ԿարևորՀասարակություն

Ցեղասպանության թանգարանում ներկայացվել է 30 վերապրած ընտանիքի պատմություն․ նրանց գտել են աշխարհի տարբեր երկրներում

Այսօր «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» ժամանակավոր ցուցադրության բացումը: Ցուցադրությանը ներկայացված էին հայոց ցեղասպանությունը վերապրածների, այդ թվում նաև ցեղասպանության թանգարանի աշխատակիցների, շուրջ երեք տասնյակ ընտանիքների պատմությունները։

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ի տնօրեն Հարություն Մարության․ «Ներեք իմ համարձակությունը, բայց սա առաջին թանգարանային ցուցադրությունն է, որտեղ այսքան մեծ մասշտաբով ներկայացված են ցեղասպանությունը վերապրածների պատմությունները։ Այսօրվա երեխաները, երիտասարդները պետք է ծանոթանան 100 տարի առաջ իրենց հայրենակիցների ճակատագրերին և այս ցուցադրությունը հիանալի հնարավորություն է նրանց համար»։

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ի թանգարանային ցուցադրությունների բաժնի վարիչ Սեդա Պարսամյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է՝ ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին գտել են աշխարհի տարբեր ծայրերում՝ ԱՄՆ-ում, Արգենտինայում և անգամ հենց թանգարանի աշխատակիցների շարքում․

«Աշխատանքը շատ մեծ էր և պատասխանատու, բայց մեզ հաջողվեց գտնել աշխարհի տարբեր ծայրերում ցեղասպանությունը վերապրած մարդկանց ժառանգներին։ Հավաքագրել ենք պատմություններ, որոնք առաջ որևէ տեղ չեն հնչել, ցեղասպանությունը վերապրած մարդկանց պատկանող իրեր, լուսանկարներ, ձեռագրեր ենք ներկայացնում, որոնք առաջ որևէ տեղ չեն ցուցադրվել, բայց փաստում են մեկ դար առաջ տեղի ունեցած հայոց ցեղասպանությունը, և այս տեսանկյունից ցուցադրությունը բացառիկ է»։

Ցուցադրել ավելի
Back to top button