ԿարևորՀասարակություն

Վախն այլեւս հետաքրքիր չէ․ սյունեցիներն ինքնապաշտպանության համար զենք են ուզում

Արմեն Դավթյան
Սյունիք

Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն անցյալ տարվա նոյեմբերից ապրում են նոր պայմաններում։ Նոր սահմաններում նոր իրողությունները նոր լուծումներ են պահանջում, ինչին եւ սպասում են սահմանամերձ համայնքների բնակիչները։ Սահմանային գյուղերում ապրողները հաճախ են լսում կրակոցի ձայներ։ Իրենց խոսքով՝ անհանգիստ են, բայց չեն վախենում։ Մարզի պատասխանատուներն էլ շեշտում են՝ իրավիճակին հետեւում են, մտահոգությունների առանձնակի առիթներ չեն տեսնում։ Սյունեցիները նաեւ ինքնապաշտպանության համար զենք են ուզում։

2020թ․-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից եռակողմ հուշագիր կնքելուց հետո Սյունիքի սահմանամերձ համայնքներում կյանքը փոխվել է։ Գրեթե ամեն օր դիրքերից հրաձգության ձայներ են լսում բնակիչները, ինչը մտահոգությամբ արձանագրել են թե Մարդու իրավունքների պաշտպանը, թե մարզի պատասխանատուները։ Ապրիլի 21-ի ուշ երեկոյան էլ Կապանի տարածաշրջանի Դիցմայրի գյուղի մոտակայքի դիրքերում է հրաձգություն եղել։ Կապանի օդանավակայանի հարակից տարածքում գտնվող այս գյուղի բնակիչները «Ռադիոլուրի» հետ կիսվում են իրենց մտահոգություններով ու  դիտարկումներով։  Դիցմայրիի բնակիչ Արմեն Հայրապետյանի խոսքով՝ վախն արդեն իրեն հետաքրքիր չէ․

«Հոգնած ենք վախենալուց։ Ալիեւն ասում է, որ ճանապարհը չտաք, Զանգեզուրը վերցնելու եմ, ռուսներից էլ, չգիտեմ, իսկանդերը։ Դրա համար եմ ասում՝ հոգնել եմ վախենալուց, էլ հետաքրքիր չի վախենալը»

Նույն գյուղի բնակիչ Սուրիկ Հարությունյանը պատմում է՝ գյուղում կրակոցներ պարբերաբար լսում են։ Կրակոցների ձայներին սովորել են, բայց անհանգստություն ունի․Ես հեչ, բա թոռներս, ես մեծ մարդ եմ, ջհանդամը գյոռը, բա թոռնե՞րս»:

Մեկ այլ սահմանամերձ գյուղի՝ Կաղնուտի բնակչուհի Մելանյա Սաֆարյանին զարմացնում է հարցը՝ ի՞նչ վախի մասին է խոսքը․ «Պատերազմի ժամանակ սկի չենք գնացել գյուղիցէս ծառի տակ նստած կրակեցին՝ երեք հոգի մահացան։ Բայց էլ չենք լքել գյուղը»։

Պատերազմի օրերին, երբ կրակում էին, անկողինները վերցնում, իջնում էին նկուղ։  Տիկին Մելանյայի խոսքով՝ հիմա էլ չեն իջնում, որովհետեւ, իր ձեւակերպմամբ, «թեթեւ կրակոցներ են լինում դիրքերի վրա»։

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը հասկանում է մարզի բնակիչների անհանգստությունը։ Նոր իրողություններ են, նոր սահմաններ, սակայն սահմանամերձ համայնքների անվտանգությունն ապահովված է՝ շեշտում է․ «Կան մարդիկ, որ շատ անհանգստանալուց  խուճապ են առաջացնում։  Կան նոր իրողություններ, նոր սահմաներ, բայց պատերազմից հետո որեւէ  միջադեպ չենք ունեցել, որը լարվածության առիթ է տվել։ Կարծում եմ՝ գնալով լարվածությունը թուլանում է, ամեն ինչ պիտի անենք, որ թուլանա։ Դա շատ մեծ է աշխատանք էբոլորից կողմից փորձում ենք իրականացնել՝ բնակիչների հետ աշխատելուց։ Կարծում եմ՝ հասարակության մեծ մասը հասկանում է դա, եւ չեմ կարծում, որ մարզում խուճապային տրամադրություն է»։

Սահմանամերձ բնակավայրերում ապրողները  հետաքրքրված են նաեւ «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագծով։ Ըստ այդ նախագծի՝ առաջարկվում է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում հաշվառված եւ մշտապես բնակվող քաղաքացիներին, առանց 5 տարի նվազագույն ժամկետով ողորկափող որսորդական հրազեն ունենալու պահանջի, տալ նաեւ ակոսափող որսորդական հրազեն ձեռք բերելու իրավունք: «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը Ազգային ժողովում մեկ ամսով հետաձգվեց։ Սյունեցիները գտնում են՝ զենք անհրաժեշտ է, բայց դրա բաշխումը պիտի կանոնակարգված լինի։

Դիցմայրիի բնակիչ Սուրեն Հարությունյան․ «Զենքը տվալ են, համաձայն եմ։ Պիտի նախօրոք կազմված լինիպլան լինի, կամանդիր լինի, զենքը անհատապես չպիտի տալ, մի տեղ դրված լինի, երբ տրեվոգա լինի, ոնց որ բանակում, էդ զենքերը վերցնենք գնանք։ Էգուց ես ու դու կռիվ չանենք, զենքը քաշենք իրար վրեն»

Համագյուղացու հետ համաձայն չէ Արմեն Հայրապետյանը։ Գյուղի տները ցրված են՝ իրարից հեռու։ Դրա համար էլ պիտի ամեն մեկն իր տանը զենք ունենա՝ կարծում է։ «Զենքն էլ ա պետք, խոխա կա, երեխա կա, մի օր խմեն, սրսկվեն, մտնեն գյուղ։ Ի՞նչ ենք անելու։ 3 հոգով էլ մտնեն գյուղ, մենք առանց զենք ի՞նչ ենք անելու»։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ասում է՝ աշխատանքային այցով Մեղրիում հանդիպել է սահմանապահների հրամանատարության հետ, անհանգստությունների առանձնակի պատճառներ չի տեսնում։ «Առավոտյան սահմանին էլ էր հանգիստ, հրամանատարության հետ եմ խոսել, նման բան չեն ասել։ Վիճակը հանգիստ է»,-ասում է մարզպետը։

Նոր իրողությունները Սյունիքում նոր լուծումներ են պահանջում, ինչին եւ սպասում ենմ սյունեցիները՝ շեշտելով՝ իրենք ամուր են իրենց հողի վրա։   

Ցուցադրել ավելի
Back to top button