ԿարևորՔաղաքական

Եվրախորհրդարանի փոխնախագահը ԵՄ բոլոր երկրներին կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Եվրախորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն տեսաուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեպսանությունից։

«Ապրիլի 24-ին մենք նշում ենք Ցեղասպանության հիշատակի օրը՝ հիշելու համար հայ ժողովրդի դեմ կատարած վայրագությունները և ոգեկոչելու 1915 թ․-ից ի վեր Օսմանյան Կայսրության կողմից բարբարոսական դաժանությամբ իրագործած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Այս առիթով ես իմ համերաշխությունն եմ հայտնում ձեզ և կոչ եմ անում բոլոր իմ եվրոպացի քույրերին և եղբայրներին միանալ հայ ժողովրդին՝ հիշելով և ոգեկոչելով այս վայրագության և բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը։

Սա մի շատ կարևոր առիթ է խորապես մտորելու գիտելիքի և պատմական հիշողության անհրաժեշտության մասին։

Այսպիսի օրերն իսկապես մեծ արժեք են ներկայացնում, քանի որ դրանք հիշեցնում են մեզ անցյալում և ներկայում խտրականության և ատելության յուրաքանչյուր դրսևորման դեմ ամբողջ ուժով պայքարելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև ցեղասպանության ցանկացած քաղաքականության դեմ կտրուկ ընդդիմանալու անհրաժեշտության մասին, լինի այն նոր սկսվող, կամ արդեն ամբոջովին դրսևորված։

Ես թախանձագին խնդրում եմ ԵՄ բոլոր անդամ երկրներին ընդունել օրենսդրություն, որը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Թուրքիան մինչ օրս վճռականորեն ժխտում է այն, և, ցավոք, այս պահին միայն 30 կառավարություններ են ճանաչել 1915 թ․-ի իրադարձությունները։ Մենք պիտի անենք ավելին և ավելի լավ։ Ճանաչումը միայն ֆորմալ գործողություն չէ, այն նաև բացառիկ մի բան է՝ իր կարևորության և խոր իմաստի առումով։

Լռությունը, երկմտանքը, կեղծավորությունը քայքայում են հիշողության հավաքական օգտագործումը՝ ի վնաս ազատական ժողովրդավարությունների կենսական տարրերի, որոնք գնալով ավելի ու ավելի հարվածի տակ հայտնվում։

Այս և այլ ողբերգությունների վերաբերյալ հստակ դիրքորոշում ունենալը շատ կարևոր է, որպեսզի ավտորիտար և ավտոկրատ պետությունները չփորձեն աղավաղել ճշմարտությունը և չնպաստեն մեր հասարակության բևեռացմանը՝ ի վերջո խեղաթյուրելով իրականության ընկալումը։

Հուսով եմ, որ հաջորդ տարի ես վերջապես կկարողանամ ձեզ հետ նորից գնալ Ծիծեռնակաբերդ՝ Ցեղասպանության հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհելու անմար կրակի մոտ։

Բայց այսօր, շնորհակալություն հայտնելով այս հանդիսավոր և կարևոր արարողությանը մասնակցելու հնարավորության համար, ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել ձեզ իմ անսասան բարեկամության, իմ համերաշխության և առավելագույն նվիրվածության մեջ։

Եվ ես միանում եմ ձեզ բոլորիդ՝ փոխաբերական իմաստով բղավելով առ երկինք, ասելով, որ մենք հիշում ենք և պիտի շարունակենք հիշել»,- ասել է Եվրախորհրդարանի փոխնախագահը։

Ցուցադրել ավելի
Back to top button