ԿարևորՀասարակություն

Ի՞նչ խնդիրներ ունեն Հադրութի, Շուշիի, Մարտունու և Ասկերանի շրջաններից տարհանված բնակիչները

Արցախի շուրջ 40 հյուրանոցային տնտեսություններում ներկա դրությամբ ավելի քան 1300 տարհանված քաղաքացի է ապաստանել։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Վաչե Վարդանյանը:

Ստեփանակերտի «Ախթամար» և «Մենուա» հյուրանոցներում ժամանակավոր ապրում են Հադրութի, Շուշիի, Մարտունու և Ասկերանի շրջաններից տարհանված բնակիչներ: «Ախթամար» հյուրանոցում ժամանակավոր ապրող Հադրութի շրջանի Թաղասեռ համայնքի 63-ամյա բնակչուհի Սվետա Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արցախյան երրորդ պատերազմի ընթացքում հոկտեմբերի սկզբին են տեղափոխվել Երևան և մինչև հունվարի վերջ ապրել են հյուրանոցում՝ հինգ մեծահասակներով և երեք երեխաներով:

Հունվարի վերջին տիկին Սվետայի ընտանիքը տեղափոխվել է Ստեփանակերտ և առայսօր ապրում է հյուրանոցում: «Չեմ ուզում լսել պատերազմի անունը, հենց հետ եմ նայում՝ այդ օրերի արտահերթ անասելի դղրդյուններն եմ հիշում: Հիշում եմ, թե ինչպես հագիս շորով, որոշ փաստաթղթեր մի կերպ իրար կողք գցելով, ճարահատ թողեցինք մեր գյուղը և գնացինք Երևան:Թաղասեռում երեք տուն ունեի, լավ ապրուստ, տնամերձ հողատարածքներ, խոզեր, կովեր, հավեր. որևէ բողոք չունեի: Երկու տղա ունեմ ամուսնացած. առանձին էինք ապրում, ամուսինս դեկտեմբերին է մահացել՝ հիվանդության պատճառով: Չեմ կարող հաշտվել այսօրվա իրականության հետ, չեմ ուզում հիշել մեր անհոգ և ուրախ օրերը, որոնք կապված են Թաղասեռի հետ: Տա Աստված, որ մի օր հասցնեմ տեսնել իմ գյուղը, իմ տունը և «հանդավարը»»,- պատմել է տիկին Սվետան:

Իր կյանքի ողջ ընթացքում արարած կինը շատ է ցանկանում, որ առանձին տուն տրամադրեն, կարողանա հող մշակել, ծառ տնկել: Նաև աշխատանք է փնտրում մասնագիտությամբ բուժքույր դստեր համար։ Խոսելով պետական աջակցության ծրագրերից օգտվելու մասին՝ մեր զրուցակիցը նշել է ՝ ստացել են 300 հազարական դրամները, ստանում են 68 հազարները: ԿԽՄԿ-ն մի քանի անգամ սնունդ է տրամադրել:

Տիկին Սվետան գոհ է հյուրանոցի պայմաններից, աշխատակիցների վերաբերմունքից, անվճար տրամադրվող երեքանգամյա սննդից, մաքրությունից, բայց և ամեն խոսքի մեջ ընդգծում է, որ ինչքան էլ լավ լինի ամեն ինչ, ինքն իր հարազատ տունն է ցանկանում՝ հույսով, որ իր երազանքը շուտով կիրականանա։

Շուշիից տարհանված Սվետլանա Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ինքը 12 տարի ապրել է Սումգայիթում, այնուհետև տեղափոխվել Ուկրաինա, որից հետո Ստեփանակերտ, իսկ վերջին շրջանում բնակվել է Շուշիում:

Ս. Խաչատրյանը դառը ժպիտով է վերհիշում, որ 4 անգամ տուն ու տեղ է կառուցել, բայց այսօր մնացել անտուն:

