ԿարևորՏնտեսական

Ոսկու հանքերն ընդդեմ տուրիզմի․ լոռեցի բնապահպանները վերջնաժամկետ են տվել իշխանություններին

Լուսինե Սարգսյան
«Ռադիոլուր»-Լոռու մարզ

Տուրի՞զմ, թե՞ հանքարդյունաբերություն. երկընտրանքն այս անգամ առաջացել է  Լոռիում։ Մարզի բնապահպանները մինչև ապրիլի 26-ը ժամանակ են տվել իշխանություններին՝ վերանայելու հանքարդյունաբերական նոր ծրագիր սկսելու նախաձեռնությունը։

Տարակուսում են՝ պետությունը,  մի կողմից, տուրիզմը Լոռու մարզի զարգացման առաջնահերթություն է համարում, մյուս կողմից՝ խրախուսում է հանքերի շահագործումը։

«Եթե իշխանությունները մեզ ընդառաջ չգնան, կփակենք մարզի բոլոր մուտքերն ու կաթվածահար կանենք ողջ մարզը»,-ասում է բնապահպան, «Լոռու տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի» համակարգող Գևորգ Վարդանյանը և մանրամասնում․«Ապրիլի 26-ի վաղ առավոտից մարզի բոլոր 4 մուտքերը փակելու ենք, մարզպետարանի աշխատանքն ենք խաթարելու, չենք թողնելու որևէ մեկը ներխուժի շենք, որովհետև մեր վաղվա օրվա բարեկեցիկ կյանքով ապրելու համար է այս պայքարը»:

Լոռեցի բնապահպանները վերջնաժամկետ են տվել իշխանություններին՝ մարզում ոսկու հանքերի շահագործման շուրջ աղմուկից հետո՝ ասում է բնապահպան,  «Լոռու տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի» համակարգող Գևորգ Վարդանյանը:  

Օրեր առաջ մարզի Վահագնի, Մարգահովիտ, Դեբեդ, Վահագնաձոր և Եղեգնուտ համայնքներում տապալվել էին բնապահպանական հանրային լսումները: Դրանք նախաձեռնած  չեխական «Լուսաջուր վենչրզ ինվեստ» ընկերությունը ցանկություն ունի երկրաբանական հետազոտություն իրականացնել մարզի Հանքաձոր կոչվող տարածքում: Պետության թույլտվության դեպքում ընկերությունն այնտեղ կսկսի ոսկու հանքի շահագործումը։

Էմիլյա Մարտիրոսյանը Մարգահովիտ համայնքի նախորդ գումարման  ավագանու անդամ է, այժմ ՀԿ սեկտորում է: Ասում է, որ գյուղը տուրիստական մեծ պոտենցիալ ունի: Մի քանի նախագիծ արդեն կյանքի է կոչվել գյուղում: Մասնավորապես, մոտակայքում գտնվող «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի  ուսումնական կենտրոնում  հյուրատուն է բացվել, ուր բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս, մերձակա «Միրաք» տնկարանում էլ նախատեսում են հյուրընկալության ու գիշերակացի հնարավորություններ ստեղծել: Մարգահովտում նաև օրգանիկ գյուղատնտեսության և արևադարձային մշակաբույսերի ծրագրեր կան: Հանքի մասին լսելով, ո՞վ կուզի ներդրում անել Մարգահովտում, ուր մնաց օրգանիկ հապալաս աճեցնել կամ կիվի մշակել՝ ասում է Էլմիրան  ու շարունակում․

«Մեր արոտավայրերի մեծ մասն այդտեղ է, մշտավարդենու արգելոցը 15 կմ է հեռու: Անցած չորեքշաբթի «Ուան վեյ տուր»-ը եկավ, տարածքներ նայեց, ավստրալահայեր են ներդրողները՝ 1 մլն դոլարի ներդրում է, եթե հանքի թեման զուգահեռ բարձրանա, պարզ է, որ իրենք գնալու են Տավուշ: Կիվիի պլանտացիա է ստեղծել մեր բնակիչներից մեկը, 1 հա հող է գնել,  ստեղծելու է հանգստյան գոտի, նաև վերամշակման գործարան է բացելու, և այդ ամենը տուրիստներ կբերի»:

Օրեր առաջ բնապահպանների ու Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի 6 գյուղերի դժգոհությունն էր առաջացրել 1 ամիս առաջ հիմնված «Հարմար» ՍՊԸ-ի՝ համայնքի տարածքում մետաղական հանքավայրի երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու մտադրությունը:

Ընկերությունը, ըստ ԶԼՄ-ների հրապարակումների, ստացել է համայնքային իշխանությունների նախնական համաձայնությունը. ապրիլի 8-ի հանրային լսումների արձանագրությամբ՝ համայնքի 7 բնակավայրերից Մարցում հանրային լսումներին մասնակցած 24 բնակիչներից միայն 17-ն են ստորագրել արձանագրության տակ: Խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար  Տիգրան Մխիթարյանը լրատվամիջոցներին վստահեցրել էր, որ հաշվի կնստեն ժողովրդի կարծիքի հետ: Մինչդեռ վանաձորցիները, որոնց քթի տակ նույն «Լուսաջուր վենչրս ինվեստ»-ն այժմ Քարաբերդի ոսկու  հանքն է շահագործում, հանրային քննարկումների մասին բացարձակ տեղյակ չեն եղել: Ուղիղ գծով Վանաձորից Քարաբերդ հեռավորությունն ընդամենը 2կմ է:

