ԿարևորՀասարակություն

«Երջանիկ եմ, որ անասնաբույժ եմ»․ անասնաբույժների մասնագիտական օրն է

Բժիշկը բուժում է մարդուն, անասնաբույժը՝ մարդկությանը։ Շուրջ  100 տարի պահանջվեց, որ բժիշկներն ընդունեն  այս միտքը և համախմբվեն  «մեկ առողջություն» գաղափարի շուրջ․

«Մեկ առողջության գաղափարն իր մեջ ներառում է կենդանիների, մարդկանց, բնության առողջությունը։ Հիմնական դերը անասնաբուժությանն է, որովհետև, ինչպես գիտենք, վարակիչ բոլոր հիվանդությունների 70 տոկոսը մարդուն անցնում է կենդանիներից»։

Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն է։  Արդեն երկրորդ տարին է անասնաբույժներին շնորհավորում է մասնագիտական տոնի առթիվ, որը Հայաստանում նշվում է հենց իր նախաձեռնությամբ․

«Դուք պետք է տեսնեիք անասնաբույժների ոգևորությունն ու հուզվածության աստիճանը, ինչքան էին ուրախացել էլեմենտար, շատ թեթև ուշադրությանից։ Մինչև այդ եղել են լքված, մոռացված։ Հիմա փորձում ենք ինչ–որ բան անել, հիշել, խրախուսել և անընդհանտ խոսել»։

Այսօր, բացի անասնաբույժներին հիշելուց ու նրանց մասին խոսելուց, նաև պարգևատրումներ եղան․ ընտրվեցին լավագույն ուսանող, կին անասնաբույժները, անասնաբույժ–գիտնականը և ոլորտում կարևոր ներդրում ունեցած այլ մասնագետներ։

«Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, որովհետև անասնաբույժ եմ ու սիրում եմ իմ մասնագիտությունը»․ ամենաերջանիկը Անասնաբույժների ազգային ասոցիացիայի նախագահ Արման Օհանյան է։ Ասում է՝ անասնաբուժությունը պատվաբեր մասնագիտություն է, որը հավակնում է դառնալ նաև ամենաեկամտաբերներից մեկը․

«Թանկ վարձատրվող մասնագիտություն է։ Անասնաբուժի կարիք այսօր ցանկացած համայնքում կա, և ցանկացած տնտեսություն այսօր գրկաբաց դիմավորում է անասնաբույժին և վճարում ամենաբարձր աշխատավարձը»։

Մասնագետները բուժում են կենդանիների հիվանդությունը, մարդկանց պաշտպանում հիավանդանալուց։ Օրինակ՝ նրանք են երաշխավորում այն մսամթերքի որակը, որը սպանդանոցից  հասնում է խոհանոց։ Սակայն Գեորգի Ավետիսյանը նշում է՝ եթե սպառողը անորակ միս է ուզում, անասնաբույժն ու վերահսկողն անզոր են․

«Հասարակության մի հատված կա, որը չի ցանկանում անվտանգ սննդամթերք օգտագործել, եթե հարցնես, կասեն՝ ցանկանում ենք, բայց փողոցից, մեքենաների արտանետվող գազերի ներքո վաճառվող կենդանական ծագման սննդամթերք կգնեն։ Ցավոք՝ մենք այդ ոլորտում որևէ իրավասություն չունենք, որովհետև մենք վերահսկում ենք միայն իրավաբանական անձանց, իսկ նման վաճառողները սովորաբար ֆիզիկական անձիք են»։

Նախորդ տարի Կառավարության որոշմամբ արգելվեց կենդանիների բակային մորթը։ Միս վաճառող բոլոր տնտեսվարողները պարտավորվեցին ունենալ տեղեկանք, որ միսը ստուգված է, անվտանգ և մորթված սպանդանոցում։ Ավետիսյանը նշում է, որ ինչպես բոլոր նորամուծությունների դեպքում, այս դեպքում ևս ամեն ինչ հարթ չընթացավ։

«Ստեղծել ենք սպանդանոցային խումբ, որն այս պահին մարզերում իրականացնում է մոնիթորինգներ, հասկանալու համար՝ ինչ պատկեր ունենք, և ասեմ, որ պատկերը բավականին լավն է։ Բողոքողների քանակը հասցվել է մինիմալի։ Մարդիկ արդեն համակերպվել և սկսել են հասկանալ, որ սպանդանոցային մսի այլընտրանք չկա»։

Ավետիսյանն ասում է՝ անասնաբույժի մասնագիտությունն իր կարևորությանը համարժեք  չի գնահատվում։ Փորձելու են անել ամենը, որ հասարակական գիտակցության մեջ մասնագիտության նկատմամբ վերաբերմունքը փոխվի։

Ցուցադրել ավելի
Back to top button