ԿարևորՀասարակություն

Նոր ծրագրեր՝ Սյունիքի սահմանամերձ համայնքների համար․ հատուկ խումբը գնահատում է կարիքները

Արմեն Դավթյան
«Ռադիոլուր»-Սյունիք

Սյունիքի տարբեր համայնքների համար տարբեր ծրագրեր են մշակվել՝ ըստ կարիքների եւ առանձնահատկությունների։ Մինչ մշակելը նախ ուսումնասիրվել են խնդիրները։ Դրանց շրջանակում, օրինակ, Կապանի  Կաղնուտ եւ Ներքին Հանդ սահմանամերձ գյուղերի բնակիչներին կցորդիչներով մոտոբլոկներ են հատկացվել։ Վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար, վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի փոխանցմամբ՝ այլ ծրագրեր էլ կան՝ ըստ համայնքների կարիքների։  

Սյունիքի մարզի սահմանամերձ Կաղնուտի բնակչուհի 80-ամյա Ամալյա տատին ոգեւորել է միտքը, որ «բաղ-բոստանում վարուցանքը կհեշտանա»։ Կառավարությունը գյուղացիներին կցորդիչով մոտոբլոկ է հատկացրել։

76-ամյա Համլետ Օհանյանը ծանոթ է  տեխնիկային, իր անունը ցուցակում կա, ուղղակի չգիտի՝ որ գույնն իրեն կսազի՝ կարմի՞րը, թե՞ կապույտը։ Հետո փոշմանում է՝ որը կընկնի, թող ընկնի, կարեւորը՝ գիտի, թե ոնց է օգտագործելու։ Իսկ կատակը մի կողմ թողնելով ասում է՝ նոր տեխնիկայի լուրջ կարիք ունեն։

Կառավարության միջոցներով ձեռք բերված  մոտոբլոկներից 13-ը հատկացվել է Կապանի Կաղնուտ, 12-ն էլ՝ Ներքին Հանդ գյուղերին։ Գյուղսարքավորումներ ստացել են այն ընտանիքները, որոնք մշտապես բնակվում են այդ գյուղերում եւ ունեն անդամներ, որոնք կարող են օգտագործել տեխնիկան։ Պայմանագիրը կնքվում է անհատապես, իսկ տեխնիկա ստացող գյուղացիներն էլ պարտավորվում են  օգնել այն ընտանիքներին, որտեղ տղամարդ չկա եւ կարիք կա  հողամասերը մշակելու։ Բացի սրանից, Կաղնուտի, Ներքին Հանդի ու Շիկահողի բնակիչներին գաճաճ ընկուզենու 1000, արքայանարնջի 600, խնձորենու 500 տնկի է տրամադրվել։

Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում մեկնարկած ծրագրերի աշխատանքները համակարգող, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը նշում է՝  ուսումնասիրվել են տարբեր գյուղերի առանձնահատկությունները, գյուղացիների կարիքները ու դրանց հիմքով տարբեր բնակավայրերում տարբեր նախաձեռնություններ կլինեն։

«Իրականում սա օգնություն չէ, սա զարգացմանն ուղղված  ծրագիր է։ Մենք օգնություն չենք բաժանում, ուղղակի զարգացման ենք տանում փոքր գյուղերը եւ ուզում ենք ամբողջովին մեխանիզացվի գյուղատնտեսությունը»,-ասում է վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։

Սեյրան Հայրապետյանը երեք տարի առաջ է իր միջոցներով ձեռք բերել նման տեխնիկա եւ մշակում է թե Կաղնուտի, թե հարեւան գյուղերի բնակիչների տնամերձերը։ Կառավարության աջակցության ծրագրով նրան մոտոբլոկ չտրվեց։ Պատաճառաբանեցին՝ կինն է գյուղում հաշվառված, իսկ կանանց չի տրվում։ Մեր զրուցակցի խոսքով՝ երկու ամսից կթոշակավորվի եւ կտեղափոխվի գյուղ։ Կառավարության ներկայացուցիչները խոստացան՝ այդ ժամանակ  Սեյրան Հայրապետյանին էլ կտան մոտոբլոկ։ «Ռադիոլուրի» դիտարկմանը, թե գյուղացիներին մոտոբլոկ հատկացնելով իր գործը կպակասի՝ Սեյրան Հայրապետյանն ասաց․

«Արդեն գործիս «խփել են», բայց ասեմ՝ փողով չէի անում, բոլորը կարող են ասել դա։ Ուղղակի ես ունեի, օգնում էի իմ հարեւաններին, գյուղացիններին»։

Ներքին Հանդը սահմանամերձ ամենամոտիկ համայնքն է հարեւան պետությանը։ Ամեն օր շփվում են  հակառակորդի հետ։ Ներքին հանդեցի Նորայր Դանիելյանի խոսքով՝ անկախ ամեն ինչից չեն լքելու գյուղը։

«Ամենամոտիկ համայնքն ենք՝  մոտ 300 մետր։ Ամեն օր տեսնում ենք հակառակորդին։ Պտղատու ծառերի կարիք ունեինք, բերել են՝ պոպոկ, արաքայանարինջ։ Կարծում եմ՝ իրավիճակը կլավանա, իսկ մենք գյուղը չենք լքելու, ուրիշ մնալու տեղ չունենք այստեղից բացի»,-շեշտում է։

Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերի  ընդհանուր բյուջե նախատեսված չէ։ Ըստ առաջնահերթությունների են շարժվում, եւ այս պահի դրությամբ մի քանի գյուղում ծրագրեր իրականացնելու համար  արդեն  ծախսվել է 500 մլն դրամ։  Նաեւ կարի արտադրամասեր են հիմնելու, Դավիթ Բեկ եւ Եղվարդ սահմանամերձ գյուղերում զարգացման կենտրոններ են բացվելու։ Տեխնիկայի հատկացմամբ չեն սահմանափակվելու։ Ծրագրերը շարունակական են լինելու։ Արդեն եկող շաբաթ նոր ծրագրերի մեկնարկը կտրվի։

«Բնականաբար, աշխատում ենք էկոնոմիկայի նախարարության հետ։ Բայց ամենակարեւորն այն է, որ էսպիսի գյուղերում փոխենք իրենց միտքը, եւ ոչ միայն իրենք իրենց, այլ շատերին ապացուցեն, որ Սյունիքի գյուղերը կարող են իրենց խոսքը ասել»,-շեշտում է ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։

Իսկ արդեն մարզպետարանում խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Սյունիքի սոցիալ-տնտեսական վիճակի մասին։ «Շատ կարեւոր է, որ Սյունիքի սոցիալ-տնտեսական հարցերը գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: Գիտեք, որ Սյունիքի հարցերով աշխատանքային խումբ է ստեղծվել, արդեն առաջին ծրագրերն են իրականացվում: Բնակարաններ են կառուցվում Շուռնուխ համայնքում: Անկախությունից ի վեր Շուռնուխում տուն չի կառուցվել: Սա շատ տխուր փաստ է:

Այս համատեքստում  չափազանց կարեւոր է անդրադարձ կատարել, թե, մասնավորապես, հանքարդյունաբերության ոլորտում ինչ բարեփոխումներ ունենք իրականացնելու, որպեսզի հասարակությունը համոզված լինի, որ ազգային հարստությունից պատշաճ չափաբաժին է ստանում, ոչ թե դա գտնվում է անձանց վերահսկողության տիրութում»,-ընդգծել է Փաշինյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button