ԿարևորՀասարակություն

Կհաջորդե՞ն ԵԽԽՎ հայտարարությանը գործնական քայլեր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի կոմիտեն  հայտարարություն է ընդունել՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին։ Գործնական ի՞նչ քայլեր կարող են հաջորդել այս հայտարարությանը, և իրական ի՞նչ սպասելիքներ կարող է ունենալ հայկական կողմը․ Հոդված 3-ի հեռավար քննարկման ժամանակ  «Ռադիոլուր»-ն այս հարցն ուղղեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանին։ Նրա դիտարկմամբ՝  Ադրբեջան-Թուրքիա տանդեմը վաղուց է ապացուցել, որ միջազգային կառույցների հայտարարություններն իրենց համար կարող են որևէ նշանակություն չունենալ․

«Մոնիտորինգի հանձնաժողովի այդ հայտարարությունը ընդամենը ֆիքսում է փաստը, ինչպես օրինակ շատ երկրներ կան, որոնք ընդունել են հայոց ցեղասպանությունը, բայց դա չի օգնել, որ Թուրքիան էլ ընդունի կամ փոխհատուցում ստանանք։ Պետք է հասկանանք, թե  այդ հայտարությունն ինչպես օգտագործենք»,-ասում է Թևան Պողոսյանը։

«Միաբան» նախաձեռնությունը հայ ռազմագերիների խնդրին ուշադրություն հրավիրելու նպատակով մի քանի ամիս ակցիաներ է անցկացնում տարբեր երկրներում, նաև Հայաստանում՝ տարբեր դեսպանատների դիմաց։ Նախաձեռնության անդամ Սեդա Գրիգորյանն ասում է, որ դրանք կարևոր են տվյալ երկրի ՏԻՄ կառույցներին խնդիրը լսելի դարձնելու համար։ Համավարակով պայմանավորված՝ ակցիաները սակավամարդ են, հաճախ՝ միանձնյա, բայց դրանք լինելու են շարունակական։ Սեդան արձանագրում է․  թեպետ ամեն օր աշխարհի տարբեր ծայրերում ակցիաներ են իրականացվում, այնուամենայնիվ, հետպատերազմյան սփյուռքն, ասես, «մոլորվել» է․ եթե պատերազմի ժամանակ սփյուռքի առջև դրված խնդիրը հստակ էր, իսկ անելիքները՝ պարզ, ապա այսօր իրավիճակը փոխվել է։ Անդրադառնալով ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեի արված հայտարարությանը՝ «Միաբան» նախաձեռնության անդամը կարևորեց իրենց ակցիաների առավել ակտիվացումն այս շրջանում․

«Մենք մեր կարողությունների չափով սփյուռքում պետք է մեծացնենք ճնշումը տվյալ երկրի կառավարության, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների վրա և նրանց համար օրակարգային դարձնենք այս հարցը, որովհետև ամեն րոպեն կարող է թանկ արժենալ հայ ռազմագերիների առողջության և կյանքի համար»,-ասում է Սեդա Գրիգորյանը։

Ռուսաստանը, որպես գերտերություն, չի կարողանում կատարել Արցախյան պատերազմում ստանձնած միջնորդի պարտավորությունները, այս կարծիքին է «Ազատ քաղաքացի» կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։ Նրա համոզմամբ՝ արևմուտքը պատերազմից հետո չի հաշտվում այն փաստի հետ, որ տարածաշրջանում եթե ոչ միակ, ապա առնվազն գլխավոր խաղացողը Ռուսաստանն է։ Հովսեփ Խուրշուդյանը չի բացառում, որ պատերազմից հետո արձանագրված  մարդու իրավունքների խախտման դեպքերը, գերիների հարցը արևմուտքը կարող է օգտագործել Ռուսաստանի դեմ։ Նա հիմնավոր չի համարում տեսակետը, թե Ադրբեջանը ուշադրություն չի դարձնի արևմուտքից հնչող կոչերին։ Ասում է՝ հակառակը՝ կզգուշանա եվրոպայից, որովհետև չի կարող արևմուտքի հետ վարել սառը պատերազմ, ինչը, պայմանականորեն, անում են Թուրքիան և Ռուսաստանը։ Ալիևը հայտարարեց, թե արևմուտքը չի պատրաստվում ֆինանսապես աջակցել Արցախի դեօկուպացված տարածքներում վերաբնակեցման և վերականգնման աշխատանքներին, սա խոսում է, որ Ադրբեջանն այնքան ինքնաբավ չէ, որքան երևում է․

«Այսօր Բաքուն փաստորեն իր քայլերով նպաստում է Ռուսաստանի միջնորդության արժեզրկմանը և սա բերելու է նրան, որ Ռուսաստանը ավելի մեծ ճնշում գործադրի Բաքվի վրա՝ հանելու անարդյունավետ միջնորդի խարանը միրջազգային հանրության աչքում, կամ ստիպված է լինելու զիջել իր դիրքերը էլ ավելի կարող ուժերի»,-ասում է Հովսեփ Խուրշուդյանը։

Հանրային քննարկման մասնակիցների համոզմամբ կարևոր է, որ հայկական կողմը ճիշտ թիրախավորի միջազգային կառույցների հնարավորությունները և գործիքակազմը, որպեսզի արձագանքները, հայտարարությունները և կոչերը չմնան թղթի վրա, այլ վերածվեն շոշափելի, գործնական արդյունքի։ Դա միակ և հետևողական ճանապարհն է ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ հայ ռազմագերիներին օր առաջ տուն վերադարձնելու համար։ 

Ցուցադրել ավելի
Back to top button