Հրամանը՝ ապրել

Նկուղում թխված հացը, կռիվն ու մուկը. «Հրամանը՝ ապրել»

Արցախի պետական համալսարանի ուսանողուհի Հելեն Ասրյանը սեպտեմբերի 27-ի առավոտյան արթնացավ ուժեղ պայթյունի ձայներից: Փոքր եղբայրը վախեցած էր ու անդադար հարցեր էր տալիս:

Գնաց պատշգամբ, որտեղ մայրն ու ավագ եղբայրը հետևում էին մառախուղի մեջ ընկղմվող Ստեփանակերտին: Հայրն արդեն առաջնագիծ էր գնացել, իսկ իրենք իջան նկուղ, հետո արդեն գնացին հորեղբոր տուն:

Հելենը հիշում է, որ նկուղը ավտոտնակ էր ու ինքը մեքենայի մեջ էր քնում, քանի որ տարածքում մուկ կար, որից վախենում էր: Նկուղը երբեմն տաքանում էր, երբ հորեղբոր կինը սկսում էր հաց թխել ու ինքն ամբողջ ընթացքում հենց այդ պահին էր սպասում, որ գոնե մի փոքր ջերմանար:

Հոկտեմբերի հինգին, երբ արդեն վտանգավոր էր Ստեփանակերտում մնալը, Հելենը մոր ու փոքր եղբոր հետ գնաց Երևան: Հիմա վերջին կուրսում է սովորում, պատրաստվում է գնալ ու ուսումը շարունակել Երևանում: Ասում է, որ Ստեփանակերտում քայլելիս մտածում է, թե ոչինչ էլ չի եղել, կյանքը նույն կերպ շարունակվում է ու պատերազմը լոկ մղձավանջ էր, որ էլ երբեք, անգամ երազում, չի կրկնվի. հույս ունի։

Ցուցադրել ավելի
Back to top button