ԿարևորՏնտեսական

Հայկական «նավթ»․ ինչ է ստանում Հայաստանը պղնձից և ինչ կարող է ստանալ

Հայաստանը պղնձի խտանյութի արտահանումից տարեկան շուրջ կես միլիարդ դոլար է ստանում։ Այս թիվը կարող էր 2 անգամ ավելի լինել, եթե խտանյութի փոխարեն պղինձ արտահանվեր։ Հայաստանում պղնձաձուլարան ունենալու հեռանկարը մասնագետները չեն բացառում․ պրոցեսը ծախսատար է, ռիսկային, բայց՝ հնարավոր։

Նախորդ տարի Հայաստանից արտահանվել է շուրջ կես միլիոն տոննա պղնձի խտանյութ, արժեքը՝ մոտ 600 մլն դոլար։ Վերջին 20 տարում արտահանված պղնձի խտանյութի ծավալը կազմել է գրեթե 3.5 միլիոն տոննա, արժեքը՝ ավելի քան 4 միլիարդ 76 միլիոն դոլար։

Տնտեսագետ Արմեն Քթոյանի կարծիքով՝ երկրի ընդերքից դուրս բերված պաշարը կրկնակի թանկ կգնահատվեր, եթե արտահանվեր ոչ թե խտանյութի, այլ հենց պղնձի տեսքով․

«Եթե արտահանվող խտանյութը 500 000 տոննա դիտարկենք, դրա մեջ պղնձի պարունակությունը 25-27% է, այսինքն՝ 125-130 000 տոննա պղնձի մասին է խոսքը։ Պղնձի համաշխարհային գինը 9 300 դոլար է, եթե բազմապատկենք, կստացվի 1 մլրդ–ից ավելի գումար։ 1.2 միլիարդի մուտք կարող էր ստանալ Հայաստանը մաքուր պղինձ վաճառելու դեպքում։ Այսօր պղնձի խտանյութի արտահանումից մենք ստանում ենք ուղիղ կեսը»։

Խորհրդային տարիներին միայն Ալավերդու պղնձաձուլական կոմբինատում տարեկան ձուլվել է 40-50 հազար տոննա մաքուր պղինձ։ ԵՊՀ Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների ամբիոնի վարիչ, երկրաբանական գիտությունների թեկնածու Շահեն Խաչատրյանի խոսքով՝ այժմ ձուլվում է տասն անգամ քիչ՝ շուրջ 5000 տոննա մաքուր պղինձ․

Պղնձաձուլարանի անհրաժեշտություն տեսնում է, ռիսկեր ու դժվարություններ՝ ևս, սակայն կարծում է՝ դրանք վերահսկելի են․

«Խտանյութից մետաղ ստանալու համար առանձին համալիրներ պիտի կառուցվեն, ներդրումներ արվեն, դա լուրջ կապիտալ ծախսեր է ենթադրում։ Հեշտ պրոցես չի, նաև շրջակա միջավայրի ազդեցության առումով։ Բայց դրանք վերահսկելի ռիսկեր են, կարելի է կառավարել»։

Ձուլարան ստեղծելը շատ ծախսատար է, ընդերքօգտագործողը դա չի անի՝ կարծում է երկրաբանը։ Պղինձ ձուլելն ու արտահանելն, ըստ նրա, եկամուտների մեծ, բայց դանդաղ հոսք է ենթադրում։

«Սա, ինձ թվում է, պետք է լինի պետական ծրագիր։ Պետությունը ընդերքօգտագործողի հետ  պետք է մտնի գործարքի մեջ, ասի՝ հարգելի Քաջարան, քեզ տալիս եմ էսքան միլիոն դոլար և այսքանով փայ եմ մտնում, համալիրը սարքում ենք, մետաղը ստանում եք, տնօրինում ենք մենք»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Վայոց ձորի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոսել էր պղնձի մասին՝ նկատելով Հայաստանն ամենահարուստ պաշարներով երկրներից է, բայց չի կարողանում լիարժեք օգտվել իր հարստությունից։ Վարչապետը կարծում է, որ Իրանի և Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը պղնձաձուլարան հիմնելու, խտանյութի փոխարեն պղինձ արտահանելու ավելի մեծ հնարավորություններ կբացի։

«Երկաթուղու բացումը մեզ հնարավորություն կտա Հայաստանում պղնձաձուլարան հիմնել: Սա նշանակում է, որ ոչ թե հանքաքար կարտահանենք, այլ մետաղ կարտահանենք, նաև մետաղի վերամշակված ապրանք՝ պղնձալար, կաբել»:

Տնտեսագետ Արմեն Քթոյանը նշում է՝ պղնձաձուլարան հիմնելու տեսական հնարավորություն կա։ Որպեսզի այն գործնական դառնա, մի շարք լուրջ խնդիրներ պետք է լուծվեն։

«Մենք պետք է լուծենք էներգիայի խնդիրը, որը անհրաժեշտ է պղինձ ձուլելու համար։ Պղինձի հանքաքարի մեջ պղնձի պարունակությունը 27% է, գրեթե նույնքան երկաթ կա, մինչև 30%–ը ծծումբի պարունակություն է։ Պատկերացրեք՝ ինչքան պղինձ ստանանք, այդքան էլ ծծումբ ենք ստանալու և պետք է մտածենք՝ այն  ինչպես, որտեղ ենք իրացնելու, մենք այդ շուկան չունենք, պահեստավորման հնարավորություն չկա»։

Հայաստանը, այնուամենայնիվ, ունի պղնձի միջոցով տնտեսական վիճակը բարելավելու լուրջ հնարավորություն։ Պղնձի ծավալների մասին ամբողջական և ճշգրիտ տվյալներ չկան, սակայն տնտեսագետը, դիտարկելով առանձին հանքավայրերի պաշարները, եզրակացնում է՝ հումքն իսկապես շատ է։ Ձուլարան ունենալու դեպքում այն կարող ենք շահագործել տասնյակ տարիներ․

«Օրինակ՝ Քաջարանի հանքավայրում հանքաքարի պաշարները գնահատվում է 2.1 միլիարդ տոննա։ Եթե տարեկան արդյունահանում է մոտ 18 միլիոն տոննայի կարգի, այդ հզորությամբ ընդերքը շահագործելու դեպքում հանքավայրը մեզ կբավարարի դեռ 100 տարուց ավելի։ Թեղուտի հզորությունը մոտ 7 միլիոն տոննա է, պաշարները կբավարարեն 40-50 տարի»։

Համաշխարհային շուկայում ավանդական ավտոմոբիլաշինությանը փոխարինելու է գալիս էլեկտրամոբիլների արտադրությունը, որի համար սովորականից 4 անգամ ավելի շատ պղինձ է օգտագործվում։ Ավանդական էներգետիկային փոխարինում է այլընտրանքայինը, որը 2-3 անգամ ավելի պղինձ է պահանջում։ Այս իրողություններ են նպաստում, որ պղնձի պահանջարկն օր օրի ավելանա, առաջարկը՝ պակասի։

Արդյունքում՝ մեկ տոննա պղինձի գինն այժմ պատմական ամենաբարձր մակարդակում է՝ 9300 դոլարի շրջակայքում։ Տնտեսագետները կանխատեսում են, որ ոչ հեռու ապագայում պղնձի գինը կարող է հատել  15 000 դոլարի սահմանագիծը։

Ցուցադրել ավելի
Back to top button