«Դա անակնկալ էր ու նորություն: Մեզ համար այդ նորությունն սկսեց, երբ պատահաբար տեսա, որ Վանաձորի դիմաց ինչ–որ աշխատանքներ են տարվում, սարն են քանդում, ու էս կծիկը բացվեց հենց Քարաբերդի ոսկու հանքից: Այդ ամենը գալիս է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, մեր մարզպետարանից , որոնք այս ամեն ինչը ծածուկ կերպով կազմակերպում են։ Մինչ օրս նախարարությունը միայն փափուկ բարձ է դնում, թե 99 %-ով չի կայանա, եթե բնակիչները չուզեն», – ասում է  «Լոռու տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի» համակարգող Գևորգ Վարդանյանը։

13 տարվա բնապահպանական պայքարի ստաժով Գևորգն ասում է,  որ առնվազն 2 տարում վանաձորցիներն անմիջականորեն իրենց մաշկի վրա կզգան հանքերի բացասական ազդեցությունը:

«Սա մեր մարզն է, մեր հողն է, Երևանում նստած նախարարն իրավունք չունի որոշում կայացնելու մեր փոխարեն, որովհետև մենք ենք այստեղ ապրում: Իրենք Երևանում վայելում ենք կյանքը, մենք մարզերում պայքարում ենք լավն ստեղծելու համար: Չեն ներկայացնում, օրինակ ռադիացիան, ո՞նց է ազդելու մարդկանց վրա, ո՞նց է լինելու Վանաձորի խմելու ջրերի հարցը, նույն Վահագնաձորի, Վահագնիի խմելու ջրերի  հարցը, եթե կպնեն ուրանի պաշարներին»։

Լոռու մարզում տուրիզմի զարգացման պիկը 2019-ին էր. հյուընկալված  57673 զբոսաշրջիկները  հիմնականում  եղել են Եվրոպայից, սկանդինավյան, ասիական և  ԱՊՀ երկրներից: Անգամ 2020-ին՝ կորոնավիրուսի ու փակ սահմանների պայմաններում մարզն ընդունել է 26 205 զբոսաշրջիկի:  Խանգարեց պատերազմը, այժմ էլ  հանքերի շահագործման հեռանկարն է մտահոգել տուրոլորտի ներկայացուցիչներին: Նախորդ 2 տարիներին օրական մինչև 1000 զբոսաշրջիկ են ընդունել, 2 տասնյակի հասնող հյուրատներ են բացվել,  ներդրումներ են արվել, ինչը մարզի կտրվածքով լուրջ ցուցանիշ է:

Գևորգը նամակներով դիմել է մարզի տուրոլորտում խոշոր ներդրողներին ու դերակատարներին, Դեբեդի ՔՈԱՖ Սմարթ կենտրոնի ղեկավարությանը: Գրություններ են ուղարկվել «Ինվեստ-ին Արմենիա» ընկերությանը՝ ներդրողների շահերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև տարածքային կառավարման  և ենթակառուցվածքների նախարարին և Լոռու մարզպետին: Վերջինն առայժմ բանավոր է արձագանքել՝ վստահեցնելով, որ կարվի ամեն ինչ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու համար:

ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրից տեղեկանում ենք, որ «Լուսաջուր Վենչըրզ Ինվեստ» ընկերությունը գրանցվել է 2018-ին՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։ Ընկերության 100%  բաժնեմասերի սեփականատերը չեխական «Mineral Ventures Invest» ընկերությունն է, որի դուստր ընկերությունն էլ «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ»-ն է՝ գործադիր տնօրենը՝ Յիրժի Վոյտեխովսկին:  Ըստ ԶԼՄ-ների հրապարակումների՝ մինչև 2021թ.-ի փետրվարը  Վոյտեխովսկին եղել է «Mineral Ventures Invest»-ի կանոնադրական մարմնի անդամ և գործադիր տնօրեն: Զբաղեցնում է նաև չեխ-ղրղզական առևտրի պալատի նախագահի պաշտոնը:

Ըստ Չեխիայի առևտրային ռեգիստրի կայքի՝ «Mineral Ventures Invest» ընկերությունը ևս 2018-ին է հիմնվել։ Ի դեպ, Վոյտեխովսկու անունը կապվում  է նաև չեխական «Liglass Trading» ընկերության հետո, որի շուրջ Ղրղզստանում 2017-ին աղմուկ էր բարձրացել։ Ներդրումային այս ընկերությունը ցանկացել է Ղրղզստանում ՀԷԿ-եր կառուցել: Գործընթացը, սակայն, ձախողվել էր։

Ցուցադրել ավելի
Back to top button