ԿարևորՄիջազգային

Թուրքիայում պատրաստ են ԱՄՆ–ի կողմից Ցեղասպանության ճանաչմանը

Միացյալ Նահանգների որևէ վարչակազմ երբևէ այսքան մոտ չի եղել Ցեղասպանության ճանաչմանը, որքան Ջո Բայդենի վարչակազմը՝ պնդում են քաղաքագետներն ու վերլուծաբանները, նաև՝ միջազգային մամուլը։ Նրանք Ցեղասպանություն եզրույթի կիրառումն  այս տարի խիստ հավանական են համարում, նաև կարծում, որ  Թուրքիայում արդեն հաշտվել են այս հեռանկարի հետ։

Թուրքիայի իշխանությունները պատրաստ են այս տարի  ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն։ Վերջին օրերի թուրքական մամուլն ուսումնասիրելուց հետո այս հետևությունն արել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։ Նրա կարծիքով՝ սա կարևոր հանգամանք է։

«Հիմա ԱՄՆ–ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման  շանսերը ավելի քան երբևէ բարձր են։  Աննախադեպ իրավիճակ է նաև միջազգային հարաբերություններում, այդ թվում նաև Թուրքիա–ԱՄՆ հարաբերություններում, որը դրական դեր կարող է ունենալ Ցեղասպանության ճանաչման հարցում»,- ասում է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

Թուրքիայի հետ  հարաբերություններում  ԱՄՆ–ն այսօր կորցնելու ոչինչ չունի՝ կարծում է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը և հիշեցնում՝ այդ հարաբերություններն այնքան վատ են, որ մինչև հիմա Բայդենը Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույց չի ունեցել։

«Թուրքիայի արտգործնախարարը ԱՄՆ–ի հավանական դիրքորոշմանը ի պատասխան հայտնեց՝ «իրենք գիտեն, եթե ուզում են թող այդպես անեն»,– ասում է Կիրո Մանոյանը։

Տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ   ճնշում է Թուրքիայի վրա։ ԱՄՆ–ի ճանաչումը կարող է խթան դառնալ  այլ  պետությունների համար՝ կարծում է Կիրո Մանոյանը։

«Մինչև այսօր Ցեղասպանությունը չեն ճանաչել, օրինակ, Մեծ Բրիտանիան, Իսրայելը։ Չեն ճանաչել հենց Թուրքիային չանհանգստացնելու համար, բայց եթե Միացյալ Նահանգները անտեսի Թուրքիայի «նվնվոցը», և գործադիր իշխանությունը ճանաչի Ցեղասպանությունը, կարծում եմ՝ ավելի հեշտ կլինի այդ երկրների հետ աշխատել, որպեսի նրանք ևս ճանաչեն»։

Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանություն եզրույթն արտասանելու հավանականության մասին գրում է նաև ամերիկյան և միջազգային մամուլը։ Բայդենի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրը New York Times-ին հայտնել է, որ Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված իր ուղերձում պատրաստվում է հայտարարել, որ 1915-ի կոտորածները ցեղասպանական գործողություն են եղել։

Ամերիկյան CNN-ի անանուն երկու աղբյուր ևս հաստատել է այս տեղեկությունը: «Ապրիլի 24-ին, երբ ողջ աշխարհում տեղի են ունենում ոգեկոչման արարողություններ, իր հայտարարության մեջ Բայդենն ամենայն հավանականությամբ օգտագործելու է «ցեղասպանություն» եզրույթը»,- Reuters-ին ասել է լավատեղյակ աղբյուրը:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը նկատում է՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին խոսում է հիմնականում դեմոկրատական ուղղվածություն ունեցող մամուլը։

«Այսինքն՝ վարչակազմի հետ ուղիղ շփում և ինտենսիվ կապ ունեցող մամուլն է խոսում այս մասին, և, բնականաբար, ինֆորմացիան այստեղ պատահաբար չի հայտնվում։ Ես կարծում եմ, որ մամուլում հայտնվող տեղեկություններն էլ, ըստ էության, վկայում են, որ մեծ է շանսը, որ Բայդենը այս տարի այդ եզրույթը կօգտագործի»,– ասում է Սուրեն Սարգսյանը։

«Շատ աղբյուրներ են նշում այս մասին, և չեմ կարծում, որ սա անհամ կատակ է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների կողմից՝ մի բան ասելու և հետո չանելու։ Իրականում մթնոլորտ են պատրաստում հայերիս ու Թուրքիայի համար»,– ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյան։

Ապրիլի 21-ին Սպիտակ տան մամուլի ասուլիսին ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Ջեն Փսաքին, պատասխանելով Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին լրագրողի հարցին, նշել էր․ «Ես ակնկալում եմ, որ շաբաթ օրը մենք ավելին կունենանք ասելու Հիշատակի օրվա մասին»:

«Բնականաբար ինչպես սովորաբար լինում է, այս դեպքում էլ ԱՄՆ նախագահին առաջարկվել է ելույթի մի քանի տարբերակ Ցեղասպանության հիշատակության օրվա վերաբերյալ։ Փաստաթղթերից մեկում նաև օգտագործվում է ցեղասպանություն եզրույթը»,– մանրամասնում է Սուրեն Սարգսյանը։

Կիրո Մանոյանը թեև կարծում է, որ ԱՄՆ–ին պետք է դասել Ցեղասպանություն ճանաչած երկրների շարքում, քանի որ օրենսդիր մարմնի երկու պալատները բանաձև են ընդունել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ, բայց  նաև  կարևորում է, որ հենց այս տարի Բայդենը հնչեցնի «ցեղասպանություն» բառը․

«Ընդհանրապես, եթե նախագահը պիտի նման քայլեր անի, արդեն իր ղեկավարման առաջին տարվանից դրա ազդանշանը պիտի տա։ Սա ցույց տվեց նաև նախագահ Օբամայի արածը կամ ավելի շուտ չարածը»,– ասում է Կիրո Մանոյանը։

Արցախյան երկրորդ պատերազմից հետո, անկախ դրա  ելքից, միջազգային հանրության համար ակնհայտ դարձավ, որ թուրք–ադրբեջանական հակահայ քաղաքականությունը շարունակվում է՝ շեշտում է Կիրո Մանոյանը և ընդգծում՝ նաև այս համատեքստում  է խիստ կարևոր հենց այս տարի  Միացյալ Նահանգների նախագահի կողմից  Ցեղասպանության ճանաչումը։  

Back to top button