ԿարևորՄիջազգային

Ի՞նչ էր գրում ամերիկյան մամուլը մեկ դար առաջ՝ հայկական հարցի մասին

Մեկ դար առաջ տեխնոլոգիաներն այսօրվա պես հասանելի ու արագ չէին, սակայն դա չէր խանգարում, որ ամերիկյան մամուլը հայկական հարցը ակտիվորեն լուսաբաներ, թերևս, ավելի շատ, քան հիմա,- ասում է գրականագետ, ավստրալահայ հետազոտող Արա Քեթիբյանը։ Օրեր առաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրա գրքի շնորհանդեսն էր։ Վերնագիրը՝ «Հայոց ցեղասպանություն. Նախերգանք և հետգրություն: Վաշինգտոն Փոստի 1890-1922 թթ հրապարակումները»։

1915 թիվ, 11-ը  հունիսի

Washington Post-ը գրում է.  

Բալկանյան նախարարը զգուշացնում է  Կոստանդնուպոլսի քրսիտոնյաներին. նրանք կարող են սպանվել

Կոնստանդնուպոլսից վերադարձած գերմանացի նախարարը փոխանցել է մեր կառավարությանը, որ Պոլսում խոսվում է քրիստոնյաներին, մասնավորապես, հայերին, ամբողջությամբ բնաջնջելու մասին։  Թալեաթ փաշան կառավարության նիստում բաց ասել է, որ Թուրքիայիում քրիստոնյաների համար չպիտի մնա թեկուզ մեկ սենյակ. դրանք բոլորը պետք է բնակեցվեն մուսուլմաններով։

Արա Քեթիբյանը արդեն 14 տարի ուսումնասիրում է  ամերիկյան մամուլը։ Նրա դիտարկմամբ՝ Նահանգներն այսօր փոխել է քաղաքականությունը հայկական հարցի շուրջ, փոխվել է նաև դրա լուսաբանումը։ Պարոն Քեթիբյանը համոզված է, որ մոտ ապագայում չի լինի ամերիկյան նահանգ, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչած չլինի։  Թուրքիայում էլ, ասում է, քիչ չեն երիտասարդները, որոնք ընդունում են, որ 106 տարի առաջ իրենց երկրում ոճրագործություն է իրակականացվել, բայց որ մի օր Թուրքիան պաշտոնապես կընդունի Հայոց ցեղասպանությունը, Արա Քեթիբյանն անհավանական է համարում.

 «Թուրքիայի ո՛չ այս, ո՛չ էլ հաջորդ սերնդից ես հույս չունեմ։ Նրանց քաղաքականությունը հայատյացության վրա է հիմնված։ Կարծում եմ՝ գոնե մի քանի սերունդ պետք է անցնի, որ որևէ դիրքորոշում փոխվի նրանց մեջ»։

Այն, ինչ ժամանակին խոսվել է ԱՄՆ Կոնգրեսում հայերի մասին, գրվել է մամուլում։ Արա Քեթիբյանը նկատում է, որ ի տարբերություն մեր օրերի՝ այն տարիներին դիվանագիտական ու քաղաքական գաղտնիքները չեն պահպանվել նույնքան խստորեն, որքան հիմա։ Ամերիկյանը մամուլը թերթելիս նա կարդացել է նաև նամակներ՝ ուղղված Թուրքիայում  ԱՄՆ դեսպանությանը՝ Վաշինգթոնից։

Washington Post-ի 32 տարվա հրապարակումները՝ 1890-1922 թվականների կտրվածքով, ամփոփոված են երկու հատորում՝ յուրաքանչյուրը կազմված 900 էջից։  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտ Հայկ Մկրտչյանը  հասցրել է ծանոթանալ միայն առաջին հատորին։ Ասում է՝ գրքում ֆանտաստիկ արխիվային նյութեր կան, փաստեր, ապացույցներ Հայոց ցեղասպանության, ջարդերի, հայկական հարցի վերաբերյալ․

«Շատ հետաքրքիր հոդվածներ կան հարկային քաղաքականության մասին։ Օսմանյան կայսրությում հայ ընտանիքը տղա երեխա ունենալու համար հարկ էր վճարում։ Ամեն երեխայի հետ հարկերն աճում էին, ինչը սոցիալական մեծ բարդությունների առաջ էր կանգնեցնում հայ ընտանիքներին»։

Ցեղասպանությանը նախորդած և հաջորդած տարիներին  Washington Post-ում հրապարակված հոդվածներն արժեքավոր տեղեկություններ են պարունակում, արխիվային կարևոր նյութեր են, որոնք կարող են օգնել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործին,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում  ասում է հեղինակը՝ Արա Քեթիբյանը.

«Հավաքածուն միայն Ցեղասպանության մասին չէ, թեպետ վերնագրում հենց դա է նշվում։ Սա ամբողջական պատմություն է հայկական հարցի վերաբերյալ։ Օսմանյան կայսրության փլուզման տարիների քաղաքականության մասին է, եվրոպայի հետ ունեցած կապերի, շատ ընդարձակ է  և արժեքավոր նյութեր է պարունակում։ Հատորները հասել են Քեմբրիջի, Օքսվորդի, Բոստոնի համալսարաններ, կան մեծ քաղաքների գրադարաններում, Կանադա են հասել, անգամ նոր Զելանդիա։ Արձագանքները կլսենք գալիք մի քանի տարիներին»։

Washington Post –ից բացի, Արա Քեթիբյանը ուսումնասիրել է նաև New York Times-ի, Chikago News-ի, Los Angeles News-ի բազմաթիվ համարներ: Ինչ է գրել ամերիկյան մամուլը 1890-1922թվականներին՝ Հայկական հարցի ու Հայոց ցեղասպանության մասին, ամփոփված է արդեն տպագրված  յոթհատորյակում: Բայց ուսումնասիրված նյութերը բավական շատ են, և առաջիկայում կհրատարակվի ևս 3 հատոր: Դրանցից մեկը կներկայացնի միայն Los Angeles Times-ի հրապարակումները։ Գրքերն անգլերեն են, հայերեն թարգմանություն նախատեսված չէ: Տասը հատորներից մեկն էլ ներկայացնում է ամերիկյան մամուլի հրապարակումները՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին. Այն կթարգմանվի ռուսերեն:

Ցուցադրել ավելի
Back to top button