հողը բերք չի տալիս: Իսկ արդյո՞ք մենք հողը գրագետ ձևով ենք մշակում, ճիշտ տեղում՝ ճիշտ տնկիներ դնում»։

Ընտրել են սալորենի և ծիրանենի՝ Երևանյան ու Սաթենի տեսակները: Բոլոր տնկիները ծաղկել են, մի քանի տարուց  կքաղեն առաջին պտուղը, ու արդեն կա ծրագիրը՝ պատրաստելու են չիր, կոմպոտ, մուրաբա, ջեմ և ՄԱԿ-ի՝ պարենի համաշխարհային ծրագրով, որպես   կայուն դպրոցական սնունդ, տալու են երեխաներին:  Չրերի պատրաստման փորձն ունեն, մրգերը  չորացրել են դպրոցում կառուցված փոքրիկ չրանոցում: Հին պատուհանների շրջանակներից տնտեսվար Լյովա Կարապետյանը  չորացման ցանցեր է պատրաստել:

Չորանոցի կառուցումը մասնագիտական գաղտնիքներ ունի. դրանք կբացահայտեն աշակերտներին:

10 տարի առաջ Հայաստանի Մանուկներ հիմնադրամի հովանավորությամբ հիմնանորոգվեց Մյասնիկյան գյուղի դպրոցի մի մասնաշենքը: Հիմնադրամն այստեղ կրթական մի քանի ծրագիր է իրականացնում: Այդ  ծրագրերում  տեղ կգտնի՞ նաև ագրոգրագիտությունը՝  Հայաստանի Մանուկներ հիմնադրամի գյուղական ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանն առաջարկեց.

«Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում ագրոդպրոց կա, ու իրենք լավ փորձ ունեն այդ ոլորտում: Գուցե,  կարողանան համագործակցել իրար հետ և կիսվել փորձով: Մեր կրթական ծրագրերը 2 տարով են հաստատվում և անցած տարվանից արդեն սկսվել են Արմավիրի ու Արագածոտնի 10 շահառու գյուղերում: Հիմա մենք կենտրոնացած ենք Լոռիում, Արմավիրում չունենք, բայց չեմ բացառում»:

Հրավիրելու են մասնագետներ, գործնական բաց դասեր են կազմակերպելու՝ հենց աշակերտների ակտիվ մասնակցությամբ.

 «Էտի ժամանակ կկանչենք համապատասխան մասնագետների, կբացատրեն աշակերտներին, կձևավորեն ծառերը, բուժման ժամանակ՝ մասնագետ գյուղատնտեսների: Երեխաները կսովորեն, հետո ինքնուրույն կանեն»:

Մյասնիկյան գյուղի  դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը նպատակ ունի  ՄԱԿ-ի՝ պարենի համաշխարհային ծարգրի շրջանակում  հիմնել ջերմոց  և, բացի այգեգործությունից,  հմտանալ  նաև բանջարեղենի մշակության  մեջ: Վստահ է, որ դեռ ծնվելու են գաղափարներ, որոնք գյուղի երեխային կսովորեցնեն սիրել հողն ու արարել հողից:

Ցուցադրել ավելի
Back to top button