ԿարևորՀասարակություն

Ինչի՞ մասին են խոսում «պատերազմի թվերը»․ դրանք ներկայացվել են Ազգային ժողովում և Կառավարությունում

Պատերազմից հետո հնչող շահարկումներն ու ասեկոսեները ստիպում են, որ տարբեր կառույցներ հրապարակեն «պատերազմի» թվերը։ Գաղտնիություն պահանջող տվյալները, սակայն, կներկայացվեն փակ դռների հետևում։ Այսօր կառավարությունում և խորհրդարանում խոսել են հենց այդ թվերի մասին՝ զոհերի, անհետ կորածների, վիրավորների իրական թվերից  մինչև «Համահայկական» հիմնադրամ փոխանցված ու հետո ծախսված գումարներ։  

44-օրյա պատերազմի իրական թվերը այսօր առաջին անգամ ներկայացվեցին Ազգային ժողովում։ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  նիստին մասնակցում էր Պաշտպանության նախարարության զինծառայողների առողջապահական, սոցիալական  պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը։ Նա ասաց՝ այս պահի դրությամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ է ուղարկվել զոհված զինծառայողներին առնչվող 3039 գործ․

«Սա, խնդրում եմ, վերջնական չհամարել։ 2500–ի գործի մասով արդեն կա որոշում, որպեսզի փոխհատուցումը Հիմնադրամի կողմից վճարվի։  Այսօրվա դրությամբ էլ ունենք, ցավոք սրտի, անհայտ կորած անձինք, որոնց կարգավիճակը դեռ անհայտ է։ ՊՆ–ում ստեղծվել էր մի հանձնաժողով, որը ներկայումս դեռ գործում է։ Զբաղվում էր գերիների, անհայտ կորածների տվյալների հավաքագրմամբ։ Սկզբնական շրջանում ներկայացված է եղել 1070 անձի գործ, բայց  հետագայում ճշգրտումներ են կատարվել, պարզվել է, որ մի մասը ողջ են, մի մասը ծառայության մեջ են նույնիսկ, որոշ մարդկանց մասով, ցավոք, պարզվել է, որ զոհված, հուղարկավորված են։ Այս պահի դրությամբ Հիմնադրամում առկա է 556 գործ»։

Պատերազմի ժամանակ վիրավորում ստացած 9 հազարից ավելի զինծառայող կա։ Պատգամավորները կարևորում էին իրական թվերի հրապարակումը՝ համոզված, որ դա կօգնի խուսափել շահարկումներից։ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան․«Զոհ ավելացնելը, դա, կներեք, անթույլատրելի է։ Եթե ունենք 3500 հաստատված զոհ, պետք է խոսենք 3500 զոհի մասին։ Չասենք՝ 5 հազար, 10 հազար և այլն»։

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյան․ «Սա շատ կարևոր է, և կօգնի, որ նաև շահարկումներից խուսափենք»։

Պատերազմին վերաբերող որոշ թվեր հրապարակել էր նաև Ադրբեջանը։ Այս երկրի զինդատախազությունը նույնականացրել է 44-օրյա պատերազմի ավելի քան 2889 զոհվածի մարմին։ Հայտնել է նաև, որ 1481 զոհվածի նույնականացումը կատարվել է բացառապես հատուկ փորձաքննությունների, ներառյալ` ԴՆԹ անալիզների օգնությամբ։ Միաժամանակ, չի հրապարակվում, թե դեռևս չնույնականացված քանի մարմին կա։ Անհետ կորածների թիվը 386 է։

ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովի այսօրվա նիստի իրական նպատակը 44-օրյա պատերազմի մասնակիցների սոցաջակցության ծրագրերի քննարկում էր։ Փորձում էին հասկանալ՝ ի՞նչ խնդիրներ ունի այս ուղղությամբ Պաշտպանության նախարարությունը,  ինչո՞վ կարող է օգտակար լինել օրենսդիր իշխանությունը։ Հիմնական խնդիրը, որ հստակ ամրագրվեց՝ բյուրոկրատական քաշքշոցների և հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է։   

Պատերազմի հետ կապված կոռուպցիոն ռիսկերն ու շահարկումները այսօր նաև կառավարության ուշադրության կենտրոնում էին։ Ի՞նչ եղավ «Հայաստան» համահայկական հիմնադրամից պատերազմի օրերին բյուջեին փոխանցված գումարը։ Արդյո՞ք այդ միջոցներից են տրվել պարգևավճարներ, ինչպես գրում էր մամուլը։ Վարչապետն ասաց՝ այդ մասին կխոսեն խորհրդարանում՝ դռնփակ քննարկման ժամանակ․

«Ազգային ժողովում բյուջեի կատարման մասին հաշվետվության ժամանակ դռնփակ ռեժիմով մանրամասն կներկայացվեն ռազմական դրության հետ կապված ծախսերը: Պետք է տող առ տող ներկայացնել այն, ինչ հրապարակային չենք կարող ասել, տող առ տող ներկայացվի, թե 120 միլիարդ դրամն ինչի վրա է ծախսվել, որպեսզի այս թեման անշրջելիորեն և վերջնականապես փակվի»։

Ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերի համար կառավարությունն իրականացրել է շուրջ 120 միլիարդ դրամի հատկացում: Այդ 120 միլիարդ դրամից 52 միլիարդ դրամն է, որ հատկացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Այն, որ կառույցում վստահում են կառավարությանը, վարչապետը հիմնավորում է հենց Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հայտարարությամբ․

«Մարտի 15-ին տեղի ունեցած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ներկայացրել եմ ընդհանուր առմամբ ծախսերի բացվածքը: Արդյունքում՝ հոգաբարձուների խորհուրդը տարածել է հայտարարություն և վստահություն հայտնել, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։ Սա արձանագրված փաստ է»:

Պատերազմի 44 օրվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցվել  212 միլիոն դոլար: Սա այն դեպքում, երբ 28 տարվա ընթացքում հանգանակվել է 247 միլիոն դոլար։ 3 տարվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով Արցախում 110 միլիարդ դրամի ենթակառուցվածքային և բնակարանաշինության ծրագիր կիրականացվի։ Այդպիսի խոշոր ծավալով աշխատանք «Հայաստան» համահայկական հիմնադրամը երբևէ դեռ չի արել,- հայտարարել է գործադիրի ղեկավարը։

Ցուցադրել ավելի
Back to top button