ԿարևորՔաղաքական

ԼՂ կարգավիճակը՝ տարածաշրջանում կայունության նախապայման․ ԱՄՆ-ն կակտիվանա ԵԱՀԿ ՄԽ-ում

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի տևական քաղաքական լուծում է պետք, դրա անհրաժեշտությունն էական է տարածաշրջանային  կայունության ու խաղաղության համար՝  արձանագրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ՝  պատասխանելով  «Ռադիոլուրի» հարցին , թե որպես համանախագահ երկիր Միացյալ Նահանգներն ինչպե՞ս է տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարման ակտիվացումը  նոր իրողություններում և ինչպես է պատկերացնում հակամարտության կարգավորումը։

«Որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխուժացնել իր ներգրավվածությունը՝ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական լուծում, որը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը՝ թույլ չտալով նոր պատերազմներ»,-պատասխանել են դեսպանությունից և  հղում արել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությանը։  

Դեսպանությունն ուղղակի չի պատասխանել հարցին, թե տարածաշրջանում նոր պատերազմի հավանականություն տեսնո՞ւմ են, սակայն իր պատասխանում արձագանքել է, որ տեւական լուծումը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը՝ թույլ չտալով նոր պատերազմներ։

Դեսպանության մատնանշած հայտարարության մեջ Մինսկի խումբը Երևանին և Բաքվին կոչ է անում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը` դեռևս գոյություն ունեցող խնդիրները լուծելու և երկարաժամկետ խաղաղությանը նպաստող փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար: Դրանում նաև ընդգծվում է՝ հատուկ ուշադրություն է պետք դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորմանը՝ կողմերին քաջ հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա։

«Ռադիոլուրի» մյուս հարցերին՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների խախտման, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների ու ապաշրջափակման հեռանկարների վերաբերյալ, ԱՄՆ դեսպանությունը  չի անդրադարձել։

Ցուցադրել ավելի
Back to top button