ԿարևորՔաղաքական

Տարածաշրջանային մարտահրավերները՝ Վրաստանի պետանվտանգության ծառայության զեկույցում

Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հրապարակած վերջին զեկույցում երկրի առջև ծառացած մարտահրավերների շարքում ներառել է նաև տարածաշրջանային նոր իրողությունները։ Պաշտոնական Թբիլիսիին մտահոգում է հատկապես տարածաշրջանում Ռուսատանի դիրքերի ամրապնդումը։ Զեկույցում տեղ են գտել նաև երկրի էթնիկ հայ և ադրբեջանցի քաղաքացիների միջև լարվածություն սերմանելու փորձերը։  

Վրաստանի անվտանգության պետական ծառայության զեկույցում, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը ներկայացվում է որպես «2020-ի տարածաշրջանի առանձնահատուկ խնդիր»,  նշվում է, որ որոշ շահագրգիռ կողմեր փորձել են հակամարտությունը տեղափոխել նաև Վրաստանի էթնիկ խմբերով բնակեցված շրջաններ՝ խաթարելու առկա խաղաղ համակեցությունը։ Վրաստանում քաղաքական հարցերով փորձագետ Եգոր Կուրոպտևը նշում է․

«Բազմազգ Վրաստանի համար ամենակարևորն այդ օրերին ներքին խնդիրների վրա ուշադրություն կենտրոնացնել է՝ հաշվի առնելով հայկական ու ադրբեջանական մեծ համայնքների առկայությունը։ Լարվածություններն ու պատերազմները որևէ կերպ չպիտի դիպչեն Վրաստանի ազգությամբ հայ և ադրբեջանցի քաղաքացիներին»։

Քաղաքագետ Գելա Վասաձեն կարծում է՝ ամեն անգամ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունները և հատկապես Ղարաբաղում վերջին պատերազմը լուրջ անհանգստություն են առաջացրել Վրաստանում։ Հայաբնակ ու ադրբեջանաբնակ շրջաններում հիմնականում օգտվում են համապատասխանաբար՝ հայկական ու ադրբեջանական (նաև ռուսական) լրատվամիջոցներից։ Այդ օրերի ապատեղեկատվական հոսքերին էլ Թբիլիսին չի կարողացել արդյունավետ արձագանքել․

 «Վրաստանը, որ ունի հակամարտող հարևաններ, երկրում հայկական ու ադրբեջանական մեծ համայնքներ, չունի ռուսալեզու հեռուստաընկերություն կամ հայերենով ու ադրբեջաներենով լրատվամիջոցներ՝ ներկայացնելու պետական դիրքորոշումը»։

Ըստ Վասաձեի, զեկույցում պակասում է ոչ միայն այս կետը, այլ թե ինչպես կարող է Վրաստանն ազդել կամ օգնել հարևաններին։ Վրաստանը, ըստ նրա, կարողացել է չեզոք դիրքում մնալ պատերազմի ողջ ընթացքում, իսկ այսօր իսկապես կարող է բանակցությունների հարթակ դառնալ․ «Այն, ինչ կարող է Վրաստանն անել այսօր՝ երկու կողմերին հարթակ տրամադրել՝ հոգ տանելով, որ ժամանակին հյուրասիրություն լինի»։

Վասաձեն տարածաշրջանում Ռուսատանի դիրքի ամրապնդում չի տեսնում։ Ըստ նրա՝ Ռուսաստանն ամրապնդել է իր դիրքերը Հայաստանում, Թուրքիան՝ Ադրբեջանում։ Իսկ ընդհանրապես վրացի փորձագետներին Թուրքիայի ակտիվացումը տարածաշրջանում չի անհանգստացնում այնպես, ինչպես Ռուսաստանինը։    

Վրաստանում որոշ անհանգստություններ էլ կան տարածաշրջանային ենթակառուցվածքների ապշրջափակման պարագայում Վրաստանի տարանցիկ դերի նվազման հարցով։

Տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության հարցն անցած շաբաթ նախագահ Արմեն Սարգսյանի Վրաստան պաշտոնական այցի ընթացքում վրաց գործընկերների հետ հանդիպումների առանցքում էր։ Նախագահի խոսքով՝ մեր տարածաշրջանում առանց Արցախի հարցի արդարացի և վերջնական լուծման կայունությունն ու խաղաղությունն անհնարին է լինելու: Վրաստանում ավելացնում են՝ կայունությունը նաև անհնար է լինելու՝ առանց Վրաստան-Ռուսատան հակամարտության լուծման։

Ցուցադրել ավելի
Back to top button