«Աշխատում էի փրկարար ծառայությունում՝ որպես դիսպետչեր, այժմ թոշակառու եմ: Պատերազմի օրերին, շենքի հարևաններին տեղավորեցի ապաստարաններում, օգնեցի՝ ինչով կարող էի, ապահովեցի նրանց անվտանգ տեղաշարժը՝ հաշվի առնելով իմ աշխատանքային փորձը: Ունեմ երկու տղա, որոնցից մեկը մինչ պատերազմը ընտանիքի հետ տեղափոխվել էր Ռուսաստանի Դաշնություն, Հյուրանոցում ապրում եմ ամուսնուս և փոքր որդուս հետ: Ամեն ինչից գոհ ենք, չեմ ուզում բողոքել, որովհետև գիտեմ, որ ավելի վատթար պայմաններում ապրողներ կան, շատ խնդիրներ ունեն: Լավատես եմ էությամբ, գիտեմ, որ անպայման Շուշին կրկին մերն է լինելու: Խորհուրդ եմ տալիս բոլորին չկոտրվել, լինել ուժեղ և ամուր: Մենք հայ ենք և այս անդառնալի կորստն ու ցավն էլ ենք չմոռանալով հաղթահարելու»,- մասնավորապես ավելացրել է Ս. Խաչատրյանը՝ նշելով, որ պարբերաբար օգտվում է պետական աջակցության ֆինանսական ծրագրերից:

Ս. Խաչատրյանն իր գոհունակությունն է հայտնել հյուրանոցի աշխատակազմից, ովքեր բարեսիրտ են իրենց նկատմամբ: Նա տեղեկացրել է, որ հատուկ իրենց համար տեղադրվել են մի քանի լվացքի մեքենաներ, որոնցից հավասար կերպով օգտվում են բոլոր բնակիչները: Մեկը մյուսին օգնում է, փորձում ձեռք մեկնել և թեթևացնել մյուսի հոգսը:

«Մենուա» հյուրանոցում ժամանակավոր ապրող երկու փոքրիկների մայր 29-ամյա Նանար Արզումանյանը Շուշիում թողել է իր տունը, տեղափոխվել Երևան, այնուհետև Ստեփանակերտ: Ամուսինը զինվորական է:

«Հյուրանոցն անվճար են տրամադրել: Օրվա սննդի հարցերը լուծում ենք ինքներս՝ սեփական գումարով: Երախաս դպրոցահասակ է մի քանի անգամ դիմել եմ մայրաքաղաքի մի քանի դպրոցներ, որտեղ մերժում եմ ստացել, որպես պատասխան լսելով տեղ չլինելը: Մայիսի մեկից Շուշիի պետական մանկապարտեզի շենքը կբացվի Տիգրան 33 հասցեի բնակելի շենքի առաջին հարկում, որտեղ կհաճախեն մեր երեխաները: Պետությունը վերմակներ է տրամադրել, որոշ չափով՝ հագուստ։ Մի քանի անգամ ԿԽՄԿ֊ն սննդով է աջակցել, սոցալական աջակցության ծրագրերից էլ ենք օգտվել։Չենք բողոքում ոչ մեկից, բայց և այս անորոշ վիճակն էլ անելանելի է թվում։ Ուզում ենք օր առաջ մեր տուն վերադառնալ՝ մեր պատմական բերդաքաղաք»- ներկայացրեց մասնագիտությամբ քաղաքագետ Ն. Արզումանյանը և հավելեց, որ աշխատանք է փնտրում ընտանիքի հոգսը թեթևացնելու համար։

Հյուրանոցներում ապրող որոշ քաղաքացիներ թեև չցանկացան լուսանկարվել ու պատասխանել մեր հարցերին, բայց գոհունակություն հայտնեցին մարդկանց վերաբերմունքից։ Նրանց հետ պարզապես զրուցեցինք՝ առանց ձայնագրելու։

Ցուցադրել ավելի
Back to top button